Գտնում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը
– Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը ի՞նչ դիրք կունենա:
– Ընդդիմության մասնակցությունը Սահմանադրության փոփոխության գործընթացներին ունի կարեւոր նշանակություն: Ես՝ որպես ԱԺ նախագահ, կարեւոր եմ համարում, որ սահմանադրական բարեփոխումները կատարվեն հնարավորինս լայն հասարակական համաձայնության մթնոլորտում: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ բարեփոխումները վերաբերում են ոչ միայն երկրի ներկային, այլեւ ապագային: Գործող Սահմանադրությունը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը, բայց այս տարիների ընթացքում բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով եւ երկրի զարգացումը, եւ միջազգային հանրության առաջարկությունները: Սահմանադրությունը երկարաժամկետ գործողության եւ բոլորիս համար է: Ելնելով այս փիլիսոփայությունից՝ ես նորից դիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին՝ պատրաստակամ լինելով մինչեւ օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանը քննարկել նրանց բոլոր առաջարկությունները: Իմ դռները միշտ բաց են, նրանք կարող են բոլոր կոնստրուկտիվ առաջարկությունները ներկայացնել, որպեսզի 29-ին ունենանք ավելի բարեփոխված տեքստ: Բոլորին հրավիրում եմ համագործակցության Սահմանադրության բարեփոխումների շուրջ: Ի վերջո՝ եթե խոսում ենք ժողովրդավարական Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին, պետք է սկսենք երկրի Հիմնական օրենքից: Ժողովրդավարությունն ավելի շատ օրենք պետք է լինի, քան բացառություն օրենքներից, այդ իսկ պատճառով պիտի սկսենք Հիմնական օրենքից, որը ենթադրելու է իշխանության թեւերի իրական տարանջատում, ազատ, պաշտպանված մարդու իրավունքների համակարգ, անկախ դատաիրավական համակարգ, ուժեղ տեղական ինքնակառավարում, ազատ մամուլ:
– ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը հստակ մատնանշեց ասուլիսում, որ Սահմանադրության հանրաքվեի ձախողման դեպքում Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին:
– Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի իշխանություններին կամ ընդդիմությանը, այլեւ ամբողջ երկրին ու ժողովրդին: Խայտառակ լինելու հեռանկարը ձեռնտու չի կարող լինել որեւէ ուժի, որը մտածում է երկրի ապագայի մասին: Հասարակական հնարավորինս լայն համաձայնության կայացումը այս հարցում անհրաժեշտություն է: Ինչ խոսք, պատժամիջոցներ կլինեն եւ կվերաբերեն ոչ միայն Հայաստան-ԵԽ, այլեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, իսկ դա նշանակում է շուրջ 50 երկրների ու տարաբնույթ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների վատացում, որը ոչ մեկին էլ անհրաժեշտ չէ: Ես համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխումները նախեւառաջ պետք են Հայաստանին, հետո ԵԽ-ին կամ ԵՄ-ին: Այս մասին է պետք մտածել: Ի վերջո՝ լույս տարածելու երկու ձեւ կա՝ կամ դու կարող ես լույս վառել, կամ դառնալ այն հայելին, որն արտացոլում է լույսը:
Մ. Ե.