Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՒՀՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԷՐ «ՄԱՄԱՆ»

Օգոստոս 19,2005 00:00

Վերջերս Մալայզիայում կայացած «Միսս տուրիզմ» մրցույթում 31 երկրների շարքում Հայաստանը ներկայացրեց Սյուզաննա Սարգսյանը։

Հանդիպման սկզբում Սյուզաննան տեղեկացրեց, որ նախօրոք հայ մասնակիցների նկարներն իրենց կենսագրականներով «Ատեքս» մոդելային գործակալությունը ներկայացրել էր Մոսկվայում նույն ոլորտում գործող «Մամա» գործակալությանը, որն էլ հայուհիներից մրցույթին մասնակցելու համար ընտրել էր իրեն։ Մեր հարցին՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը որոշի Հայաստանի «ճակատագիրը», Ս. Սարգսյանն ասաց, որ «Ատեքսը» ի սկզբանե «Մամա» մոդելային գործակալության կազմում է։ ԽՍՀՄ երկրներից մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղըզստանից, Ադրբեջանից, որոնց արդեն Մալայզիայում միացել են Չինաստանի, Սինգապուրի, Ռումինիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ներկայացուցիչները։

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞վ է տարբերվում «Միսս տուրիզմը» գեղեցկության մրցույթից, կամ ի՞նչ պահանջներ են դրվում մասնակիցների առջեւ։ Սյուզաննան պատասխանեց. «ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներս ժամանելով Մալայզիա, ծանոթանալով մրցույթի մյուս մասնակիցներին, անակնկալի եկանք։ Պատճառը՝ Ռումինիայի, Սինգապուրի ներկայացուցիչների հասակն էր. առաջինը՝ 169սմ, երկրորդը՝ 165 էր։ «Միսս տուրիզմ» մրցույթի պահանջները հետեւյալն են՝ անգլերենի իմացություն, պատշաճ ներկայացնել քո երկիրը: Նաեւ կարեւորվում է շփումը մարդկանց հետ»։ Մեր հարցին, թե ինչպե՞ս է ժյուրին ստուգում աղջիկների՝ մարդկանց հետ շփվելու ունակությունը, Սյուզաննան պատասխանեց. «Նախքան մրցույթը ժյուրիի անդամներից ոմանք, որոնց մրցույթի ոչ մի մասնակից չէր ճանաչում, շփվում էին մեզ հետ։ Օրինակ, ինձ համար անակնկալ էր, երբ ժյուրիի անդամ Դենի Դաքերլը (Լիբանան) մոտեցավ ինձ, հայերենով բարեւեց ու իմ որպիսությունը հարցրեց։ Հիշեցնեմ, որ ես միայն մրցույթի ավարտին իմացա, որ նա ժյուրիի անդամ է։ Հետո անգլերենով հաղորդակցվելուց հասկացա, որ նա շատ լավ գիտի Հայաստանը, այստեղ ունի՝ իր ասելով, հիանալի ընկերներ եւ երազում է գոնե մեկ անգամ տեսնել մեր երկիրը»։

Մինչեւ մրցութային օրը անցկացվել են երկու նախնական շոուներ: «Առաջին օրը մասնակիցներս բեմ բարձրացանք Մալայզիայի տարազով, ծնկից վեր շրջազգեստով եւ երեկոյան հանդերձանքով։ Երկրորդ օրը մասնակիցները 3-4 րոպեների ընթացքում պետք է զարմացնեին հանդիսատեսին ու, բնականաբար, ժյուրիին՝ իրենց տաղանդով։ Մեկը երգում էր, մյուսը՝ պարում, իսկ ես նկարեցի՝ փորձելով կտավին հանձնել Վիետնամի ներկայացուցչի դիմանկարը։ Արդեն երրորդ՝ վճռորոշ օրը ներկայացանք տարազներով, պարային որեւէ համարով եւ, ինչպես ընդունված է նման մրցույթներում՝ երեկոյան զգեստով»,- պատմեց հայ մասնակցուհին։ Սյուզաննան նշեց, որ մրցույթին զգեստներն իրեն տրամադրել էր «Ատեքսը», իսկ հայկական տարազի, որը մեր զրուցակցի խոսքերով գերել էր թե՛ ժյուրիին, թե՛ հանդիսատեսին, հեղինակը ճանաչված մոդելյոր Միքայել Դանիելյանն է։

Թեեւ հայուհին մրցանակային տեղ չի գրավել, բայց եղել են համագործակցության տարբեր առաջարկներ, որը Սյուզաննան չցանկացավ բարձրաձայնել։ Մրցույթում առաջինն է ճանաչվել հնդկուհին, երկրորդը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, երրորդ տեղը գրավել է Լիբանանը ներկայացնող մասնակիցը։ Հարցին՝ անաչա՞ռ էր ժյուրին, Սյուզաննան հայտնեց, որ, իր կարծիքով՝ առաջին տեղին արժանի էր Ռուսաստանի ներկայացուցիչը. «Թեեւ ինձ պարզապես գերեց ուկրաինուհին, անգամ հուզվեցի, որ չընդգրկվեց եռյակում։ Ընդհանրապես կարծում եմ, որ նման մրցույթները մեծ փորձ են ոչ միայն արվեստում»։ Վերջին ձեր ասածից կարելի՞ է հետեւություն անել, որ «միսսերի» մրցույթներում էլ դեր է խաղում ֆինանսը եւ ծանրակշիռ հովանավոր ունենալը։ Ս. Սարգսյանը պատասխանեց, որ ժյուրիի կազմում հայ ներկայացուցչի առկայության դեպքում ինքն էլ աննկատ չէր մնա. «Ծանրակշիռ հովանավորների մասին առայժմ չեմ մտածում, քանի որ կարեւորում եմ ուսումս Ռուս-հայկական պետական համալսարանում՝ ապագա տնտեսագետ եմ: Բացի այդ, մոդելային գործունեությունը մշտական չէ: Առաջիկայում պատրաստվում եմ նոր ցուցադրությունների, նկարահանումների՝ գովազդային տեսահոլովակներում»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել