Կարծում
է ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, որը Երեւանում սեպտեմբերի 12-17-ը երրորդ անգամ անցկացվող
«Արմմոնո»՝ այս տարի արդեն Մոնոներկայացումների շեքսպիրյան միջազգային փառատոնի գեղարվեստական
ղեկավարն է: Զրույցի սկզբում պրն Ղազանչյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին
կմասնակցի 8 երկիր, իսկ անցած տարվա 29 ներկայացումների թիվը նվազել է 15-ի. «Քանակը
պակասել է որակի հաշվին։ Սա բնական է, քանի որ շեքսպիրյան թեմային ի զորու չէ անդրադառնալ
յուրաքանչյուր դերասան։ Ավելի ճիշտ, կարող է, բայց դա չի համապատասխանի դերասանական
վարպետություն ակնկալող նորմերին»։ Ռեժիսորը սոլիդ կազմ որակելով փառատոնում ընդգրկված
դերասաններին, բարձրաձայնեց նրանցից մի քանիսի անունները՝ Գուժ Մանուկյան, Կարեն
Ջանիբեկյան, Արմեն Սանթրոսյան, Հովհաննես Բաբախանյան, Գարեթ Արմսթրոնգ (Անգլիա),
Քշիշտոֆ Գորդոն (Լեհաստան), Կոնստանտին Ժելդին (Ռուսաստան), Էզաթոլլահ Մեհրավարա
(Իրան) եւ այլք։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սպասելիքներ կան շեքսպիրյան առաջին
փառատոնից։ «Մեծ հույսեր ենք կապում, քանի որ սա կարող է որոշակի քայլ լինել Հայաստանում
շեքսպիրյան ավանդույթների վերականգնմանը, ինչը հայ թատրոնն ունեցել է 20-րդ դարում»,-
նշեց Հ. Ղազանչյանը: Շարունակելով խոսքը՝ նա հիշեցրեց, որ մեծն Շեքսպիրը մոնոպիեսներ
չի գրել, սակայն Երեւանում ներկայացվելիք պիեսները յուրօրինակ գրական ստեղծագործություններ
են, բնականաբար, հիմնված Շեքսպիրի դրամատուրգիայի վրա: Ըստ նրա՝ «Այս փառատոնը կարող
է լուրջ խթան հանդիսանալ հայ մոնոդրամայի զարգացման համար»։ Հարցին՝ այսօրվա
հանդիսատեսը պատրա՞ստ է այս քանակի Շեքսպիր «մարսելու»։ Ռեժիսորը պատասխանեց. «Փառատոնը
կներգրավի պրոֆեսիոնալ հանդիսատեսի՝ թատերարվեստի մասնագետներին, թատրոնի եւ կինոյի
պետական համալսարանի ուսանողներին կամ, այլ կերպ ասած՝ հանդիսատեսի կարգավիճակում
կլինեն թատրոնի մարդիկ»։ Զրույցի ընթացքում պրն Ղազանչյանը շեշտելով, որ թեեւ
թատրոնն այսօր ցպահանջ չէ, այդուհանդերձ նկատեց մեր օրերին հարիր հայտնի մի իրողություն.
«Այսպես կոչված՝ մշակութային ազատությունը «մեյդան» է գցել խեղկատակների։ Թուրքամետ,
արաբամետ, անարվեստ ու անհրապույր «աստղերի», որոնց յուրաքանչյուրի ետեւում հզոր
փողատեր է կանգնած»։ Մեր մտահոգությանը, թե ռեժիսորը ե՞րբ է տեսնում ստեղծված այս
քաոսային իրավիճակի վերջը, նա առանց մանրամասնելու ասաց. «Համենայնդեպս, մոտ ապագայում
չեմ տեսնում»։ Ռեժիսորի խոսքերով՝ իրենց բախտը բերել է (նկատի ունի Պատանի
հանդիսատեսի թատրոնը). «Պաշտոնական շրջանակներում կան մարդիկ, ովքեր որոշակի օգնություն
են ցուցաբերում մեր թատրոնին»։ Հարցապնդմանը, թե կոնկրետ այդ շրջանակներից ովքե՞ր
են շեքսպիրյան փառատոնին աջակցել, Հ. Ղազանչյանը առաջինը նշեց Հայաստանի վարչապետին,
որն, ի դեպ, ոչ միայն օգնել է փառատոնի կազմակերպմանը, այլ «Պարոն Մարգարյանը օգնեց
մեզ դուրս գալու ոչ թատրոնի պատճառով առաջացած պարտքերից, այլեւ ֆինանսական ներդրումներ
արեց, որ առաջիկա տարիներին չունենանք նման խնդիրներ»։ Փառատոնին լուրջ հովանավորություն
է ցուցաբերել քաղաքապետը, աջակցել է նաեւ մշակույթի նախարարությունը։ Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ