Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ» ՈՃՈՎ

Օգոստոս 19,2005 00:00

«ՄԵՐ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ» ՈՃՈՎ Այդպես է իշխանությունն ուզում անցկացնել սահմանադրական փոփոխությունները Հուլիսի 22-ին «Ժողովրդավարություն օրենքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) կազմեց իր եզրափակիչ կարծիքի նախագիծը Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը եւս մեկ անգամ հավաստում է, որ նախագիծը կազմվել է Հանձնաժողովի աշխատանքային խմբին Հայաստանի իշխանությունների կողմից նախնական պայմանավորվածության համաձայն հունիսի 17-ին ուղարկված վերանայված սահմանադրական փոփոխությունների հիման վրա, հիշատակելով նաեւ, որ փոփոխությունները բարելավելու նպատակով հունիսի 23-24-ը անցկացվել է հանդիպում՝ Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատանքային խմբի մասնակցությամբ։ Այնուհետեւ, թերեւս գիտակցելով, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարեփոխումների քննարկման գործընթացին, մեղմ ասած, լիարժեք չէր՝ այդ նույն նախագծի ներածության 7-րդ կետով հնարավոր է համարում, որ Սահմանադրության «այլ ասպեկտներ, որոնք չեն արծարծվել այս կարծիքում, բայց դա արվել է նախորդ կարծիքներում», «արժանի լինեն քննարկման Հայաստանի իշխանությունների, ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության շրջանակներում»։ Դրան հետեւում է առաջարկության մի դրույթ՝ («Հանձնաժողովը կարծում է, որ վճռորոշ է, որ վերջնական տեքստի քննարկումն անցկացվի հանրայնորեն, բաց եւ թափանցիկ ձեւով»), որը, մեր կարծիքով, «Ժողովրդավարություն օրենքի միջոցով» անունը կրող հանձնաժողովի կողմից կազմված փաստաթղթում արժանի էր շատ ավելի շեշտադրված հիշատակման, առավել եւս, որ հանձնաժողովը չէր կարող տեղյակ չլինել, որ նախորդ փուլերում քննարկումների բնույթը բացարձակ հանրային չէր։ Հանրայնության իսպառ բացակայությունը բացատրվում է գլխավորապես նրանով, որ արմատավորվող լիբերտիցիդի (ազատասպանության) պայմաններում, մեզ մոտ հիմնովին խարխլված են հասարակական համաձայնության հիմքերը։ Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ողջ գործընթացի ժամանակ իշխանություններին «հաջողվեց» անտեսել «ներսից», այդ նույն ընդդիմադիր (իսկ երբեմն էլ ոչ այդքան ընդդիմադիր) ուժերի եւ քաղաքացիական հասարակության կողմից արվող առաջարկությունները՝ տեղափոխելով Հիմնական օրենքի՝ մշակումը հասարակության հետ երկխոսության դաշտից՝ Եվրոպական կառույցների հետ համաձայնվելուն, այլ կերպ ասած՝ այդ կառույցներին հաճոյանալու հարթություն։ Դրանով նրանք նենգափոխեցին Սահմանադրության բուն էությունը, որը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների կողմից արտահայտված եւ համաձայնագրի տեսքով ամրագրված հանրային համակեցության սկզբունքների վերաբերյալ ընդհանրական պատկերացումները։ Հասարակության ինքնակազմակերպման այդ պատկերացումները նորմալ հասարակություններում սահմանվում ու ձեւավորվում են քաղաքական-հասարակական գործիչների ու փորձագետների միասնական ուժերով եւ միայն դրանից հետո որպես օրենք են ձեւակերպվում իրավաբան-մասնագետների կողմից։ Այլ հարց է, արդյո՞ք դա հնարավոր էր մեր երկրում, որտեղ ժողովրդի օտարացումը կրում է երկվեկտորային, երկակի բնույթ՝ մի կողմից ժողովրդի համար իմաստազրկվել է հասարակական կյանքին քաղաքացիական մասնակցությունը, նա չի հավատում ո՛չ օրենքի մշակման իր մասնակցության հնարավորությանը, ո՛չ էլ օրենքի գերակայությանը, քանզի նա բազմիցս տեսել է, թե ինչպես են ոտնահարվում օրենքները, իսկ օրինազանցները մնում են անպատիժ եւ շարունակում են մնալ բարձր մակարդակով ընթացող բանակցությունների կողմ։ Մյուս կողմից էլ իշխանությունները, ուրանալով ժողովրդին ծառայելու իրենց կոչումը, ժողովրդին դարձրել են խամաճիկների հավաքածու, ամենակոպիտ ձեւով անտեսելով այդ նույն Սահմանադրության (ինչպես 1995 թ., այդպես էլ փոփոխված տարբերակի) կարեւորագույն դրույթը՝ սահմանադական կարգի հիմունքների 2-րդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Մինչդեռ արդեն իսկ սկզբնական փուլերում ժողովրդի վստահությանը չարժանացած Սահմանադրությունը ոչ միայն դատապարտված է, այլեւ հղի է շատ ավելի վտանգավոր հետեւանքներով, որոնցից ամենաանդառնալին ժողովրդավարության արժեքների վարկաբեկումն է։ Հայ ժողովուրդը իրավունք ունի չհավատալու այն «բարի» մտադրություններին, որոնք ուղղված են վերստին իր կամքը անտեսելով, իշխանությունների՝ սեփական կեցությունը բարելավելուն եւ կայունացնելուն, այն էլ երիցս փորձարկված «մեր դեմ խաղ չկա» կարգախոսի տրամաբանությամբ։ Սահմանադրության սպառողը՝ Հայաստանի քաղաքացին, այդպիսի մթնոլորտում ներկայացված Սահմանադրությանը տված իր վստահության քվեն իրավացի գնահատում է որպես իր հիացմունքը չվայելող իրականության ամրագրում, այլ ոչ թե որպես բարեկեցիկ՝ իրավական եւ ժողովրդավարական ապագայի երաշխավորագիր։ Այնպիսի ապագայի, որի շուրջ հասարակական համաձայնության ձեւավորումը Հայաստանի համար դեռեւս առջեւում է։ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել