Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ

Օգոստոս 23,2005 00:00

ՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Կեղծ փաստաթղթեր՝ գործի նյութերում Սույն թ. մարտի 9-ին, 16,5-ամյա Ալեքսանդր Բաբայանը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, ժամը 20-ի սահմաններում, հոր՝ «Հայփոստ» ՓԲԸ տրանսպորտի ծառայության պետ Սամվել Բաբայանի ծառայողական «Chevrolet Cavalier» մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Իսակով պողոտա ընթանալիս, խախտել է պահանջները՝ համընթաց ուղղությամբ ընթացող այլ տրանսպորտային միջոցի բացակայության պայմաններում ավտոմեքենան վարել է իր երթեւեկելի ուղեմասի ձախ եզրային գոտով եւ ճանապարհային տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն գերազանցող՝ 79 կմ/ժ ավելի արագությամբ, ստեղծել է վթարային իրավիճակ, որի հետեւանքով թիվ 104 շենքի դիմաց, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել՝ իր ընթացքի ուղղության նկատմամբ աջից դեպի ձախ կողմը փողոցը հատող հետիոտնին՝ Վազգեն Բունիաթյանին՝ զրկված լինելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից եւ անզգուշությամբ նրան պատճառել մահ: Այնուհետեւ Բաբայանը, դեպքից հետո թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, իր վարած ավտոմեքենայով հեռացել է: Այս տողերի տակ 23-ամյա որդուս սպանության մանրամասներն են, որից հետո սկսվել է արդարության սպանությունը։ Առաջին սպանություն: Նախաքննական նյութի համաձայն, Ալեքսանդր Բաբայանը դեպքից երկու օր անց ինքնակամ ներկայացել է միլիցիայի բաժանմունք, մինչդեռ, ըստ իմ ունեցած հավաստի տեղեկությունների, նրան բերման են ենթարկել։ Այդ մասին է վկայում նաեւ ՆԳՆ արձանագրությունը, որտեղ նշվում է. «ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում դեպքից երկու օր անց Ալեքսանդր Բաբայանը ներկայացել է…»։ Հարց է ծագում՝ մեր երկրում, որտեղ միջոցներն այդքան սուղ են, ինչու էին ձեռնարկվում օպերատիվ միջոցառումներ, եթե հանցագործն արդեն ինքնակամ ներկայացել էր։ Մութ է նաեւ հարցի մյուս կողմը. ինչու է հանցագործը ներկայացել դեպքից երկու օր անց… Արդյոք սա ալկոհոլի հետքերը կոծկելու փորձ չէ՞, եթե հաշվի առնենք, որ վրաերթի օրը ամբաստանյալը դուրս է եկել իր մոր ծննդյան առիթով կազմակերպված խնջույքից: Ո՛չ նախաքննության, ո՛չ դատարանի դահլիճում որեւէ մեկը չփորձեց պարզել՝ ի վերջո ներկայացե՞լ է հանցագործը, թե՞ բոլորիս հայտնի մեթոդներով «կազմվել» է կամավոր ներկայանալու մասին արձանագրություն։ Երկրորդ սպանություն: Նախաքննության ընթացքում գործին կցվեց ամբաստանյալի հիվանդության վերաբերյալ մի քանի փաստաթուղթ (տրված 23.05.2005 թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից), ըստ որի՝ Ա. Բաբայանը ստացիոնար բուժում է ստացել՝ նշված հիվանդանոցի ալերգոլոգիական բաժանմունքում՝ 2003 թ. նոյեմբերի 11-ից 27-ը, 2004 թ. փետրվարի 23-ից մարտի 10-ը եւ 2004 թ. դեկտեմբերի 6-ից 21-ը: Բուժման նշված առաջին երկու ժամանակահատվածները համընկնում են ամբաստանյալի՝ ՀՊՃՀ Հենակետային վարժարանում ուսման հետ: Պարզվեց, (իմ ներկայացրածի եւ ոչ թե քննիչի կողմից) որ այդ ժամանակահատվածներում ամբաստանյալը հաճախել է վարժարան, բացականեր չի ունեցել եւ, ավելին, այդ ընթացքում գրել է ստուգողականներ, փոխադրություններ եւ ստացել գնահատականներ: Այս տվյալները, դասամատյանի պատճենի հետ ստորագրված, հաստատված եւ կնքված է վարժարանի տնօրենի կողմից: Դատարանում իմ փաստաբանի տրված հարցին անչափահասը պատասխանեց, թե բուժման ընթացքում պառկել է հիվանդանոցում եւ բացառեց այդ ժամանակահատվածում հիվանդանոցից դուրս գտնվելու հավանականությունը։ Երրորդ սպանություն։ Համաձայն ՀՀ Քրօրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի եւ 315 հոդվածի 2-րդ մասի, կատարված ողբերգության համար պատասխանատվություն պիտի կրի նաեւ անչափահասի հայրը, ով իր ծառայողական մեքենան վստահել է վարորդական իրավունք չունեցող, եւ ինչպես դատարանի դահլիճում ինքը խոստովանեց՝ մեքենային լավ չտիրապետող անչափահաս որդուն: Քրօրի 315 հոդվածի համաձայն, եթե պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, ապա այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Մինչդեռ նախաքննությունը վարող քննիչը սեփական նախաձեռնությամբ հանցագործի հորը ընդամենը վարչական տույժի է ենթարկել։ Ըստ 8220«Հայփոստ»8221 ՓԲԸ իրավաբանի, 8220«Հայփոստ»8221 ՓԲԸ տրանսպորտային ծառայության պետը դադարում է պաշտոնատար անձ լինելուց աշխատանքային ժամերից դուրս, քանի որ դեպքը կատարվել է երեկոյան ժ.20-ի սահմաններում։ Այս տրամաբանությունից հետեւում է, որ ՀՀ նախագահը դադարում է մեր նախագահը լինելուց երեկոյան ժամը 6-ից հետո, վարչապետը դադարում է վարչապետ լինելուց, նախարարը՝ նախարար: Եթե «Հայփոստ» ՓԲԸ տրանսպորտային ծառայության պետը դադարում է պաշտոնատար անձ լինելուց աշխատանքային ժամերից դուրս, այդ դեպքում ի՞նչ գործ ուներ պետական ծառայողական մեքենան իրենց բակում՝ ժ.20-ի սահմաններում: ՎԱՀԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ Պրոֆեսոր, ՀՊՃՀ ամբիոնի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել