Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

70 նկար՝ Հրանտի 70-ամյակին

Օգոստոս 24,2005 00:00

Գեղանկարիչ
Խաչիկ Ղարաբեկյանը՝ մեծ արձակագրի մասին Սեպտեմբերի 2-ին Վանաձորի պետական
պատկերասրահում կբացվի Խաչիկ Ղարաբեկյանի,Հրանտ Թադեւոսյանի եւ Նիկոլ Աղաբաբյանի
համատեղ ցուցահանդեսը, որը նվիրված է Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին: Կներկայացվի
նկարիչների շուրջ 70 աշխատանք: Ի դեպ, բոլոր հեղինակների նկարները, որ արվել
են Ահնիձորում, Խ. Ղարաբեկյանի հավաստմամբ, մաթեւոսյանական շունչ ունեն: «Քանի
որ իմ արվեստանոցը գտնվում Է Հրանտի ահնիձորյան տան հարեւանությամբ, ստեղծագործություններիս
հիմնական մասը կապված է նրա աշխարհի հետ»,- ավելացրեց նկարիչը: Նա ոչ միայն ապրել
է գրողի տան հարեւանությամբ, այլեւ Մաթեւոսյանին մոտիկից է ճանաչել: Խ. Ղարաբեկյանն
ափսոսում է, որ չի հասցրել մեծ արձակագրի դիմանկարը նկարել, բացի այդ «Գոնե ինձ համար
Հրանտի մահն անսպասելի էր»: Խնդրեցինք բնութագրել Մաթեւոսյանին՝ մտերիմ մարդու տեսանկյունից:
«Իմ սեղանին մշտապես 3 գիրք է դրված՝ Աստվածաշունչը, Մարկեսի «100 տարվա մենությունը»
եւ Հրանտ Մաթեւոսյան: Դրանք այն գրքերն են, որոնք միշտ կարելի է կարդալ՝ որտեղից
ցանկանում ես, քանի որ ամեն մի տողը խորը փիլիսոփայություն ունի»,- ասաց նկարիչը:
Խ. Ղարաբեկյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության հետ համատեղ
պատրաստվում է մի ցուցահանդես էլ կազմակերպել Ահնիձորում՝ դարձյալ Հրանտին նվիրված:
Մանավանդ կտավին է հանձնել նրա հետ կապված ամենքին եւ ամեն ինչ՝ Հրանտի պապենական
տունը, այգին, հորեղբոր տունը, նրա սիրած տանձուտը, գրողի հարեւանների տները, հինավուրց
տանձենին, որի մեջ Հրանտի կերպարն է տեսնում եւ այլն: Ի դեպ, Խ. Ղարաբեկյանը մեկ-մեկ
քանդակներ էլ է անում, դրանցից մեկը Վանաձորում 2003-ին կայացած քանդակի սիմպոզիումի
ժամանակ ճանաչվել է լավագույնը: Այն մի կոմպոզիցիա է՝ արված 13-րդ դարի խաչքարի կտորի
վրա, որը բերվել է Դսեղի սբ. Գրիգոր եկեղեցուց ու 40 տարի պահվել է նկարչի արվեստանոցում:
Խաչիկ Ղարաբեկյանի նկարներում հիմնականում գերակշռում է ծառերի թեման, որին
նախատեսել է առաջիկայում նորից անդրադառնալ: «Ինձ մոտ արեւը սպիտակ է, ծառերը՝ բողոքական:
Մարդ իր դժգոհությունը այդպես՝ սիմվոլներով է արտահայտում: Ծառերը շատ գեղեցիկ են
ձմռանը, երբ մերկ են ու տերեւաթափ, դժգոհ, այդպես նրանք քանդակներ են հիշեցնում:
Մինչ Անկախությունը գույներս ավելի դաժան էին, հիմա դրանք պայծառացել են, որովհետեւ
որքան կյանքը դժվարանում է, այնքան իմ գույները պայծառանում են: Եթե նախկինում գերակշռում
էին սեւն ու դարչնագույնը, հիմա ավելի շատ դեղինը, վառ կապույտը եւ այլն»,- պարզաբանեց
նկարիչը: Ինքնանկարներն էլ հատուկ նպատակով է ստեղծել. «Ինքնադիմանկարներիս միջոցով
իմ ուզած հոգեբանական կերպարներն եմ կերտել»: Խ. Ղարաբեկյանը երկար տարիներ
եղել է Վանաձորի թատրոնի գլխավոր նկարիչը, մոտ 100 ներկայացումներ է ձեւավորել ինչպես
տեղի, այնպես էլ Արտաշատի, Թբիլիսիի ու Ղարաբաղի թատրոններում: Նա բազմաթիվ խմբակային
եւ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել