Երեկ Մելիք Ադամյան 2 հասցեում՝ նախկին Գերագույն խորհրդի շենքի բակում, տեղի ունեցավ 40 րոպեանոց միջոցառում, որը նվիրված էր ՀՀ անկախությանը:
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը Անկախության հռչակագրով հռչակեց Հայաստանի անկախ հանրապետությունը: Երեկ կազմակերպված միջոցառմանը ներկա էր հազիվ 100 մարդ՝ նախկին ԳԽ պատգամավորներ, ներկայիս իշխանությունների Հանրապետական թեւը՝ ի դեմս ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, Հանրապետական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի եւ կուսակցության երրորդ-չորրորդ դեմքերի: Ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանն ու Հրանուշ Հակոբյանը: Նախկիններից ներկա էր միայն Արամ Մանուկյանը, որին 15 տարի առաջ վերապահվեց Հռչակագիրն ընթերցելու պատիվը: Շենքի պատին փակցված հուշատախտակի մոտ ՀՀ կառավարության եւ Հանրապետական կուսակցության անունից պսակներ էին դրված:
«Առավոտի» հարցին՝ «Ամոթ չէ՞, արդյոք, որ այս օրը մեզանում պետականորեն չի նշվում», Տիգրան Թորոսյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ամոթ է, որովհետեւ չեմ գտնում, որ անկախության հետ կապված պետք է բազմաթիվ տոներ ունենանք: Այլ խնդիր է, որ կան օրեր, որոնք մարդկանց համար իսկապես տոն են: Կարեւորը, որ մարդիկ այդ օրը զգան եւ որպես տոնի վերաբերվեն»: Պատասխանելով նույն հարցին՝ Գալուստ Սահակյանը եւս կարեւորեց «հասարակական ընկալումը»: Քանի որ՝ «Սա (Անկախության հռչակագիրը- Ն. Գ.) միակ փաստաթուղթն է, որն ընդունվել է ազգովի, եւ մինչեւ այսօր դեպքեր չեն եղել, որ որեւէ քաղաքական թիմի կողմից չընդունվի: Իհարկե, կարելի է պետականորեն նշել, նույնիսկ առաջարկներ են եղել, որ իբրեւ ինքնորոշման օր նշվի, բայց բացառիկությունն այն է, որ միանշանակ ընդունվել է հասարակության կողմից: Ուրեմն այն քննադատության չի ենթարկվելու նաեւ պատմության կողմից»: Ելույթ ունեցողները շնորհավորանքներ շռայլեցին, գեղեցիկ մակդիրներով խոսեցին անկախության մասին, Հրանուշ Հակոբյանը հուշերի գիրկն ընկավ եւ վերարտադրեց 15 տարի առաջ ունեցած իր զգացողություններն ու ապրումները: Իսկ Տիգրան Թորոսյանը նույնիսկ նկատեց, որ «ժամանակ առ ժամանակ միգուցե Հռչակագրի նշանակությունը չի ընկալվում», բայց՝ «չափազանց կարեւոր է միշտ հիշել, որ Հռչակագիրը ոչ թե մի գեղեցիկ փաստաթուղթ է, որը պիտի նշեր արված առաջին քայլը, այլ դա այն փաստաթուղթն է, որը ներառում է բոլոր երազանքներն ու նպատակները: Երբեք չպիտի մոռանանք, որ այդ փաստաթղթում ամրագրված շատ անելիքներ ունենք»:
Փորձեցինք ճշտել, թե կուսակցություններն ի՞նչ կերպ նշանավորեցին երեկվա օրը: Դաշնակցության եւ ՕԵԿ-ի պատասխանատուների հետ չհաջողվեց կապվել, իսկ գրասենյակային աշխատողներն իրավասու չէին պատասխանել մեր հարցերին: Նախկիններն այդ օրը նշեցին իրենք իրենցով՝ նեղ միջավայրում: ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանն ի պատասխան ասաց. «Կուսակցությունն ակտիվացնելու է պայքարը հանուն անկախության ու ազատության՝ ոչ թե ճառերով, այլ կոնկրետ գործով: Խոսքը ՏԻՄ ընտրություններին մասնակցության որոշման մասին է: Մենք անում ենք եւս մեկ քայլ դեպի իրական անկախություն»: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը պատասխանեց կոմունիստաբար. «Մեզ չի էլ հետաքրքրում այդ օրը, որովհետեւ ժողովրդի դժբախտությունների հիմնական պատճառները գալիս են դրանից: Նրա գաղափարախոսները երկիրը ծառայեցրին իրենց նպատակներին: Ի՞նչ անկախություն… չկա մի երկիր, որից Հայաստանը կախված չլինի: Եվրոխաղերի մասին էլ չեմ ասում»:
Իսկ հասարակությունն այդպես էլ անտարբեր ու անհաղորդ մնաց օրվան: Պատահական 10 անցորդներից միայն մեկն էր հիշում 15 տարի առաջ տեղի ունեցած այդ կարեւորագույն իրադարձությունը:
Ն. Գ.