Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՔԵՌԻՆ ՉԻ ԿՈՂՈՊՏՈՒՄ

Օգոստոս 23,2005 00:00

Անցած
շաբաթ ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ում տպագրված «Քոչարյանը դավաճանում է Ռուսաստանին»
վերտառությամբ հոդվածը Հայաստանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: Այն
առաջ է բերել նույնիսկ պրոռուսական կողմնորոշում ունեցող գործիչների զայրույթը: «Հայրենիք
ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց,
որ հոդվածում բացված չեն այն խորքային խնդիրները, որոնք ստեղծվել են վերջին տասը
տարիների ընթացքում, հատկապես ռուս չինովնիկների՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ
վարած քաղաքականության արդյունքում: «Դեռ անցած տարի ես ռուս որոշ չինովնիկների սթափվելու
կոչ արեցի: Եվ 1998 թվականի, եւ նախորդ խայտառակ ընտրությունների ժամանակ պաշտպանելով
Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ռեժիմին՝ Կրեմլը ու ռուս չինովնիկները փորձեցին սեպ խրել
հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ: Հայաստանն առաջին փորձը չէ:
Ռուս վերլուծաբաններն ու չինովնիկները թող տեսնեն իրենց լրջագույն սխալներն ու ձախողումները
Ուկրաինայում, միջինասիական պետություններում, Աբխազիայում, Աջարիայում, երբ փորձ
են անում հանցագործի, ապազգային ոմն մեկին օգնել կամ բերել իշխանության: Ռուս վերլուծաբանները
եւ վերլուծական կենտրոնները մեկը մյուսի ետեւից ձախողումներ ստացան: Դրանց ամբողջացումը
Մոլդովան է. թող իրենք մտահոգվեն՝ թե ինչպես եղավ, որ կոմունիստական Մոլդովան երես
թեքեց: Նման գործելաոճը չի նպաստում Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուժեղացմանը,
կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության, ժողովուրդների բարեկամության պահպանմանը
եւ ապագա ծրագրերի կառուցմանը»,- ասում է պարոն Մարգարյանը: Ինչ վերաբերում
է վիճահարույց հոդվածին, նրանում տեղ գտած արտացոլումներին՝ Ռուսաստանի «բարի քեռու»
դերին, որը Հայաստանին «ներեց» 90 միլիոն պարտքը, որ Հայաստանին 50 դոլարով գազ է
վաճառվում՝ այն դեպքում, երբ Եվրոպայում 150 դոլարով են վաճառում, պարոն Մարգարյանը
հակադարձում է. «Իսկ ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ արգելեցին Իրան-Հայաստան գազամուղի
շինարարությունը: Եթե շուկա ունեն եւ կարողանում են արտահանել իրենց գազը՝ թող արտահանեին
ու չխոչընդոտեին գազամուղի շինարարությանը, որն, ըստ մասնագետների, Հայաստանին հնարավորություն
կտար ե՛ւ սեփական հոգսերի համար գազ ստանալ, ե՛ւ որպես տարանցիկ երկիր դուրս գալ
Եվրոպա: Եթե այդպիսի բարի քեռիներ են՝ ինչո՞ւ չեն մտածում երկաթգծի վերաբացման մասին:
Իրենց երկաթգիծն է, եւ Հայաստանը չէ, որ պիտի ներդրումներ անի: Երբ Ռուսաստանի շահերը
պահանջում են՝ նրանք նոր ճեպընթացներ են կառուցում: Ինչո՞ւ իրենց ռազմավարական գործընկերոջ
համար այդքան կարեւոր երկաթգիծը չեն վերագործարկում: Այդ 90 մլն պարտքը մարելու դիմաց
երեք տարի առաջ ՌԴ-ն ձեռք բերեց Հայաստանի խոշորագույն գործարանները, ինչո՞ւ մինչեւ
հիմա չեն աշխատեցնում դրանք: Ինչո՞ւ «Հրազդան ՋԷԿ»-ը ձեռք բերեցին մնացորդային գնի
կեսի չափով՝ 31 մլն-ով: Չէ՞ որ 90-ականներից հետո այդ համալիրի վրա ծախսվել է 45
մլն-ից ավելի գումար: Հայաստանում գործող ռեժիմի հետ այս գործարքները բազում են:
Բայց Հայաստանում կան մտածող մարդիկ, ովքեր կարող են բացահայտել այդ խորքային պատճառները
եւ երկխոսության գնալ՝ ի նպաստ հարաբերությունների լավացման, ոչ թե հակառակը»: Մեր
զրուցակցին վրդովեցրել է ռուս վերլուծաբանների՝ հայաստանյան ընդդիմության մասին դիտարկումները.
«Հայաստանյան ընդդիմության գերակշռող մասը, սկսած 1995 թվականից մինչ օրս, ուներ
պրոռուսական ուղղվածություն: Նրանք խորհրդային համակարգում ծնված, հասունացած մարդիկ
էին: Ի՞նչ արեց ռուսական քաղաքական էլիտան, չինովնիկը, ինչո՞վ օգնեց այդ նույն ընդդիմությանը:
Ինչպե՞ս արձագանքեց ռուսական քաղաքական համակարգը, պետական ապարատը, երբ անցած տարի
ռեժիմի ձեռքով բանտում հայտնվեց գեներալ Վաղարշակ Հարությունյանը: Ի՞նչ արեցին ռուսները
համախմբելու եւ պահպանելու ռուսական օրիենտացիային դավանող գիտական, հասարակական
շրջանակներին: Այնպես որ, ընդդիմության հիմնական ուժերը ընտրել են ճշգրիտ մոտեցում,
երբ տեսնում են վարվող ռուսական արտաքին քաղաքականության հետեւանքները, որը չի նպաստում
Հայաստանի զարգացմանն ու որի հետեւանքով արտագաղթի մասշտաբները գնալով մեծանում են:
Հայկական գիտական պոտենցիալի մեծ մասը աշխատում է ռուսական գիտական կենտրոններում,
իսկ հայ ժողովրդի մյուս մասը ծառայում է իրենց՝ ինչպես մեքսիկները Միացյալ Նահանգներում:
Եթե իրենք սա համարում են օգնություն… »: Գ. Մարգարյանի համոզմամբ, այս բոլորը
խոսում է այն մասին, որ Ռուսաստանը միմիայն իր խնդիրներն է լուծում: Նա ցավալի է
համարում, որ Ռուսաստանն այսօր նման «պրիմիտիվ» կերպով է խփում Հայաստանին, որն ունի
իր տեղն ու դերը: Ուստի ռուսական շրջանակներին խորհուրդ է տալիս գնահատականներում
լինել ճշգրիտ, քանզի Քոչարյանի քաղաքական կողմնորոշման փոփոխությունները միայն ռեժիմը
երկարաձգելու միտում ունեն: Իսկ՝ «ժողովուրդների դարավոր բարեկամությունն ապացույցն
է նրա, որ որեւէ անհատի, քաղաքական գործչի կամ ոչ լեգիտիմ նախագահի օրիենտացիայի
փոփոխությունները չեն կարող ազդել այդ հարաբերությունների վրա»,- ասում է Գ. Մարգարյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել