Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուժածներին նույնիսկ չեն այցելել

Օգոստոս 24,2005 00:00

Օգոստոսի
21-ին, ժամը 16-ի սահմաններում հանրապետության մի շարք բնակավայրերում ձվաչափ կարկուտն
ուղեկցվում էր ուժեղ փոթորկի հետ ու իր ետեւից մեծ ավերածություններ թողեց։ Շիրակի
մարզի Մեծ Մանթաշ գյուղում ցորենի ու գարու բերքահավաքին մնացել էր հաշված ժամեր։
Լեռնային այս գյուղում բերքն առատ է լինում, բայց օգոստոսի 21-ին տեղացած կարկուտը
ամբողջովին ոչնչացրել է բերքը։ Քսան րոպե գյուղը, սեւ ամպերի մեջ կորած՝ կարկտահարվում
էր։ 500 հա ցորենի ու գարու ցանքատարածություններ, ավելի քան 80 հա կարտոֆիլի, 20
հա գազարի, 5 հա բազուկի բոստաններ 90-100%-ով ոչնչացված են։ Հնձած խոտը փոթորիկը
քշել է դեպի Արագածի անդունդները։ Քամու ուժը այստեղ ժլատ բնությանը հանդուրժած մի
քանի ծառը արմատախիլ է արել։ Քամին վնասել է մոտ 300 տան տանիքներ, իսկ առանձին դեպքերում
ամբողջովին քշել-տարել է դրանք, կոտրվել են նաեւ տների պատուհանները։ Մենք ականատես
եղանք Ռաֆիկ Պառավյանի, Գոռ Սեւոյանի, Հենրիկ Նարիմանյանի ընտանիքների ողբերգությանը,
որոնց տները աննկարագրելիորեն էին վնասվել։ Զգալի վնասներ է կրել գյուղի 1000 աշակերտի
համար նախատեսված դպրոցը, յոթ մասնաշենքային տիպային կառույցի վնասները ճշգրտվում
են։ Մեծ Մանթաշ գյուղում հիմնականում զբաղվում են երկրագործությամբ, իսկ գյուղացիների
մշակած բանջարաբոստանային կուլտուրաները այլեւս հնարավոր չէ վերականգնել։ Մեծ
Մանթաշի գյուղապետ Գրիգոր Սարգսյանը տեղեկացրեց, որ աղետի մասին ահազանգել է մարզային
կառույցներին, առայժմ արձագանքել են արտակարգ իրավիճակների մարզային ծառայությունից։
Կատարված նախնական ամենահամեստ հաշվարկներով՝ գյուղը կրել է 350 մլն դրամի վնաս։
Էլեկտրաէներգիայի խափանման պատճառով գյուղի խանութներում փչանում է սննդամթերքը,
չի գործում հեռախոսակապը։ Քամին շուռ է տվել շիրիմների քարերը, դաշտերում աշխատող
մարդիկ կարկտահարության լուրջ վնասվածքներով դիմել են բժշկական օգնության։ Սեպտեմբերի
կեսերից ձմեռը թակում է մանթաշցիների դռները, իսկ պաղ վառարանով, դատարկ ստամոքսով
վեց ամիս ձմեռել՝ հնարավոր չէ։ Մարդիկ լացում են. ոչ ոք չի առանձնացվել՝ հարուստ
ու աղքատ, ուսուցիչ ու հովիվ տուժել են արհավիրքից։ Սակայն, երբ գյուղապետարանում
պատճառված վնասը հնարավորին չափ նվազեցվում էր, ես զարմացա։ Հետո հասկացա, որ դա
կառավարությանը սրտի տագնապ չպատճառելու համար է։ Սակայն անգամ վերեւներից չեկան
ու գյուղացիներին փոխհատուցման խոստումներ չտվեցին։ Գյուղատնտեսության ոլորտում
չի գործում ոչ մի ապահովագրության միջոց։ Խեղճ գյուղացին պարտք վերցրած սերմացուի
գումարը ինչպե՞ս պետք է փակի, երբ գործ ունի մասնավոր բանկի հետ։ Ի՞նչ անեն, ո՞ւմ
գնան գանգատ։ Գյուղի ծերերից մեկն ասաց. «89 տարեկան մարդ եմ, դեռ այսպիսի փոթորիկ
ու կարկուտ չեմ տեսել, համ էլ՝ առաջ կարկուտ չէր գալիս»։ Անցած տարիներին մանթաշցիները
պայքարել են կրծողների դեմ եւ ամբարել էին միայն սերմացու։ Վերջին կարկտից հետո գյուղացին
հասկացավ, որ այս պետությունը արհամարհում է իրեն։ Եթե անտարբերությունը շարունակվի,
ապա գյուղացին էլ սերմը ի պահ չի տա հողին։ Նույն աղետալի վիճակն է նաեւ մարզի
Փոքր Մանթաշ, Արեւշատ, Հոռոմ, ինչպես նաեւ մարզին սահմանակից Արագածոտնի Նորաշեն,
Գեղադիր, Հնաբերդ, Բերքառատ համայնքներում։ Ի դեպ, Շիրակի մարզպետը չի ժամանել աղետի
տարածք։ ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել