Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանական

Օգոստոս 23,2005 00:00

Փաստաբանական ինստիտուտը չի գործում Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի ընտրված նախագահ, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանի հետ: – Պարոն Ազարյան, ի՞նչ վիճակում է փաստաբանների պալատի շուրջ ստեղծված դատական վեճը։ – ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը դեռ չի քննել մեր կողմից ներկայացված Վճռաբեկ բողոքը: Ինչ վերաբերում է ՀՀ փաստաբանների պալատի հանձնաժողովներում ընտրված անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու հայցադիմումին, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Է, նիստի օրը դեռ չի վերանշանակվել: – Փաստորեն, ՀՀ փաստաբանների պալատը չի կազմավորվում եւ փաստաբանական ինստիտուտը չի՞ գործում ՀՀ-ում։ – Փաստաբանական ինստիտուտը գործում Է եւ, իմիջիայլոց՝ բավականին արդյունավետ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթներում ամրագրված Է, որ ՀՀ֊ում գործող փաստաբանական մյուս միությունների լիազորությունները պահպանվում են մինչեւ փաստաբանների պալատի կազմավորումը: ՀՀ փաստաբանների միությունն իմ ժամանակավոր միության նախագահի պաշտոնակատար եղած ընթացքում, ՀՀ փաստաբանության մասին ՀՀ օրենքի համաձայն, ստեղծել Է փաստաբանների միություն դիմած փաստաբանների արտոնագրի հավակնորդների փաստաթղթերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, հաստատել ենք հանձնաժողովի համապատասխան աշխատակարգը եւ հանձնաժողովի եզրակացության հիման վրա միության խորհուրդը, փաստաբանության մասին ՀՀ օրենքի 48 եւ 28 հհ-ի համաձայն, 34 հավակնորդների տրամադրել Է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: Գյումրի եւ Վանաձոր քաղաքների փաստաբանական գրասենյակներին, ինչպես նաեւ ՀՀ փաստաբանների միության հաշվապահությանը հատկացվել են համակարգիչներ «Իրտեկ» ծրագրով: Բարձրացվել Է միության աշխատակազմի աշխատավարձը։ Ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող կին-փաստաբաններն ազատվել են անդամավճարների մուծումից, նշվել Է Փաստաբանության կազմավորման 83-ամյակը: Անխափան իրականացվել է պետպաշտպանություն։ Իհարկե, եթե պալատը ձեւավորված լիներ, մենք բավականին լուրջ առաջընթաց արձանագրած կլինեինք, սակայն, ցավոք, եղավ այն, ինչ որ եղավ։ Կարծում եմ, բաց թողնվածը վերականգնելու համար երկար ժամանակ կպահանջվի։ – Դուք չե՞ք կարծում, որ Վճռաբեկ դատարանը նույն կերպ կվարվի, ինչպես առաջին ատյանը եւ վերաքննիչ դատարանը: Կմերժի ձեր բողոքը։ – Իհարկե, չեմ բացառում նման ելք։ Այդուհանդերձ, կաշկանդված չեմ դատական համակարգի կայացրած որոշումներով: Մենք ունենք մեր դիրքորոշումը վեճի շուրջ եւ մնում ենք նույն այն համոզմունքին, որ դատական համակարգը դեռ բավականին երկար ճանապարհ ունի անցնելու արդարադատություն իրականացնելու համար։ – ՀՀ փաստաբանները, իրողությունն այն է, որ բաժանվել են երկու թեւի։ – Անկախ բոլոր հանգամանքներից, փաստաբաններիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ։ Մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների ամենօրյա պաշտպանությունը, որի շուրջ, ուշ թե շուտ՝ նորից միավորվելու ենք։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել