Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ Է»

Օգոստոս 24,2005 00:00

Ասում
է Արաբկիրում թաղապետի թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեցող Դավիթ
Գյուլումյանը Մենք մտադիր էինք Արաբկիր համայնքում թաղապետի առաջիկա ընտրություններին
անդրադառնալ ավելի համակողմանի՝ ներկայացնելով հիմնական երկու թեկնածուներին էլ,
բայց առայժմ մեզ հետ զրուցելու պատրաստ էր միայն թաղապետի թեկնածուի հավակնորդ, ՄԱԿ-ի
քաղխորհրդի անդամ Դավիթ Գյուլումյանը: Իսկ Արաբկիրում «թաղային հեղինակություն» համարվող
Հովիկ Շահինյանին մենք դեռ կանդրադառնանք: «Առաջադրվելու մտադրությունս միանշանակ
է, մտածված ու գիտակցված»,- մեր զրույցի ժամանակ ասաց պարոն Գյուլումյանը: Վերջինս
իր մրցակցի մասին կարծիք հայտնելուց ձեռնպահ մնաց. «Ես ասելիք ունեմ Արաբկիր համայնքի
բնակիչներին, եւ ասելիքս մյուս որեւէ թեկնածուի չի վերաբերում: Ես ուզում եմ մարդիկ
լսեն իմ կարծիքը՝ համաձայնեն դրա հետ կամ չհամաձայնեն եւ ըստ այդմ՝ ընտրությունների
օրը քվեարկության գալիս եզրակացություններ անեն: Սա է իմ մոտեցումը: Ես մյուս թեկնածուների
հետ քննարկելու հարց չունեմ: Համայնքի ղեկավարին ընտրում են համայնքի չափահաս անդամները,
եւ իմ խոսակցությունը պետք է լինի նրանց հետ: Ուրիշ որեւէ մեկին ես ինչ-որ բան բացատրելու,
ապացուցելու խնդիր չեմ տեսնում»: Հայտնի է, սակայն, որ Հայաստանում վերջին
ավելի քան մեկ տասնամյակում որեւէ մակարդակներում ընտրությունների փորձը ցույց է
տալիս, որ դրանց արդյունքների տեսանկյունից որոշիչը ոչ այնքան ընտրողի նախասիրությունն
ու ազատ ընտրելու իրավունքն է եղել, որքան որեւէ թեկնածուի կողմից վարչական ռեսուրսների
գործադրումը, ուժային կառույցների ագրեսիվ միջամտությունը, ի վերջո նաեւ ընտրակաշառքն
ու վախի մթնոլորտի ազդեցությունը: Արաբկիր համայնքը եւս այս տեսանկյունից վերջին
մի քանի տարիների՝ ոչ 2002-ի թաղապետի, ոչ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ
բացառություն չի եղել: Արդյոք հիմա ՄԱԿ-ի ներկայացուցիչը պատրա՞ստ է անցնել
այդ ճանապարհը: «Թվարկված փորձություններով, բացի ընտրակաշառք ասվածից, պատրաստ
եմ անցնել: Ես նման խնդիր չունեմ: Չեմ բացառում, իհարկե, որ նման փորձեր կլինեն,
բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք: Մեր հիմնական նպատակը բոլոր դեպքերում ժողովրդի
հետ անմիջական շփման միջոցով մարդկանց բացատրելն է, որ մասնավորապես ՄԱԿ-ի խնդիրը
ոչ միայն թաղապետի ընտրություններին մասնակցելն է, այլ համայնքում արաբկիրցիների
շահերից բխող ծրագրեր իրականացնելը: Ստանալով համայնքի բնակչության վստահության քվեն՝
ես, որպես ՄԱԿ-ի անդամ եւ այդ կուսակցության կողմից աջակցություն վայելող մարդ, պարզապես
դատապարտված եմ արդարացնելու ինձ քվե տված մարդկանց հույսերը: Հակառակ դեպքում, 2007-ի
խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես հարվածի տակ եմ դնելու իմ կուսակցության
վարկանիշը: Այսինքն՝ ես լավ չաշխատելու այլընտրանք չունեմ: Իսկ եթե անհատների առումով
մարդկանց հիշողությունը վատ է, ապա կուսակցությունների արածն ու չարածը մարդիկ լավ
են հիշում: 2007-ին նրանք չեն մոռանա, որ ՄԱԿ-ը պաշտպանեց մի թեկնածուի, որը խոստումներ
տվեց ու չկատարեց, ինչպես դա անում էին «նախկինները»: Այս իմաստով մենք գիտենք՝ ուր
եւ ինչի համար ենք գնում: Եթե մարդիկ կգտնեն, որ իրենց ձեռնտու է ապրել, ինչպես ապրում
են մինչեւ հիմա՝ ուրեմն թող ընտրեն ըստ այդմ»: Մամուլում արդեն տեղեկություններ
են շրջանառվում Արաբկիրում կայանալիք ընտրությունների ժամանակ վարչական լծակների
գործադրման, ուժային կառույցների, «թաղային հեղինակությունների» հնարավոր միջամտության,
ընտրական հանձնաժողովներում «տեղեր» գնելու եւ այս կամ այն կուսակցության կողմից
աջակցություն ստանալու մասին: Իր հարցազրույցներից մեկում ձեր մրցակից Հ. Շահինյանը
կարծիք էր հայտնել, թե ժամանակը կգա եւ իրեն աջակցելու մասին պաշտոնապես կհայտարարեն
գործարարներ եւ քաղաքական ուժեր: «Ես էլ կարող եմ ասել, որ նրանք ինձ էլ են
պաշտպանում: Հարցը ասելու մեջ չէ: Իհարկե, ես այնքան միամիտ չեմ, որ բացառեմ որեւէ
թեկնածուի նկատմամբ որեւէ ուժի նախասիրությունը, բայց կրկնում եմ՝ մենք ունենք մեր
խնդիրն ու դրա լուծման մեր մեթոդները: Հնարավոր է, որ նկարագրված վիճակն այնքան էլ
չափազանցված չէ, բայց ընտրությունը, ի վերջո, արաբկիրցիներինն է, գնահատական տվողն
էլ է ընտրողը»,- նկատեց նա: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ
առաջիկայում որեւէ այլ կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն հայտարարի
իր թեկնածությունը պաշտպանելու մասին, պրն Գյուլումյանն ասաց. «Կուսակցությունները
հիմա արձակուրդային տրամադրությունների մեջ են: Բայց, կարծում եմ, քաղաքական ուժերը
չեն կարող իրենց թույլ տալ դուրս մնալ այս գործընթացներից, առավել եւս, որ խորհրդարանական
ուժերը ընտրական հանձնաժողովներում ներկայացված են եւ, ըստ էության, նաեւ պատասխանատվություն
են կրում այդ գործընթացի եւ ընտրական հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչների
համար: Կարծում եմ՝ նրանք դեռ դիրքորոշում կհայտնեն: Կուսակցություններն իրենք պետք
է իրենց ընտրությունն անեն՝ ամեն մեկը ինքն է իր համար ընկեր գտնում»: Ի դեպ,
երեկ եւ ՀՀԿ-ում, եւ ՀՅԴ-ում ասացին, թե իրենք առայժմ չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը
Արաբկիրում թաղապետի թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու իմաստով: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել