Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

TODES-Ի ՊԱՐՈՒՀԻՆ ԷԼ Է ՈՐՈՇԵԼ ԵՐԳԵԼ

Օգոստոս 23,2005 00:00

Հանրահայտ
«Todes» խմբի պարուհի, հայազգի Սիրան Հայաստան է ժամանել ոչ թե հանգստի, այլ ուսման
նպատակով։ «Առավոտի» հետ կարճատեւ զրույցի սկզբում հետաքրքրվեցինք, թե Մոսկվայի
նման մշակութային անցուդարձով մեծ կենտրոնը թողած, ի վերջո, հայտնի էստրադային, ջազային,
վոկալ մասնագետներին անտեսելով՝ Երեւանում ո՞ւմ է փնտրում։ Սիրան նախ՝ պարզ ու շիտակ
հայտնեց այն մասին, որ ինքը թեեւ տարիներ առաջ հայտնի «Նոր Դոստ» մյուզիքլում ընդգրկվելու
համար հայտարարված մրցույթին «տապալվել» է, բայց որպես երգչուհի բեմ բարձրանալու
միտքն իր գլխից չի կարողանում հանել։ «Իսկ Երեւանում եմ հայտնվել՝ կարդալով վերջին
շրջանում մոսկովյան մամուլում տպագրված նյութերը «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի
սաների հաջողությունների մասին։ Պարզվում է՝ այդ կենտրոնի սաներն ընդհանրապես ուսման
կազմակերպման եւ մասնավորապես՝ վոկալի ճիշտ դրվածքի շնորհիվ վերջին շրջանում Եվրոպայում
գրավում են միայն մրցանակային տեղեր, անգամ եղել է մրցույթ, որտեղ բոլոր դափնիները
շահել են կենտրոնի սաները»,- ասաց Սիրան։ Ավելին, ըստ նրա պատմածի, տեղի մամուլը
(նկատի ունի մոսկովյան- Ս. Դ.) «Հայեր» խմբի 4 երգչուհիներին համեմատում է աշխարհահռչակ
Մըրայա Քերիի հետ։ Մեր հայրենակցուհուց տեղեկացանք, որ այս օրերին պրոդյուսերական
կենտրոնի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը «Հայեր» խմբի հետ գտնվում է Գերմանիայում.
«Ստիպված եմ սպասել։ Ինձ համար կարեւոր է անձամբ տիկին Սարգսյանի կարծիքը։ Թեեւ կենտրոնի
վոկալի մասնագետները ջերմ ընդունեցին ինձ»։ Մինչ պարուհին սպասում է տնօրենին,
նա առիթը բաց չի թողնում հայաստանյան տարբեր TV-ներով ծանոթանալ հայկական էստրադային
երգիչներին։ Խնդրեցինք, եթե, իհարկե, հնարավոր է, համեմատել հայկական եւ ռուսական
շոու-բիզնեսի ներկայացուցիչներին։ «Ցավոք, ոչ մի հայ երգչի ծանոթ չեմ։ Սխալվել ու
վիրավորել որեւէ մեկին չեմ ցանկանում։ Գիտեք, երեւի, որ «Todes»-ը համագործակցում
է ռուս հայտնի երգիչների հետ. եթե հետաքրքիր է, իմ կարծիքը կարող եմ հայտնել ռուսական
շոու-բիզնեսի մասին։ Այսօր Ռուսաստանում, այդ ոլորտում մռայլություն է։ Կարծես մեկը
մյուսի կրկնօրինակը լինի, նույնիսկ՝ երգերի տեքստերն են արդեն նույնատիպ։ Չնայած
դրան, ինձ գրավում է Պենկինի, «Ա-ստուդիոյի», Գրիգորի Լեպսի երգարվեստը։ Դե Պուգաչովայի
մասին անիմաստ է խոսելը։ Նա հիրավի ռուսական էստրադայի կնքամայրն է։ Այստեղ դիտելով
տեսահոլովակներ, միանշանակ կարող եմ առանձնացնել մեկ կլիպմեյքերի՝ Հրաչ Քեշիշյանի
անունը»,- ասաց մեր զրուցակիցը։ Եթե հայերը հակված են դեպի ռուսական էստրադան,
ապա, ըստ Սիրայի՝ ռուսները նախընտրում են եվրոպականը. «Լսում եմ բարձրակարգ երաժշտություն,
գրագետ ու ճիշտ կատարումներով, եթե կարճ ասեմ՝ այս ոլորտում հակված եմ դեպի արեւմուտք»։
Զրույցի ավարտին հարցրինք՝ եթե Երեւանում ամեն ինչ լավ գնա, ասել է թե՝ նա
սկսի ուսանել «Էմմի Բի» կենտրոնում, դրան կհետեւի «Todes»-ից հրաժարվե՞լը։ Պարուհին
առանց վայրկյան մտածելու ասաց. «Եթե հնարավոր լինի համատեղել, լավ, եթե ոչ՝ կարծում
եմ, պարզից էլ պարզ է, թե ինչ կնշանակի կամ ինձ վրա ինչ կնստի «Todes»-ից հեռանալը:
Չգիտեմ, ամեն ինչ թողնում եմ Աստծո կամքին, թեեւ որոշումս հաստատուն է»։ Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել