Ռեժիսորի
ֆիլմերը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Հայաստանի
ազգային պատկերասրահը՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ, եզակի մի
նվեր է մատուցում մեր հանրությանը. 20-րդ դարի ամենաերեւելի կինոբեմադրիչներից մեկի՝
Ռայներ Վերներ Ֆասբինդերի խաղարկային ֆիլմերի հետահայաց ցուցադրումները՝ ի հիշատակ
աշխարհահռչակ ռեժիսորի ծննդյան 60-ամյակի։ 30 ֆիլմերից կազմված շարքը ամբողջացվում
է գերմանական կինոյի պատմության մեջ արդեն ամրագրված Նոր ալիքի կարկառուն ներկայացուցիչներից
մեկի, դեռեւս 1982 թվին 37 տարեկանում կյանքից հեռացած Ռ. Վ. Ֆասբինդերի մասնակցությամբ
կամ նրա ստեղծագործությունը վերլուծող փաստավավերագրական ֆիլմերով։ Այս երեւույթի
շքեղությունը գնահատելու համար կարող ենք ելնել թեկուզ միայն այն փաստից, որ վերջին
35 տարվա ընթացքում Երեւանում ցուցադրվել է Ռ. Վ. Ֆասբինդերի նկարահանած 43 ժապավեններից
ընդամենը 3-ը… (ժամանակին խորհրդային ռուսական մամուլում հայտնվող ժլատ արձագանքները
որակում էին Ռ. Վ. Ֆասբինդերին որպես գողերին եւ թեթեւաբարո կանանց գովերգող բարոյազուրկ
ու արկածախնդիր մի սուբյեկտ)։ Ռ. Վ. Ֆասբինդերը իր՝ կարծես թե առօրյա, կենցաղային
պատմություններում մեկ ուրիշ կինոհանճարին՝ Ի. Բեգմանին ասես ձայնած, սյուժեի հետզհետե
զսպանակաձեւ զարգացման միջոցով հետազոտում է անհատի հոգեվիճակը։ Դրա համար նրա հերոսները
դիտարկվում են ծայրահեղ իրավիճակներում։ Նրանք ըմբոստանում են բռնության, մեծատիրական
շովինիզմի, հեղափոխական մոլուցքի, տմարդության, միջակության, «միջին թվաբանական»
հաշվարկով կառուցված, թող որ երբեմն նաեւ բարեկեցիկ, ապրելակերպի դեմ («Գերմանիան
աշնանը», «Չինական ռուլետկա», «Ուղեւորություն դեպի Նիքլասհաուզեն», «Ինչո՞ւ է պրն
Ռ-ն զայրույթից իրեն կորցնում», «Տարվա եղանակների վաճառականը»)։ Ռ. Վ. Ֆասբինդերը
առանձնահատուկ տեղ է տալիս կանանց կերպարներին։ Ահա դատեք միայն ֆիլմերի անվանումներից.
«Պետրա ֆոն Կանտի դառն արցունքները», «Մարթա», «Մայր Կուստերսի վերափոխումը», «Լիլի
Մառլին», «Մարիա Բրաունի ամուսնությունը», «Լոլա», «Վերոնիկա Վոսի տենչանքը»։ Իր
իսկ կողմից հիմնադրած «Անտիթատրոնից», որը դարձավ ժամանակի փորձարարական բեմահարթակներից
մեկը, Ռ. Վ. Ֆասբինդերը էկրան է տեղափոխում արդեն բեմադրված որոշ պատրաստի ներկայացումներ։
Ֆիլմերի այս շարքը ասես հատուկ ուսուցողական ձեռնարկ լինի, որտեղ հատվում եւ հաղթահարվում
է թատրոնի «լեզվից»՝ «կինոլեզվին» անցման բարդագույն, խորհրդավոր սահմանագիծը։ Հանճարեղ
օպերատորական աշխատանք է առկա սեւ-սպիտակ ֆիլմերում՝ լույսի եւ ստվերի օգնությամբ
արվեստի ինքնուրույն մի գործ դարձած ամեն մի կադրում, կամ թե գույների ու երկրաչափական
գծերի եւ մարմինների համադրությունն ու ներդաշնակությունը՝ գունավոր ֆիլմերում նկարագրելր
պարզապես անհնարին է։ Առանձին խնդրո առարկա է Ռ. Վ. Ֆասբինդերի ֆիլմերի երաժշտական
եւ ընդհանուր ձայնային ձեւավորումր. նրբաճաշակ դասական երաժշտությունից՝ մինչեւ բալլադներ,
70-ականներին տարածված երգեր ու երբեմն էլ ուղղակի «անվերջ ձգվող» ճնշող լռություն
կամ էլ անսովոր կերպով կենցաղային աղմուկի օգտագործում։ Ռ. Ֆասբինդերի ֆիլմերի
հետահայաց ցուցադրումները տեւելու են մինչեւ օգոստոսի 28՟ը, որից հետո Հայաստանի
ազգային պատկերասրահում մեզ կընծայվեն նոր համադամ ծրագրեր։ ԼԱՐԻՍԱ
ԹՈՓՉՅԱՆ