Որոշում կա՝ տեր չունի Երեւանցիները կարող են շարունակել պայքարն իրենց «ապօրինիները» օրինականացնելու ուղղությամբ: Պարզվում է՝ ինքնակամ կառույցներն օրինականացնելու հերթերի մեջ «գլուխ ջարդողների» մի մասը քաղաքապետարանից ստացել է դրական որոշում ու հատակագիծ, բայց թողել դրանք կառույցի բաժիններում: Երեկ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական, ինքնակամ շինությունների եւ հողազավթումների օրինականացման հանձնաժողովի նախագահ Գրիգոր Մելքումյանը հստակ նշեց չստացողների թիվը՝ 6400: Ի՞նչն է պատճառը, որ այդքան մեծ թվով քաղաքացիներ մոռացել են այդքան փափագած որոշման մասին: Ըստ պարոն Մելքումյանի, պատճառն անորոշ է՝ «կամ քաղաքում չեն, կամ՝ անպարտաճանաչ են»: Մի պատճառ էլ մեր կողմից՝ «բալը թանկ է ստացվել» շատերի համար եւ գրպանին ոչ հարմար: «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է բնակիչների բողոքին առ այն, որ անսպասելի ի հայտ եկած օրինականացման մասին օրենքն ու վճարումների համար սահմանված սեղմ ժամկետները փաստի առաջ կանգնեցրին շատերին: Նվազագույն հաշվարկով մի ավտոտնակի օրինականացման համար ծախսվել է «մաքուրը», այսինքն՝ պետական մուծումներով, 200 դոլար գումար: Իսկ հիմնականում անհրաժեշտ է լինում դրա կրկնակին: Մեր բողոքարկուները զանազան վճարների թվում հիշատակել են նաեւ «Երեւան» հիմնադրամի համար պահանջված տարբեր չափի գումարի մասին: Այս առումով «Առավոտի» հարցը տարակուսանքի մեջ գցեց հանձնաժողովի նախագահին. «Հնարավոր է, որ խոշոր ռեստորան կամ մեծ հողամաս օրինականացնողներից հիմնադրամի համար գումար պահանջած լինեն, ինչը բնական է՝ հողն արժեք է, այդքան տարի էլ անվճար օգտագործել են, իսկ բնակելի տարածքներից ու ավտոտնակներից՝ բացառվում է, որ վերցնեն»: Որպեսզի վճարման գործընթացը հստակ լինի, իսկ վճարման չափը՝ կանխատեսելի, ճիշտ է, որ գանձումների ողջ ուղեգիծն իր կանգառներով հենց սկզբից տրամադրվի օրինականացնողին: Պարոն Մելքումյանի ասելով, վճարման չափն ամրագրված է օրենքով, բայց դրան ավելանում է զանազան ծառայությունների վճարը՝ չափագրում, նոտար, պետգրանցում եւ այլն: Արդյո՞ք ճիշտ չէր հնարավորություն տալ օրինականացնողներին՝ մաս-մաս եւ ավելի երկար ժամկետում վճարել պահանջվող գումարը: «Ապօրինի շինությունների մասին օրենքն ընդունելիս Ազգային ժողովն այդ խնդրին չի անդրադարձել, թեպետ, իմ կարծիքով, տեղին կլիներ»: Երեկ ավարտվեց հայտ ներկայացրած քաղաքացիներին որոշումով՝ դրական կամ բացասական, ապահովելու ժամանակը: Այսպիսով, 43560 հայտից 33000-ը ստացել է դրական պատասխան: Բայց ապօրինի ունեցվածքի ողջ բազայում այսքան հայտատուն կազմում է ընդամենը 30-35 տոկոսը: Թե ինչ է լինելու մերժվածների կամ ընդհանրապես չդիմածների ճակատագիրը՝ անորոշ է: Նրանք կարող են Քաղաքացիական օրենսգրքի որոշ հոդվածներով փորձել օրինական դաշտ բերել իրենց անօրինական ունեցվածքը: Այն, ինչը դժվար կլինի 2003-ից հետո կառուցապատողների եւ հող զավթողների համար: Ըստ բանախոսի, «նրանց հանդեպ խիստ ենք վարվելու՝ քանդելուց բացի կտուգանվեն նաեւ 400 հազար դրամով»: Ինչ վերաբերում է օրենքի մեջ փոփոխություն մտցնելով ժամկետի երկարաձգմանը, ապա, պարզվում է, այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա, բացի մի քանի պատգամավորների նախաձեռնություն-առաջարկից: Իսկ օրինականացման գործընթացից պետբյուջեն նկատելի շահել է՝ միայն 94 ավտոտնակից ու տաղավարից մուտքագրվել է 3 մլրդ դրամ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ