Արթուր
Բաղդասարյանը վանաձորցիների սրտից խոսելու համար արժանացավ նրանց ծափահարություններին:
«Թող էս դահլիճում մեկը կանգնի ու ասի, որ ես ժողովրդին մեջքով եմ կանգնել:
Իշխանություն էլ կա, իշխանություն էլ: Մեջներն էնքա՜ն ավազակներ կան. փողով ձայներն
առել են, եկել-նստել: Գյուղ կա՞, որ շուն չունի»,- աշխատանքային այցով Վանաձոր մեկնած
ԱԺ նախագահն իր այս ելույթով վանաձորցիների «քեֆը բերեց»: Նա իր ելույթում խոսեց
տեղաբնակներին հուզող գրեթե բոլոր խնդիրներից, անգամ անդրադարձավ երիտասարդների ամուսնանալ-չամուսնանալուն.
«Այսօր մեր երիտասարդները չեն ուզում ամուսնանալ, ո՞նց ամուսնանան, եթե բնակարան
չունեն, բայց ուզում են առանձին ապրեն: Դրա համար էլ հիփոթեքային շուկան պիտի զարգացնենք,
որ նրանք 20-30 տարի ժամանակով վարկ վերցնեն՝ արտոնյալ պայմաններով տուն առնեն»:
Խոսելով կրթական խնդիրների մասին` ԱԺ նախագահը հայտարարեց՝ «վե՛րջ կաշառակերությանը,
էլ ծանոթ-մանոթ չկա, բանավոր քննություն կամ զաչոտներ չեն լինելու, բոլոր քննություններն
անցկացվելու են գրավոր»: Բացի այդ, այս տարվանից բոլոր գերազանցիկները հնարավորություն
են ունենալու անվճար սովորել՝ տարվա ուսումնական առաջադիմությունից ելնելով: Իսկ
հարուստների համար «պրիստիժնի» համարվող կրթաթոշակի փոխարեն լինելու է ուսանողական
նպաստ: «Արդյունքում՝ ունեւորների, պուզատիների երեխաները կամաչեն, որ իրենց երեխաները
ստանում են նպաստներ ու չեն պայքարի, որ անպայման անվճար համակարգում սովորեն: Մանավանդ,
որ հաջորդ տարի կարող են փոխվել վճարովիի»,- վանաձորցիներին կրթության բնագավառի
վերջին բարեփոխումներին ծանոթացրեց Ա. Բաղդասարյանը: Նա նաեւ նշեց, որ մեր կրթությունը
շուկայից հեռու է. «80-ից ավելի բուհեր կան, որոնք շուկայում պահանջարկ չունեցող
մասնագետներ են պատրաստում, արդյունքում մի գլուխ իրավաբանական դիպլոմներ են բաժանում,
մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագետներ չունենք»: Բնակիչներին
հիմնականում հուզում էր աշխատավարձերի խնդիրը: ԱԺ նախագահը միայն խոստացավ, որ 2007-ի
սկզբին ուսուցիչների աշխատավարձը կհասցվի մինչեւ 70 հազարի: Վանաձորցիները նաեւ հետաքրքրվեցին
ավանդների վերադարձման խնդրով, որին ի պատասխան Ա. Բաղդասարյանը ներկայացրեց անցյալ
տարի ընդունված ավանդների ապահովագրման մասին օրենքը. «Էլ գրպանային բանկեր չեն լինի,
էլ չեն կարող մարդկանց փողերը հավաքեն, փախնեն-գնան: Հիմա, եթե անգամ բանկը լուծարվի,
պետությունը պարտավոր է վերադարձնել ողջ գումարը: Ինչ վերաբերում է խնայբանկերում
եղած գումարներին, ժողովուրդ ջան, գեղ կանգնի, գերան կկոտրի, աշխարհի 14 երկրներում
ավանդները վերադարձվել են, պայքարեք»: Վանաձորի «Քիմպրոմի» ճակատագիրը պարոն
Բաղդասարյանը տեսնում էր պետական հոգածության տակ՝ պետության ձեռքում. «Նման գիգանտ
ձեռնարկությունները պետք է պետությունը հասցնի արդյունավետ կառավարման, որովհետեւ
տվյալ պահին բարեխիղճ ներդրող այնտեղ չկա: Իսկ «Քիմպրոմի» գործարկելը կենսական նշանակություն
ունի ոչ միայն այս մարզի, այլեւ ողջ հանրապետության համար»: Բնակիչներից մեկի հարցին՝
երբ ընդդիմությունը հարձակողական ելույթներ է ունենում, ինչո՞ւ է կոալիցիան վախենում,
Ա. Բաղդասարյանը բացատրեց խոսքի ազատությամբ՝ ավելացնելով՝ «մենք պատի տակ չենք նստում,
մենակ բամբասում»: Նա բողոքեց, որ իրենք շատ լավ բաներ են ուզում անել, բայց անհրաժեշտ
66 ձայնը չի լինում, պատգամավորները գործի չեն գալիս: Դահլիճից հնչած այն կարծիքին,
թե հարցը դրեք՝ զրկեք մանդատից, նա պատասխանեց. «Հայրիկ ջան, 30 պատգամավորի զրկե՞նք:
Ուղղակի պետք է այսպես անենք՝ ով գործի չի գալիս, աշխատավարձից պահենք»: Հանդիպման
վերջում ԱԺ նախագահն առաջարկեց վանաձորցիներին անձնական ցանկացած խնդրով զանգահարել
588365 հեռախոսահամարով. «Չեմ ասում՝ ինչ հարց բարձրացնեք՝ կլուծեմ, բայց բոլոր խնդիրներին,
նամակներին կպատասխանեմ»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ