ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային ծրագրի համաձայն, 2006-2007 ուստարվա ավարտին կներդրվի քննական նոր համակարգը՝ ըստ կառավարության կողմից հաստատված հայեցակարգի: Այն է՝ մեկտեղել դպրոցի ավարտական քննությունը բուհի ընդունելության քննության հետ: Ըստ այդմ, շրջանավարտները դպրոց-կենտրոններում կհանձնեն ավարտական՝ Ա մակարդակի, եւ բուհ ընդունվելու մրցույթին մասնակցելու՝ Ա եւ Բ մակարդակի քննություններ՝ թեստերի միջոցով: Այդ նպատակով 10 աշխատանքային խմբեր (անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, հայերենի, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության, պատմության) մշակել են թեստեր՝ դպրոցական հին ծրագրերի հիման վրա, որոնցով հիմա բուհերի դիմորդները քննություն են հանձնում: Առաջիկայում նախատեսվում է ընթացիկ թեստերի մշակում, ինչը կարվի արդեն նոր ծրագրերի համապատասխան: «Այսօրվա տեխնիկան թույլ է տալիս լուսածրիչի՝ սկաների միջոցով ստուգել գրավորը՝ առանց իմանալու, թե ում աշխատանքն է: Կան գծանշային կոդեր ճանաչող եւ վերծանող մեքենաներ, որոնցով ծածկագրվում եւ վերծանվում են առաջադրանքները»,- բացատրում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթակարգ, ուսումնական ծրագրեր եւ գնահատում» ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը: Նոր մշակված ծրագրերի նախագծերում, ընդհանուր առմամբ, էական փոփոխություններ չկան, պարզապես ավելացվել են կրթակարգով նախատեսված՝ ճանաչողական, տրամաբանական, հաղորդակցման, համագործակցային եւ ստեղծագործական կարողություններն ու հմտությունները: Հին տարբերակների հետ համեմատած՝ փոփոխությունն այն է, որ ակցենտավորումը հիշողությունից տեղափոխվում է դեպի տրամաբանություն՝ բոլոր առարկաների դեպքում: Էապես կրճատվելու է տեղանունների, թվերի, անունների մասը եւ դրանց տեղը գրավելու են տրամաբանական հարցերը, որոնք մեխանիկական հիշողություն չեն պահանջում: Ըստ էության, Ա եւ Բ տարբերակներն իրարից չեն տաբերվում՝ ընդգրկված թեմաների առումով: Պարզապես Ա-ն ենթադրում է ճիշտ տարբերակի ընտրություն կամ հարցի կարճ պատասխան՝ առանց երկար նկարագրությունների, իսկ Բ-ն պահանջում է առավել մանրամասն նկարագրություն, որտեղ եւ երեւում է դիմորդի տրամաբանությունը: Աշնանը քննությունների այս նոր մեխանիզմը կփորձարկվի Շիրակի մարզում: Արդեն մեկ փորձարկում եղել է 6 մարզերում, որոնք սակայն այնքան էլ մեծ հաջողություն չեն ունեցել: Ըստ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանի, երեխաները դժվարանում էին նոր մեթոդով քննություն հանձնել, եւ դրա հիմնական պատճառն այն էր, որ խթան չկար, այսինքն՝ «քանի որ փորձնական էր, լուրջ չէին մոտենում»: Հայոց լեզվի թեստերի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը նշում է, որ աշակերտները շրջանցում էին հիմնականում շարադրության կետը: Առաջիկա փորձարկման ժամանակ, ըստ նրա, հնարավոր է՝ գնահատականները դիտվեն իբրեւ ստուգարք, որպեսզի աշակերտներն ավելի լուրջ մոտենան, եւ արդյուքն էլ պատասխանատուների համար կողմնորոշիչ լինի: Բերենք հայոց լեզվի թեստերից առաջադրանքների օրինակներ: Ա տարբերակում կարող է, բացի կետադրությունն ու ուղղագրությունը ստուգող առաջադրանքներից, պահանջվել, ասենք, կառուցել 8-10 նախադասությունից բաղկացած ամփոփ միտք: Բ տարբերակում՝ դրա փոխարեն, օրինակ, կտրվի մի նամակ, ինչին դիմորդը պետք է պատասխանի՝ պաշտպանելով որեւէ կարծիք եւ կամ հայտնելով սեփական կարծիքը: Սա, ըստ պրն Գյուրջինյանի, դժվար կետերից մեկը կլինի: Կամ՝ մի շարքում կտրվեն կենդանիների անուններ, իսկ մյուսում՝ փոխաբերական իմաստ արտահայտող նրանց համապատասխանող զույգերը, եւ դիմորդը պետք է ճիշտ զույգեր կազմի դրանցից: Օրինակ՝ արծիվի դիմաց պետք է գրել սրատես մարդ, բազեի դիմաց՝ խիզախ օդաչու: Մեկ այլ առաջադրանքով կպահանջվի խառը դասավորությամբ տրված պարբերությունները դասավորել՝ տրամաբանական հաջորդականությամբ: Ըստ Դ. Գյուրջինյանի, կլինեն ուղեցույցներ, որոնցով դիմորդները կարող են պարապել, իսկ շտեմարաններ չեն լինի: Ռեպետիտորների կարիքը, սակայն, այնուամենայնիվ, կզգացվի. «Եթե նամակը շարադրելու գաղտնիքներ կսովորեցնեն նրանց, թող սովորեցնեն»: Խմբի ղեկավարը չի բացառում, որ սուբյեկտիվիզմի տարր այս ամենում կա, բայց «ողջ աշխարհը այդպես է ստուգում գիտելիքները»: Իսկ ինչպե՞ս է բուհը մրցույթն անցկացնելու: Յուրաքանչյուր բուհ հայտարարում է իր ընդունելության պայմանները՝ նշելով, թե որ մասնագիտության գծով ինչ առարկաներից է մրցույթ իրականացնելու: «Դիմորդները նախապես գիտեն, թե ինչ է իրենց սպասվում,- բացատրում է թեստերի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Վաղարշակ Խաչատրյանը,- բուհը հայտարարում է՝ արդյո՞ք ստացածի մեխանիկական գումարն է պետք, թե ոչ: Ասենք՝ Ճարտարագիտականի որեւէ ֆակուլտետ ընդունում է հայերենի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի գնահատականը. միաժամանակ նա կարող է իր բանաձեւում մատնանշել, թե որն է համարում առաջնային: Օրինակ՝ իրեն ֆիզիկայի գնահատականը կարող է պետք գալ 0.7 մասով, մաթեմատիկան՝ 0.2 մասով, հայերենը՝ 0.1 եւ այլն»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ