Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 23,2005 00:00

Կեղծ
փաստաթղթեր՝ գործի նյութերում Սույն թ. մարտի 9-ին, 16,5-ամյա Ալեքսանդր Բաբայանը,
չունենալով վարորդական իրավունքի վկայական, ժամը 20-ի սահմաններում, հոր՝ «Հայփոստ»
ՓԲԸ տրանսպորտի ծառայության պետ Սամվել Բաբայանի ծառայողական «Chevrolet Cavalier»
մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Իսակով պողոտա ընթանալիս, խախտել է պահանջները՝ համընթաց
ուղղությամբ ընթացող այլ տրանսպորտային միջոցի բացակայության պայմաններում ավտոմեքենան
վարել է իր երթեւեկելի ուղեմասի ձախ եզրային գոտով եւ ճանապարհային տվյալ պայմանների
համար սահմանված թույլատրելի առավելագույն գերազանցող՝ 79 կմ/ժ ավելի արագությամբ,
ստեղծել է վթարային իրավիճակ, որի հետեւանքով թիվ 104 շենքի դիմաց, ավտոմեքենայի
առջեւի մասով վրաերթի է ենթարկել՝ իր ընթացքի ուղղության նկատմամբ աջից դեպի ձախ
կողմը փողոցը հատող հետիոտնին՝ Վազգեն Բունիաթյանին՝ զրկված լինելով այն կանխելու
տեխնիկական հնարավորությունից եւ անզգուշությամբ նրան պատճառել մահ: Այնուհետեւ Բաբայանը,
դեպքից հետո թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, իր վարած ավտոմեքենայով
հեռացել է: Այս տողերի տակ 23-ամյա որդուս սպանության մանրամասներն են, որից
հետո սկսվել է արդարության սպանությունը։ Առաջին սպանություն: Նախաքննական
նյութի համաձայն, Ալեքսանդր Բաբայանը դեպքից երկու օր անց ինքնակամ ներկայացել է
միլիցիայի բաժանմունք, մինչդեռ, ըստ իմ ունեցած հավաստի տեղեկությունների, նրան բերման
են ենթարկել։ Այդ մասին է վկայում նաեւ ՆԳՆ արձանագրությունը, որտեղ նշվում է. «ձեռնարկված
օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում դեպքից երկու օր անց Ալեքսանդր Բաբայանը
ներկայացել է…»։ Հարց է ծագում՝ մեր երկրում, որտեղ միջոցներն այդքան սուղ են,
ինչու էին ձեռնարկվում օպերատիվ միջոցառումներ, եթե հանցագործն արդեն ինքնակամ ներկայացել
էր։ Մութ է նաեւ հարցի մյուս կողմը. ինչու է հանցագործը ներկայացել դեպքից երկու
օր անց… Արդյոք սա ալկոհոլի հետքերը կոծկելու փորձ չէ՞, եթե հաշվի առնենք, որ վրաերթի
օրը ամբաստանյալը դուրս է եկել իր մոր ծննդյան առիթով կազմակերպված խնջույքից: Ո՛չ
նախաքննության, ո՛չ դատարանի դահլիճում որեւէ մեկը չփորձեց պարզել՝ ի վերջո ներկայացե՞լ
է հանցագործը, թե՞ բոլորիս հայտնի մեթոդներով «կազմվել» է կամավոր ներկայանալու մասին
արձանագրություն։ Երկրորդ սպանություն: Նախաքննության ընթացքում գործին կցվեց
ամբաստանյալի հիվանդության վերաբերյալ մի քանի փաստաթուղթ (տրված 23.05.2005 թ. «Էրեբունի»
բժշկական կենտրոնի կողմից), ըստ որի՝ Ա. Բաբայանը ստացիոնար բուժում է ստացել՝ նշված
հիվանդանոցի ալերգոլոգիական բաժանմունքում՝ 2003 թ. նոյեմբերի 11-ից 27-ը, 2004 թ.
փետրվարի 23-ից մարտի 10-ը եւ 2004 թ. դեկտեմբերի 6-ից 21-ը: Բուժման նշված առաջին
երկու ժամանակահատվածները համընկնում են ամբաստանյալի՝ ՀՊՃՀ Հենակետային վարժարանում
ուսման հետ: Պարզվեց, (իմ ներկայացրածի եւ ոչ թե քննիչի կողմից) որ այդ ժամանակահատվածներում
ամբաստանյալը հաճախել է վարժարան, բացականեր չի ունեցել եւ, ավելին, այդ ընթացքում
գրել է ստուգողականներ, փոխադրություններ եւ ստացել գնահատականներ: Այս տվյալները,
դասամատյանի պատճենի հետ ստորագրված, հաստատված եւ կնքված է վարժարանի տնօրենի կողմից:
Դատարանում իմ փաստաբանի տրված հարցին անչափահասը պատասխանեց, թե բուժման ընթացքում
պառկել է հիվանդանոցում եւ բացառեց այդ ժամանակահատվածում հիվանդանոցից դուրս գտնվելու
հավանականությունը։ Երրորդ սպանություն։ Համաձայն ՀՀ Քրօրենսգրքի 30 հոդվածի
3-րդ մասի եւ 315 հոդվածի 2-րդ մասի, կատարված ողբերգության համար պատասխանատվություն
պիտի կրի նաեւ անչափահասի հայրը, ով իր ծառայողական մեքենան վստահել է վարորդական
իրավունք չունեցող, եւ ինչպես դատարանի դահլիճում ինքը խոստովանեց՝ մեքենային լավ
չտիրապետող անչափահաս որդուն: Քրօրի 315 հոդվածի համաձայն, եթե պաշտոնատար անձի կողմից
ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ
առաջացել է մարդու մահ, ապա այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ
տարի ժամկետով: Մինչդեռ նախաքննությունը վարող քննիչը սեփական նախաձեռնությամբ հանցագործի
հորը ընդամենը վարչական տույժի է ենթարկել։ Ըստ “«Հայփոստ»” ՓԲԸ իրավաբանի, “«Հայփոստ»”
ՓԲԸ տրանսպորտային ծառայության պետը դադարում է պաշտոնատար անձ լինելուց աշխատանքային
ժամերից դուրս, քանի որ դեպքը կատարվել է երեկոյան ժ.20-ի սահմաններում։ Այս տրամաբանությունից
հետեւում է, որ ՀՀ նախագահը դադարում է մեր նախագահը լինելուց երեկոյան ժամը 6-ից
հետո, վարչապետը դադարում է վարչապետ լինելուց, նախարարը՝ նախարար: Եթե «Հայփոստ»
ՓԲԸ տրանսպորտային ծառայության պետը դադարում է պաշտոնատար անձ լինելուց աշխատանքային
ժամերից դուրս, այդ դեպքում ի՞նչ գործ ուներ պետական ծառայողական մեքենան իրենց բակում՝
ժ.20-ի սահմաններում: ՎԱՀԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ Պրոֆեսոր, ՀՊՃՀ
ամբիոնի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել