ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ ԳՏԵՔ Ասաց ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը եւ մատ թափ տվեց ընդդիմության վրա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը դեռ մեկ-երկու ամիս առաջ էր հայտարարել, որ մինչեւ օգոստոսի 29-ի ԱԺ արտահերթ նստաշրջանի գումարումն ինքը գալու է Հայաստան՝ անձամբ ծանոթանալու սահմանադրական բարեփոխումների եւ այդ հարցով նոյեմբերին նշանակված հանրաքվեի նախապատրաստական գործընթացին: Իր այցի շրջանակներում երեկ, ի թիվս խորհրդարանական ուժերի, ԵԽԽՎ նախագահը հանդիպել է նաեւ ԱԺ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունների ղեկավարների հետ: «ԱՄ» ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ իշխանություններին չվստահող ժողովուրդը սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու դեպքում ընդդիմությանն էլ չի վստահի, եւ երկրում կստեղծվի քաղաքական քաոս: Այս իրավիճակից խուսափելու համար նա առաջարկել է Սահմանադրության լրամշակված տարբերակը հանրաքվեի դնելուց հետո լուծարել խորհրդարանը եւ կազմակերպել սկզբում՝ խորհրդարանական, ապա՝ նախագահական արտահերթ ընտրություններ: Այս նախապայմանով է համաձայն «ԱՄ»-ն Սահմանադրության նոր նախագծի օգտին քարոզչություն իրականացնել: Իսկ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը պահանջել է պատժել նախորդ ընտրությունների կեղծարարներին (կազմակերպիչներին), ճշտել ընտրացուցակները, երկրում վստահության մթնոլորտ ստեղծել: Այլապես, ըստ նրա, տարբերություն չկա՝ իշխանությունները լա՞վ Սահմանադրությունն են խախտում, թե՞ վատը: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխված տարբերակի բովանդակային մասին, ապա, ըստ Ս. Դեմիրճյանի, իրենց մոտեցումները թերի են արտացոլված նախագծում: Երեկ, ավելի ուշ, Ռենե վան դեր Լինդենն ու ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը համատեղ ասուլիս տվեցին, որից կարելի էր եզրակացնել, որ ԵԽԽՎ նախագահն այնքան էլ ազդված չէ ընդդիմության արած հարցադրումներից: Նա նախ հայտարարեց, որ նոյեմբեր ամիսը Հայաստանի համար փորձություն է լինելու ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման համար: Ռենե վան դեր Լինդենը ասաց, թե ԵԽԽՎ-ն կոչով դիմել է ՀՀ իշխանություններին՝ ճշգրտելու ընտրացուցակները եւ «անպատճառ ապահովել նախորդ ընտրություններում ընտրակեղծիքների դեպքերի քրեական գործերի հարուցումն ու հետաքննումը», ինչն, ի դեպ, ԵԽԽՎ-ն 2003-ից ի վեր անում է արդեն մի քանի անգամ եւ՝ ապարդյուն: ԵԽԽՎ նախագահը երեկ հատուկ եւ մի քանի անգամ շեշտեց, թերեւս, ընդդիմության համար, որ «սահմանադրական բարեփոխումները ներկուսակցական շահերի վրա հիմնված քաղաքական քննարկումներ չեն, այլ՝ ամբողջ երկրի շահերից բխող քաղաքական կարեւորագույն խնդիր են»: Նա համարեց, որ առաջարկվող տարբերակը բովանդակության իմաստով շատ ավելի լավն է, քան անցյալում էր, եւ որ այդ նախագծում «հաշվի են առնված ընդդիմության բազմաթիվ պահանջներ»: «Հիմա հույժ կարեւոր է, որ քաղաքական խմբերը, խմբակցությունները միասին աշխատեն եւ փոփոխությունների տեքստում լրացուցիչ բարելավումներ անեն: Հույժ կարեւոր է, որ սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվեն եւ աջակցեն քաղաքական բոլոր ուժերը՝ իշխանական եւ ընդդիմադիր, որովհետեւ բոլոր այդ ուժերը ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացիների առաջ մեծ պատասխանատվություն են կրում: Սա մի փորձություն է, որը ցույց կտա՝ Հայաստանն ընթանալո՞ւ է արդյոք ժամանակակից ժողովրդավարական պետություն դառնալու ճանապարհով, թե՞ ոչ»,- ասաց Ռենե վան դեր Լինդենը: Դիվանագետը նաեւ հատուկ հիշեցրեց սահմանադրական բարեփոխումների ձախողման անցանկալի հետեւանքները, որոնք ավելի սպառնալից թվացին, քան կարող էին լինել, ասենք՝ 2003-2004 թթ. ԵԽԽՎ բանաձեւերում ամրագրված պահանջների չկատարման դեպքում՝ ի հայտ բերել եւ պատժել ընտրակեղծիքների հեղինակներին, մարդու, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարողներին եւ այլն: Այդուհանդերձ, ԵԽԽՎ նախագահը շեշտեց. «Հայաստանի եւ ԵԽ հարաբերություններն անդրադառնում եւ ազդում են նաեւ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վրա: ԵԽ-ին անդամակցելիս ՀՀ պարտավորությունները ստանձնելիս ՀՀ բոլոր քաղաքական ուժերի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը հիմք կծառայի հետագա որոշումների համար ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլեւ ԵՄ-ի եւ այդ կառույցի «Նոր հարեւանություն» ծրագրի մասնակցության հետ կապված որոշում կայացնելիս՝ հաշվի առնելով Հայաստանում Մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության կայացման ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ես կոչ եմ անում բոլոր կուսակցություններին՝ սահմանադրական բարեփոխումների համար պատասխանատվություն ստանձնել եւ թույլ չտալ, որ երկրի շահերից վեր դասվեն կուսակցական, քաղաքական վիճաբանությունները»: Ռենե վան դեր Լինդենը, ըստ ամենայնի, տեղյակ չէր, որ նախօրեին «Արդարություն» դաշինքը, որ համաձայնել էր մասնակցել ԱԺ արտահերթ նստաշրջանում սահմանադրական փոփոխությունների նախագծին, միաժամանակ որոշում էր կայացրել նաեւ հասարակությանը կոչ անել «ոչ» ասել Սահմանադրությանը: «Եթե դա է նրանց վերջնական դիրքորոշումը, ապա ես շատ ափսոսանքով եւ ցավով եմ վերաբերվում դրան, որովհետեւ ԵԽ երկրներից որեւէ մեկն իրավունք չունի զուտ ներկուսակցական խմորումների, ներկուսակցական շահերի հիման վրա դիրքորոշումներ որդեգրել: Պետք է մինչեւ վերջ փորձել գտնել փոխզիջումներ: Եթե արդյունքը իրենց համար գոհացուցիչ չէ, եւ կարեւոր է, թե ինչու գոհացուցիչ չէ, ապա վերջնական արդյունքի գնահատականները՝ կարծիքի իմաստով, կարող են տարբեր լինել: Բայց եթե գործընթացն ավարտին չհասած՝ արդեն ինչ-որ մեկը կարծրացած դիրքորոշում ունի, ապա այդ մեկն իրեն զրկում է տեքստի մեջ իր գաղափարական մոտեցումներն արտացոլելու հեռանկարից: Իսկ սահմանադրական բարեփոխումները միայն այս իշխանությունների կառավարման ժամանակահատվածի համար չեն, որ նախատեսված են: Դրանք նաեւ հետագա իշխանությունների համար են: Ընդդիմադիր որոշ կուսակցություններ պատրաստակամություն են դրսեւորել գնալու կառուցողական երկխոսության, եւ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հենվել այդ կուսակցությունների դրական մոտեցումների, դրական վերաբերմունքի վրա»,- եզրափակեց Ռենե վան դեր Լինդենը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ