Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետարանը վարորդներին թողեց անգործ

Օգոստոս 20,2005 00:00

Գյումրիի քաղաքապետարանը վարորդներին թողեց անգործ Երկարատեւ պայքարից հետո քաղաքապետարանը դարձավ «Ուղեւորատար ավտոբուսատրանսպորտային» ՓԲԸ-ի տերը Ինչպես արդեն գրել ենք, դեռեւս տարեսկզբին վեճեր էին սկսվել սնանկ ճանաչված Գյումրիի «Ուղեւորատար ավտոբուսատրանսպորտային» ՓԲԸ-ի գործունեության շուրջ: Պարտատերերը, որոնք երկար ժամանակ համաձայնության չէին գալիս պարկի հետագա գործունեության հարցում՝ շարունակ հետաձգելով իրենց ժողովները, հունվարին վերջապես զիջումների գնացին՝ հնարավորություն տալով ձեռնարկությանը աշխատել մինչեւ հունիսի 30-ին կայանալիք աճուրդ-վաճառքը: Հենց նույն օրն էլ կայացավ աճուրդ-վաճառքը, որի միակ հայտատուն ու մասնակիցը Գյումրիի քաղաքապետարանն էր: Վերջինս առանց առարկելու կնքեց պայմանագիրը եւ դարձավ 4 մլն 80 հազար գնահատված Գյումրիի ավտոբուսային պարկի տերը: Սակայն երեկ, դարձյալ հատուկ խնդրանքով, հրավիրեց պարտատերերի ժողով՝ առուվաճառքի պայմանագրի վերանայման համար: Ժողովը հետաձգվեց ամենամեծ պարտատիրոջ՝ հարկային տեսչության երեւանյան ներկայացուցչին հրավիրելու նպատակով: Ու մինչ քաղաքապետարանը արդեն գնված ապրանքի արժեքն էլ ավելի իջեցնելու հույսեր է կապում, նրա հասցեին հնչում են բազմաթիվ մեղադրանքներ պարկի գործունեությունը դադարեցնելու, մոտ 50 հոգանոց կոլեկտիվին գործազուրկ թողնելու, երթուղիները անհատ քաղաքացիներին տրամադրելու, ինչպես նաեւ կնքված պայմանագիրը խախտելու եւ գումարը ճիշտ ժամանակին չփոխանցելու վերաբերյալ: Պայմանագրի համաձայն, գնորդը 4 ամսվա ընթացքում պետք է վճարի գումարը՝ յուրաքանչյուր ամիս 9 մլն 500 հազար դրամ, բայց մինչեւ օրս վճարել է 5 մլն դրամ: «Ուղեւորատար ավտոբուսատրանսպորտային» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սպարտակ Սահակյանի ասելով, քաղաքապետարանի նպատակը ոչ թե ավտոբուսային պարկի գործունեությունը նորմալացնելն է, այլ երթուղիները վերցնելն ու իր ցանկությամբ շահագործելը: Ըստ մեր տեղեկության, յուրաքանչյուր երթուղու յուրաքանչյուր վարորդից քաղաքապետարանը գանձում է օրական 8 հազար դրամ: «Պարոն քաղաքապետը մի անգամ իր հեռուստաելույթում հայտարարեց, թե որտե՞ղ են ավտոբուսային պարկից ստացված եկամուտները, մենք պատրաստ էինք փաստացի խոսելու, բայց հարցնելու հերթը հիմա մերն է՝ ո՞ւր են գնում երթուղիներից ստացված գումարները»,- ասում է պարկի նախկին տնօրեն Սպարտակ Սահակյանը: Ըստ նրա, տվյալ պահին անգործության մատնված պարկը շատ շուտով այլեւս պիտանի չի լինի, քանի որ երկար ժամանակ չաշխատելուց թե՛ մարտկոցները, թե՛ լրացուցիչ մասերը շարքից դուրս կգան: Իմիջիայլոց, կոլեկտիվի գործազուրկ մնալու վտանգը զգացվում էր դեռեւս հունվար ամսից, եւ վարորդները կտրականապես դեմ էին քաղաքապետարանի՝ ավտոբուսային պարկին տեր դառնալուն: Ինչո՞ւ է քաղաքապետարանը փոխում աշխատողներին: Կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը «Առավոտին» պարզաբանեց. «Գծերի շահագործման իրավունքը տալիս է քաղաքապետարանը, այն գծերը, որոնք նախկինում գործել են ավտոբուսային տրանսպորտային ձեռնարկությունում, հունվար ամսից գործել են անօրինական, որովհետեւ քաղաքապետարանը պայմանագիր չի կնքել նրանց հետ, իսկ ներկա պահին այս մարդկանց հետ համապատասխան պայմանագիր կնքվել է: Այժմ մենք որոշակի խնդիրներ ունենք առուվաճառքի պայմանագրի հետ կապված, գտնում ենք, որ որոշակի դրույթներ անհրաժեշտ է փոփոխել. գույքը գնահատվել է 2004-ի ապրիլի 20-ին, բայց այն աճուրդի է ներկայացվել 2005 մայիսի կամ հունիսի վերջերին: Կարծում ենք, որ 1 տարի չաշխատելուց հետո այն շարքից դուրս է եկել, ամորտիզացիայի խնդիր կա: Մտահոգվելով քաղաքապետարանի բյուջեով, ուզում ենք այդ իրավիճակին համապատասխան գումար վճարել»: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ հունվար ամսին կայացած պարտատերերի ժողովի ժամանակ հենց նույն փոխքաղաքապետը ոչ մի պրոբլեմ չէր տեսնում ու հայտարարում էր, թե իրենք այնքան են մտահոգված պարկի ճակատագրով, որ պատրաստ են ուղղակի վաճառքի կամ աճուրդ-վաճառքի միջոցով պարկը գնել ու երեք օրվա ընթացքում բոլոր պարտքերը մարել: Եվ մի՞թե նախքան ապրանք գնելը չէր կարելի մտածել այդ խնդիրների մասին, հատկապես, որ նախքան պայմանագիր կնքելը քաղաքապետարանի հանձնաժողովը ավտոբուսային պարկում ուսումնասիրություններ էր կատարել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել