ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԼԱՎԸ ՉԷ Վարդան Պողոսյանը հիասթափված է իշխանություններից «Եթե այսօր մենք համեմատում ենք առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն այն նախագծի հետ, որը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ապա ես արձանագրում եմ, որ այդ նախագիծն իրենից ներկայացնում է շատ լուրջ առաջընթաց, որը գրեթե բոլոր առումներով արդեն մոտեցել է եվրոպական ստանդարտներին: Առաջարկված նախագիծն իսկապես շատ լավ հիմք է ստեղծում քաղաքական համաձայնության մթնոլորտում ընդունելու սահմանադրական փոփոխությունների այնպիսի նախագիծ, որի համար որեւէ մեկը չի ամաչելու, եւ որն իսկապես կարող է ծառայել մեր երկրի իրավական ու ժողովրդավարական զարգացմանը՝ երկար տարիների կտրվածքով»,- այս կարծիքը «Ժողովրդավարություն» հկ-ի նախագահ Վարդան Պողոսյանն արտահայտել է մեկ ամիս առաջ: Այսօր նա փաստում է. «Այն տեսքով, ինչպես որ այսօր նախագիծը գոյություն ունի՝ դեռեւս չի բավարարում ժողովրդավարության ու իրավական պետության բոլոր ստանդարտներին: Սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը դեռեւս կես ճանապարհ է անցել եւ իսկական բարեփոխումների գրավական, երաշխիք ոչ ոք այս պահին չի կարող տալ»: Հունիսյան ոգեւորությունը տեղի է տվել. «Սահմանադրությունը բարեփոխվել է, բայց՝ թղթի վրա: Չկա համաձայնություն իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության միջեւ: Եթե թղթի վրա նախագիծը բարելավվել է, դա դեռ չի նշանակում, որ այն լավագույնն է երկրի համար եւ ժողովուրդն էլ կողմ է քվեարկելու»,- ասում է պարոն Պողոսյանը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքին՝ նա գտնում է, որ «Ընդդիմության գրեթե բոլոր պահանջները մերժվել են եւ Վեհաժողովի վերջին բանաձեւից հետո, չնայած իշխանություններին ուղղված կոչին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության նստելու ընդդիմության հետ, իշխանությունը որեւէ քայլ չի ձեռնարկել: Իմ տպավորությամբ, իշխանությունն առանձնապես շահագրգիռ էլ չէ քաղաքական համաձայնության հասնելու համար»: Ուստի, սահմանադրական հանրաքվեի հաջողության կամ անհաջողության մասին խոսելը մեր զրուցակիցը վաղ է համարում: Հունիսի 23-24-ին Ստրասբուրգում ձեռք բերված համաձայնությունից հետո, պարոն Պողոսյանը այսօր հայտարարում է, որ իր արած առաջարկների «ահագին մասը» չի ընդունվել: Նաեւ՝ «Մեխանիզմների տեսակետից մինչեւ վերջ չեն ամրագրվել սկզբունքային համաձայնությունները: Իսկ եթե այդ մեխանիզմները չեն ամրագրվում, մեր տիպի պետություններում սահմանադրական ամրագրումները կարող են ունենալ հռչակագրային բնույթ»: Հիշեցնենք, որ խոսքը կառավարության կազմավորման, դատական իշխանության իրական անկախության, ռեալ տեղական ինքնակառավարման մասին է: «Ինձ համար զարմանալի է, որ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբը հակադրվում է ԵԽԽՎ վերջին բանաձեւին եւ նույն Վենետիկի հանձնաժողովի հունիսի եզրակացությանը, որտեղ ասված է, որ հանձնաժողովի բոլոր նախորդ առաջարկությունները պետք է հաշվի առնվեն: Հուլիսի 21-ի եզրակացության մեջ ասվում է, որ ցանկալի կլիներ, որ մեր նախորդ եզրակացությունները քննարկվեին ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Արդեն դիրքորոշումների մեծ տարբերություն կա»,- լավատեսությանը փոխարինած տարակուսանքով ասում է Վ. Պողոսյանը: Այս հարցերի պատասխանները նա ակնկալում է ստանալ Ռեն վան դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ: Զարմանալու հաջորդ առիթը Վարդան Պողոսյանի համար Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի եւ դեսպանների հայտնի մամուլի ասուլիսն է: «Եթե հույսը նրանումն է, որ ընդունվի այն նախագիծը, որն այսօր կա», մեր զրուցակիցը կանխատեսում է, որ ընդդիմությունը դրան կողմ չի լինելու եւ հակաքարոզչություն է ծավալելու: «Այն սկզբունքային բոլոր հարցադրումները, որոնք արել էր ընդդիմությունը հունվարի 19-ի հայտարարության մեջ, որեւէ արձագանք չունենան իշխանությունների կողմից, ապա ես վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների հերթական գործընթացը տապալվելու է հանրաքվեի ժամանակ: Այդպիսով իշանությունը կապացուցի, որ իր համար ժողովրդավարական սահմանադրություն ստեղծելու խնդիր չկա: Եթե ընդդիմությունը գիտակցում է, որ գործող Սահմանադրությունը խոչընդոտ է երկրի զարգացման համար, պետք է ավելի հետեւողական առաջ քաշեր իր առաջարկությունները, ոչ թե բավականին պասիվ կեցվածք ընդուներ»,- կարծում է պարոն Պողոսյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ