Քանդվում
է Երեւանի լավագույն բակերից մեկը Թումանյան 19, 21 շենքերի եւ Ստանիսլավսկու
անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեջտեղում՝ բակում, որը նաեւ երեխաների խաղահրապարակն
էր, այժմ կառուցվում է Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղը:
Արդեն տարածքը պարսպապատել են, շինանյութեր՝ հող, քար ու ավազ լցրել՝ աշխատանքները
սկսելու համար: Մինչ այդ, երբ դեռ խոսակցություններ էին պտտվում, որ շենքի բակում
նոր շինարարություն է սկսվելու, նշված շենքերի շուրջ 150 բնակիչներ բողոքով դիմել
են քաղաքապետարան: Աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության
պետը նրանց հանգստացրել է. «Այդ շենքերի եւ թատրոնի բակում ներկայումս շինարարական
աշխատանքներ չեն կատարվում, եւ վարչության կողմից տվյալ տարածքի նկատմամբ սահմանված
է համապատասխան հսկողություն»: Սակայն ընդամենը 3-4 օր անց համալսարանի մասնաշենքը
կառուցող շինարարները Երեւանի քաղաքապետի 2004 թ. որոշումը ձեռքներին եկել են, միանգամից
տարածքը 300 քմ մակերեսով պարսպապատել ու անցել գործի: Ի դեպ, ինչպես բնակիչներն
են հավաստիացնում, պարսպապատված տարածքում եղել են նաեւ 40 տարեկան խաղողի տունկեր,
դրանք շինարարությունը սկսելու հենց առաջին օրը հրդեհել են ու արմատախիլ արել: «Մենք
բարձրացրել էինք նաեւ կանաչ տարածքների խնդիրը, այնպես որ, նրանք միանգամից դա հրդեհել
են, որ այդ մասին քաղաքապետարանում խոսք անգամ չլինի, մինչդեռ մենք, կարծես կանխազգալով,
հրդեհելուց առաջ այն կանաչ վիճակում լուսանկարել ենք»,- պատմում են բնակիչները: Նրանք
նաեւ հիշեցին, որ ընդամենը 4 տարի առաջ իրենց բակն աչքի էր ընկնում կանաչապատ տարածքներով,
իսկ հիմա կես մետր բակ չունեն, որ երեխաները խաղան: Մինչ համալսարանի շենքի կառուցումը,
շենքի խաղահրապարակում տեղադրված էր բարձր լարում ունեցող ենթակայան: Տարածքը պարսպապատելուց
հետո այն ոչ թե հեռացրել են, այլ՝ տեղափոխել մի քանի մետր հեռու՝ տեղ չթողնելով մեքենաների
անցուդարձի համար: Այնինչ, ենթակայանը մի քանի շենքերի բակում, մուտքից ընդամենը
5-10 մետր հեռավորության վրա տեղադրելը անվտանգության կանոնների կոպիտ խախտում է:
«Աբովյան փողոցում անընդհատ խցանումներ են լինում, ուստի մեքենաները բակերի միջով
են մեծ ճանապարհ դուրս գալիս: Հիմա, երբ մի կերպ արանքներով խցկվելով գալիս են, էլ
անցորդների համար մի թիզ տեղ չի մնում»,-բողոքեցին բնակիչները: Ինչ վերաբերում
է ռուսական թատրոնին, բնակիչների պատմելով, ժամանակին տնօրենը մեծ աղմուկ էր բարձրացրել,
քանի որ համալսարանի մասնաշենքը պարսպապատելու դեպքում մեծ խոչընդոտ է լինելու փոքր
դահլիճի մուտքի համար. «Ճիշտ է, հանդիսատեսը կարող է մտնել, բայց, Աստված չանի, հրդեհ
կամ նման մի բան պատահելու դեպքում հրշեջ մեքենայի կամ որեւէ բեռնատարի համար տեղ
չի լինի»: Ամեն դեպքում, սկզբնական շրջանում վճռական տրամադրված թատրոնի տնօրենը
մի քանի անգամ այդ հարցով քաղաքապետարան գնալուց հետո էլ չի բողոքել: Նկատենք, որ
բնակիչների դիմումների առնչությամբ քաղաքապետարանի տարբեր վարչությունների պատասխաններում
շեշտված է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին. կարելի է կարծել, որ
Սանկտ Պետերբուրգի համալսարանը կառուցվում է այդ ծրագրի շրջանակներում: Ըստ բնակիչների՝
դա բոլորովին էլ պատահական չէ, քանի որ «Հյուսիսային պողոտա» ասելով ուզում են այս
գործի վրա նախագահի «աչքը փակել»՝ պողոտան նրա հաստատած ծրագիրն է: Այնուամենայնիվ,
տեսնելով, որ նախագահին ուղղված իրենց նամակները տեղ չեն հասնում կամ անպատասխան
են մնում, բնակիչները երեկ շտապ հեռագիր են ուղարկել նրան: Այդ հեռագրում նրանք հիշեցրել
են նախագահին իր վերջին հեռուստաելույթներից մեկը՝ նորակառույց շենքերի անթույլատրելի
մոտիկության մասին ու խնդրել միջամտել քաղաքապետարանի ապօրինի որոշմանը: Բնակիչները
«Առավոտին» նաեւ բողոքեցին, որ «հերիք չի բակում շնչելու տեղ չկա, եղած մի քանի մետրի
վրա էլ համալսարանի շինարարները տոննաներով ավազ ու քար են լցրել՝ չօգտագործելով
իրենց տարածքը»: Մեր այցելության ժամանակ բացի նշված շինանյութերից, տոննաներով
աղբ կար՝ ձմերուկի կեղեւների գերակշռությամբ: Բայց բնակիչները արդարացան՝ «դա մենք
չենք լցրել, մոտակայքում «Շաուրմայի» կետ կա, կա՛մ նրանք են, կա՛մ՝ ծաղկավաճառները»:
Խնդրի չլուծման դեպքում նրանք որոշել են չմասնակցել ՏԻՄ ընտրություններին,
սահմանադրության հանրաքվեին, իսկ երեխաներն էլ սեպտեմբերի 1-ից դասադուլ են հայտարարելու:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ