«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԿԱ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ» Արթուր Բաղդասարյանը վանաձորցիների սրտից խոսելու համար արժանացավ նրանց ծափահարություններին: «Թող էս դահլիճում մեկը կանգնի ու ասի, որ ես ժողովրդին մեջքով եմ կանգնել: Իշխանություն էլ կա, իշխանություն էլ: Մեջներն էնքա՜ն ավազակներ կան. փողով ձայներն առել են, եկել-նստել: Գյուղ կա՞, որ շուն չունի»,- աշխատանքային այցով Վանաձոր մեկնած ԱԺ նախագահն իր այս ելույթով վանաձորցիների «քեֆը բերեց»: Նա իր ելույթում խոսեց տեղաբնակներին հուզող գրեթե բոլոր խնդիրներից, անգամ անդրադարձավ երիտասարդների ամուսնանալ-չամուսնանալուն. «Այսօր մեր երիտասարդները չեն ուզում ամուսնանալ, ո՞նց ամուսնանան, եթե բնակարան չունեն, բայց ուզում են առանձին ապրեն: Դրա համար էլ հիփոթեքային շուկան պիտի զարգացնենք, որ նրանք 20-30 տարի ժամանակով վարկ վերցնեն՝ արտոնյալ պայմաններով տուն առնեն»: Խոսելով կրթական խնդիրների մասին` ԱԺ նախագահը հայտարարեց՝ «վե՛րջ կաշառակերությանը, էլ ծանոթ-մանոթ չկա, բանավոր քննություն կամ զաչոտներ չեն լինելու, բոլոր քննություններն անցկացվելու են գրավոր»: Բացի այդ, այս տարվանից բոլոր գերազանցիկները հնարավորություն են ունենալու անվճար սովորել՝ տարվա ուսումնական առաջադիմությունից ելնելով: Իսկ հարուստների համար «պրիստիժնի» համարվող կրթաթոշակի փոխարեն լինելու է ուսանողական նպաստ: «Արդյունքում՝ ունեւորների, պուզատիների երեխաները կամաչեն, որ իրենց երեխաները ստանում են նպաստներ ու չեն պայքարի, որ անպայման անվճար համակարգում սովորեն: Մանավանդ, որ հաջորդ տարի կարող են փոխվել վճարովիի»,- վանաձորցիներին կրթության բնագավառի վերջին բարեփոխումներին ծանոթացրեց Ա. Բաղդասարյանը: Նա նաեւ նշեց, որ մեր կրթությունը շուկայից հեռու է. «80-ից ավելի բուհեր կան, որոնք շուկայում պահանջարկ չունեցող մասնագետներ են պատրաստում, արդյունքում մի գլուխ իրավաբանական դիպլոմներ են բաժանում, մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագետներ չունենք»: Բնակիչներին հիմնականում հուզում էր աշխատավարձերի խնդիրը: ԱԺ նախագահը միայն խոստացավ, որ 2007-ի սկզբին ուսուցիչների աշխատավարձը կհասցվի մինչեւ 70 հազարի: Վանաձորցիները նաեւ հետաքրքրվեցին ավանդների վերադարձման խնդրով, որին ի պատասխան Ա. Բաղդասարյանը ներկայացրեց անցյալ տարի ընդունված ավանդների ապահովագրման մասին օրենքը. «Էլ գրպանային բանկեր չեն լինի, էլ չեն կարող մարդկանց փողերը հավաքեն, փախնեն-գնան: Հիմա, եթե անգամ բանկը լուծարվի, պետությունը պարտավոր է վերադարձնել ողջ գումարը: Ինչ վերաբերում է խնայբանկերում եղած գումարներին, ժողովուրդ ջան, գեղ կանգնի, գերան կկոտրի, աշխարհի 14 երկրներում ավանդները վերադարձվել են, պայքարեք»: Վանաձորի «Քիմպրոմի» ճակատագիրը պարոն Բաղդասարյանը տեսնում էր պետական հոգածության տակ՝ պետության ձեռքում. «Նման գիգանտ ձեռնարկությունները պետք է պետությունը հասցնի արդյունավետ կառավարման, որովհետեւ տվյալ պահին բարեխիղճ ներդրող այնտեղ չկա: Իսկ «Քիմպրոմի» գործարկելը կենսական նշանակություն ունի ոչ միայն այս մարզի, այլեւ ողջ հանրապետության համար»: Բնակիչներից մեկի հարցին՝ երբ ընդդիմությունը հարձակողական ելույթներ է ունենում, ինչո՞ւ է կոալիցիան վախենում, Ա. Բաղդասարյանը բացատրեց խոսքի ազատությամբ՝ ավելացնելով՝ «մենք պատի տակ չենք նստում, մենակ բամբասում»: Նա բողոքեց, որ իրենք շատ լավ բաներ են ուզում անել, բայց անհրաժեշտ 66 ձայնը չի լինում, պատգամավորները գործի չեն գալիս: Դահլիճից հնչած այն կարծիքին, թե հարցը դրեք՝ զրկեք մանդատից, նա պատասխանեց. «Հայրիկ ջան, 30 պատգամավորի զրկե՞նք: Ուղղակի պետք է այսպես անենք՝ ով գործի չի գալիս, աշխատավարձից պահենք»: Հանդիպման վերջում ԱԺ նախագահն առաջարկեց վանաձորցիներին անձնական ցանկացած խնդրով զանգահարել 588365 հեռախոսահամարով. «Չեմ ասում՝ ինչ հարց բարձրացնեք՝ կլուծեմ, բայց բոլոր խնդիրներին, նամակներին կպատասխանեմ»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ