Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդարությունը» կմասնակցի ԱԺ արտահերթին

Օգոստոս 19,2005 00:00

«Արդարությունը» կմասնակցի ԱԺ արտահերթին Երեկ նման որոշում ընդունվեց դաշինքի՝ երկար սպասված նիստում Երեկ «Արդարություն» դաշինքի անդամ 9 կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած նիստում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների քննարկման նպատակով օգոստոսի 29-ին կայանալիք արտահերթ նստաշրջանին մասնակցել-չմասնակցելու, առաջիկա հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասելու հարցը: Հիշեցնենք, որ այս խնդիրը ներդաշինքային տարակարծությունների առիթ էր դարձել: Երեկ, ի վերջո, այդ խնդիրը հանգուցալուծվեց՝ առանց «ապահարզանների»: «Հանրապետությունը» մասնավորապես միանշանակ տեսակետ էր հայտնել այդ հարցի առնչությամբ՝ հայտարարելով, որ կուսակցությունը չի մասնակցելու ոչ միայն խորհրդարանական քննարկումներին, այլեւ «ոչ» է ասելու կոալիցիայի ներկայացրած նախագծին: Մինչդեռ մյուս կուսակցությունները հակված էին քննարկելու դրա նպատակահարմարությունը: Դաշինքը երեկ այս հարցում հանգեց բոլորի համար ընդունելի եզրակացության. քանի որ «Արդարության» սկզբունքային առաջարկները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, նաեւ՝ վստահության մթնոլորտի ձեւավորման պահանջն իշխանական ուժերը չեն կատարել, ուստի դաշինքը սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեին «այո» ասելու կամ հասարակությանն այդպիսի կոչ անելու որեւէ հիմք չի տեսնում: Այդուհանդերձ, «Արդարություն» խմբակցության 14 պատգամավորների զգալի մասը՝ բացառությամբ «Հանրապետության» 3 պատգամավորների, կմասնակցի օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ասելով՝ դաշինքի նիստում որոշվել է, որ բացի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տեսակետ հայտնելուց, օգոստոսի 29-ի ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում խմբակցությունը հանդես կգա նաեւ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարությամբ: Վ. Դալլաքյանը չհամաձայնեց «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի այն դիտարկմանը, թե դաշինքը խմբագրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելու իր պահանջը: Հայտնի էր, որ «Արդարությունը» մինչ այդ՝ գործընթացին մասնակցելու համար, Սահմանադրության 3 սկզբունքային փոփոխություն էր առաջարկել: Ու թեեւ դրանք չեն կատարվել կամ մասամբ են կատարվել, սակայն դաշինքը համաձայնել է մասնակցել սահմանադրական գործընթացին: «Գործընթացին մասնակցելը շատ լայն հասկացություն է, քանի որ դրանով կարելի է սահմանադրական բարեփոխումների տարբերակին ինչպես «այո», այնպես էլ «ոչ» ասել: Այսինքն՝ բովանդակային քննարկումներին մասնակցելը եւ գործընթացին մասնակցելը տարբեր բաներ են, եւ տվյալ պարագայում մենք մասնակցելու ենք գործընթացին: Ընդ որում, բովանդակային քննարկումներ հազիվ թե լինեն: Կարծում եմ, որ եթե մենք մասնակցում ենք գործընթացին եւ ժողովրդին կոչ ենք անում «ոչ» ասել անօրինական իշխանությունների կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումներին, դա լայն իմաստով նշանակում է մասնակցել գործընթացին»: Իսկ արդյոք ԵԽ-ի ճնշո՞ւմն առիթ դարձավ սահմանադրական փոփոխությունների քննարկմանը մասնակցելու մասին որոշում ընդունելու համար: «ԵԽ-ն կոչ է արել ընդդիմությանը մասնակցելու այդ գործընթացին, եւ մենք, ըստ էության, հարգել ենք այդ կոչը, եւ ուղիղ եթերում կփորձենք մեր տեսակետները ներկայացնել հանրությանը, առավել եւս, որ ընդդիմությունը, մասնավորապես՝ հանրային հեռուստաընկերության եթերով զրկված է ժողովրդին դիմելու հնարավորությունից: Ես միանգամայն տրամաբանական եմ համարում, որ ընդդիմությունն օգտագործի խորհրդարանական ամբիոնը եւ ուղիղ եթերով ժողովրդին կոչ անի «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին»,- ասաց խմբակցության քարտուղարը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել