Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գենետիկ» սնունդը վնասակար է

Օգոստոս 19,2005 00:00

«Գենետիկ» սնունդը վնասակար է Դրանից վաղուց արդեն հրաժարվում են բոլոր զարգացած երկրները, իսկ մեր երկրում դեռ չեն կողմնորոշվել: Գենետիկ ինժեներիայով ստացված դեղորայքն ու սննդատեսակները, այդ թվում եւ բանջարեղենի սերմերը, մարդու օրգանիզմին հասցրած տարաբնույթ վնասից բացի մերժելի են հենց պետական անվտանգության տեսանկյունից: Դրանց ազդեցությունը հիմնականում ի հայտ է գալիս տասնյակ տարիներ անց եւ մասսայաբար տարածված զանազան հիվանդությունների բուն պատճառ դառնում՝ անդառնալի կորուստ հասցնելով մի քանի սերունդների առողջությանը: Իսկ դրանց տարատեսակներից մի քանիսը փոխանցվում են գենետիկորեն: Մարդու վտանգավոր այս միջամտությունը խիստ տարածված է նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների սերմնարտադրության մեջ: Առաջին հայացքից այդ տեսակի սերմերը բավականին ձեռնտու են՝ «պնդաճակատ» են, այսինքն՝ դիմացկուն, արագ են աճում եւ առատ բերք տալիս: Հենց այս խաբուսիկ պատճառների օգնությամբ են ի սկզբանե լայն տարածում գտել գենետիկ ճանապարհով ստեղծված սերմնատեսակները: Սակայն եվրոպական մի շարք առաջնակարգ լաբորատորիաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքից հետո արդեն ողջ Եվրոպան հրաժարվում է նման սննդամթերքից ու սերմերից՝ նախընտրելով բնական ճանապարհով սնունդն ու բնական վերաճ ապահովող սերմերը: Իսկ դրանք, ինչպես հայտնի է, առաքվում են երրորդ կարգի երկրներ, ինչպիսին, օրինակ, մերն է: Պատահական չէ, որ «Սերմերի մասին» ՀՀ օրենքն ընդունելիս կառավարությունը հեռատեսորեն սահմանել է՝ «օրենքը չի տարածվում գենային ինժեներիայով ստացված սերմերի վրա»: Դրանք ոչ միայն կառավարումից ու կարգավորումից դուրս են, այլեւ՝ փորձաքննությունից: Երեկ գյուղնախարարության «սերմնաբուծության» գծով վարչության պետ Գառնիկ Պետրոսյանն «Առավոտին» ասաց, որ մեր երկրում չկան համապատասխան սարքավորումներով լաբորիատորիաներ, որպեսզի հնարավոր լինի լիարժեք ուսումնասիրել եւ հայտնաբերել ներկրվող սերմնատեսակներում առկա «գենետիկ» տարրերը: Բայց «հույս տվեց», որ սերմեր Հայաստան հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից, իսկ այնտեղ էլ վաճառքում գրեթե բացառվում է նման սերմնատեսակների առկայությունը: Նաեւ հայտնեց, որ պատրաստվում են մշակել հատուկ գենետիկորեն փոփոխված սերմերի մասին օրենքի նախագիծ: Երեկ կառավարությունն ընդունել է սերմերի հավաստագրման մասին որոշում, որտեղ ամրագրված է նաեւ հավաստագրման ենթակա առաջին խումբը: Դրա մեջ բանջարեղենի ամենաշատ օգտագործվող տեսակներն են՝ կարտոֆիլ, լոլիկ, ցորեն, գարի, ձմերուկ, սեխ, սոխ եւ այլն, ընդհանուր հաշվով՝ 10 անուն: Այն ենթատեսակները, որոնք վաղուց կիրառվում են Հայաստանում, կսերտիֆիկացվեն մեխանիկորեն, իսկ նորերը կանցնեն պարտադիր փորձաքննություն: Դրա համար անհրաժեշտ են նորագույն սարքավորումներով լաբորատորիաներ, ինչն ունենալու համար օգնության կգա Համաշխարհային բանկի վարկային ծրագրերից մեկը: «Այսօր գյուղացին չգիտե, թե ի՞նչ սերմ է գնում եւ ցանում, իսկ անհաջող բերքի դեպքում էլ սերմը ներկրող ընկերությանը պատասխանատվության կանչելու իրավական դաշտ ու մեխանիզմ չկա: Այս բոլորը քայլ առ քայլ պետք է ստեղծենք»,- գյուղնախարարության մտահոգությունը հայտնելուց զատ Գ. Պետրոսյանը սփոփված էր նրանով, որ «մեր գյուղացին էլ չի խաբվում մարդասիրական օգնության ճանապարհով ներկրված էժան, անորակ ու շատ հաճախ՝ ժամկետանց սերմերով ու լավ էլ գիտե՝ ինչ գնի»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել