Հուլիսին
Դուբայում ձերբակալվել են Հայաստանում հետախուզման մեջ գտնվող էջմիածինցի կավատ Սուսաննա
Սուքիասյանը (մականունը«Գռփոյի Սուսո») եւ նրա մոտ աշխատող 10 կանայք: Դուբայի
ոստիկանության մեր աղբյուրները, հաստատելով այդ փաստը, միաժամանակ հայտնեցին, որ
հայտնի կավատին ձերբակալել են ոչ թե սեքս-բիզնեսում ծավալած գործունեության համար,
այլ բոլորովին այլ գործով: Ինչպես նշել ենք մեր նախորդ հոդվածներում, Դուբայում աշխատող
յուրաքանչյուր հայ կավատ իր կողքին պահում է մի տղամարդ, որը ե՛ւ սիրեկան է, ե՛ւ
անվտանգության երաշխավոր: «Գռփոյի Սուսոյի» համար այդ դերում Ս.-ն էր: Եվ ահա, երբ
Ս.-ն այցելել է Դուբայի բանտերից մեկը, որտեղ գտնվում էր Սուսոյի մոտ աշխատող կանանցից
Ն.-ն, ոստիկանությունը նրան ձերբակալել է կեղծ փաստաթղթերի համար: էմիրությունների
բանտերում գտնվողների մոտ այցելողներին նկարահանում են, այնուհետեւ ստուգում՝ արդյոք
տվյալ անձը կա՞ հանցագործությունների մեջ կասկածվողների տվյալների բազայում: Ոստիկանությունը
պարզել է, որ Ս.-ն օրեր առաջ ոսկու երկու խանութներից գողություն կատարած անձն է:
Խանութում էլ նրան նկարահանել էին: Ոստիկանությունը ազատ է արձակել բանտարկված աղջկան
եւ, հետեւելով նրան, հասել «Գռփոյի Սուսոյի» վարձակալած բնակարանը, որտեղ էլ ձերբակալել
են հայ մարմնավաճառներին, «Գռփոյի Սուսոյին» եւ նրա սիրեկանին: Ոստիկանությունը
բնակարանից առգրավել է գողացված ոսկեղենը: էմիրությունների օրենսդրությունը խիստ
պատիժ է նախատեսում նման հանցագործությունների համար: Սակայն Սուսաննա Սուքիասյանն
ամեն ինչ անում է, որպեսզի իրեն արտաքսեն Էմիրություններից: Դա նրան կարծես թե հաջողվում
է: Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս Ս. Սուքիասյանն իր հսկողությամբ աշխատող
կանանց հետ կարտաքսվի Հայաստան: Հայաստանում նրան կձերբակալեն, կդատապարտեն
մեկ ու կես տարվա ազատազրկման, վեց ամիս պատիժը կրելուց հետո վաղակետ ազատ կարձակվի
ու նոր անձնագրով կշարունակի իր գործունեությունը: Հենց նման սցենար է գործել բազմաթիվ
կավատների համար: Այսպես՝ հուլիսին պայմանական ազատազրկման դատապարտված Լուսինե Հակոբյանը
(մականունը՝ «Այիշա»), որի համար թե՛ մեղադրող կողմ հանդիսացող դատախազությունը,
թե՛ դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք բերել են Այիշայի անչափահաս երեխա ունենալը
եւ մոր հիվանդությունը (վերջինը հաստատող փաստաթուղթ այդպես էլ գործի մեջ չհայտնվեց),
դատական նիստի ավարտից քսան օր անց մեկնեց Դուբայ եւ այսօր շարունակում է իր գործունեությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, 2005թ.
ընթացքում Արաբական Միացյալ էմիրւթյուններից Հայաստան են արտաքսվել հինգ կանայք եւ
մեկ տղամարդ, եւս երկուսի փաստաթղթերը պատրաստ են արտաքսման համար: Կանայք բոլորն
էլ աշխատում էին էջմիածինցի կավատ Անահիտ Մալխասյանի (մականունը՝ «Դըբռ Անո») մոտ:
«Դըբռ Անոն» նույնպես հետախուզման մեջ է, չնայած մեր դատախազությանը հայտնի է նրա
գտնվելու վայրը. Դուբայում նրան երկու անգամ հարցաքննել են: «Դըբռ Անոյի» չորս կանանց
արտաքսելուց հետո, օգոստոսին նրա մոտ միանգամից հայտնվեցին հինգ աղջիկներ: Կավատի
մոտ աշխատող կանանցից մեկը հայտնեց, որ նոր եկածներից մեկն անչափահաս է եւ, ըստ նրա,
բոլորն էլ եկել են Երեւանից: Իսկ սա նշանակում է, որ կամ նրանց անձնագրերը կեղծել
են Հայաստանում, կամ տուրիստական գործակալություններն են իրենց վրա վերցրել բոլոր
«բարդությունները»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ «Դըբռ Անոն» սեփական հսկա առանձնատուն
է կառուցում էջմիածնում: Արտաքսված տղամարդը, որի անունը Ալիկ է, այժմ ՀՀ
ոստիկանությունում է, նա նույնպես մեծ դերակատարում ունի Դուբայի հայ կանանց սեքս-բիզնեսում:
Սակայն սա առանձին պատմություն է: Արաբական Միացյալ էմիրությունները նույնպես
հայտնվել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում՝ որպես վերջնակետ
երկիր: Ըստ երեւույթին, այնտեղ էլ պետք է կատարեն ինչ-որ գործողություններ՝ ցույց
տալու, որ այդ երեւույթի դեմ «անողոք պայքար» է ծավալվել, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում:
Էդիկ Բաղդասարյան www.hetq.am