Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումը Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացվեց նոր պիես՝ «Վերելքը»: Ներկայացում, որ սկզբից մինչեւ վերջ խաղում է հանդիսատեսի նյարդերի վրա: «Ո՞նց թե», «Էս ի՞նչ էր». ամեն էպիզոդում արտաբերվող «տաբու» բառերի ոչ միայն բարձրաձայն, այլ հաճախ բղավոցով արտաբերվող հոսքը լսելու ու նաեւ տեսնելու անսպասելիությունից ցնցվում է դահլիճը: Արդեն քանի ամառ երեւանցի այս տղան շոգին ու տապին Փարիզից Հայաստան է բերում-հասցնում իր բոլոր ապրումները, վերապրումները, մտքերը, ցավերը, սրամտություն-սրախոսությունների պանտոմիմային ու ելեւէջային կուտակումների պերճանքը: Ներկայացման վերջում, երբ լեփ-լեցուն դահլիճը երկա՜ր, ծափահարում է մեր երեւանցի-փարիզցի սիրելի տղային՝ իր ընտրած ինտերնացիոնալ թատերախմբի հետ, զգում է, որ սրտից գլորվել-ընկել-փշրվել են բոլոր քարերն ու ջաղացքարերը, որովհետեւ իր դիտողականությամբ, իր տեղեկացվածությամբ մեզնից ետ չմնացած, ու իր խիզախությամբ նա մեզնից առաջ ընկած՝ կրել է այդ բեռն իր ուսերին: Եվ երբ այս ամենն արդեն արվել է հայկական դուզխոսությամբ, փարիզյան նրբագեղությամբ, մտավորականի տառապանքով ու ռաբիսի ճոռոյախոսությամբ, պարոնյանական ու գյումրիական կատակաբանությամբ, ու երբ արդեն քանիերորդ անգամ լիուլի վաստակել է հանդիսատեսի համակրանքը, սերը, վստահությո՜ւնը, բռնել է մեր տամարը, ու արդեն ինչ ուզի կանի մեզ հետ, քանի որ արդեն բոլորիս իրենով է արել, կարող է հանգիստ նստել բեմեզրին ու մեր գլխին մի փոքրիկ բարոյախոսություն-դասախոսություն- քարոզ կարդալ: Ու մենք ոչ միայն չենք զայրանում, ձանձրույթից չենք հորանջում, չենք ասում. «Ըհը, հիմա էլ սա սկսեց»,- այլ համաձայնում ենք, որ սա մենախոսություն չէ («Լինե՞լ, թե՞ չլինել՝ այս է խնդիրը»), այլ երկխոսություն, որ սկսվել է ներկայացման սկսվելու հետ, ու որի հմայքն ու կարեւորությունը մեզ դեռ պահում են օղակի մեջ. այն չի ավարտվում…. ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արձակագիր