Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայծակնային նիստ Գյումրիում

Օգոստոս 19,2005 00:00

Ուղիղ 5 րոպեում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը լուծեց բոլոր հարցերը

Ինչպես հայտնի է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ երեկ քաղաքապետարանների շենքերում կայացան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդրանիկ նիստերը: Ներկաների վկայությամբ՝ Գյումրու քաղաքապետարանում անցկացված նիստը առանձնացավ իր արտասովոր սցենարով: ԱԺՄ մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանի ասելով, Գյումրիում նիստը տեւել է ընդամենը 5 րոպե: Վահան Թումասյանը ժամը 12-ի փոխարեն ներկայացել է 12 անց 5 րոպե, իսկ այդ ընթացքում օրակարգի բոլոր հարցերը հասցրել էին քննարկել՝ ավագ անդամ ընտրել, նախագահ, տեղակալ, քարտուղարի թեկնածուներ առաջադրել ու քվեարկել, համարյա թե արձանագրություններն են կազմել: Մինչդեռ ԱԺՄ մարզային կառույցի ղեկավարի ասելով՝ 5 րոպեն բավարար չէր անգամ հանձնաժողովի անդամների անձնագրերը ստուգելուն, նախագահի հրամանագրին ու օրենքին թեկուզեւ ձեւականորեն ծանոթանալուն: Վահան Թումասյանի ներկայացնելով՝ իրեն արձանագրությունների կազմման ընթացքին անգամ չեն թույլատրել մասնակցել՝ ներկա լինելով հանդերձ բացակա նշանակելով: Մեծ վիճաբանությունից հետո կողմերը համաձայնության չեն եկել. 8 «կողմ», 1 «բացակայով» կայծակնային արագությամբ որոշել են օրակարգի բոլոր հարցերը: Վահան Թումասյանի գնահատմամբ, արդեն իսկ պարզ է, թե նմանատիպ հանձնաժողովներով ինչպիսի ընտրություններ են սպասվում, սա, ըստ նրա, չի բացառվում, որ հատուկ խաղ է ընդդիմադիր գործիչներին հանձնաժողովներից դուրս հրավիրելու. «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ 3 անգամ չներկայացած անդամը մեխանիկորեն դուրս է մնում հանձնաժողովից: Նիստը, ըստ նույն քաղաքական գործչի, պարզ էր, որ ձեւական բնույթ էր կրում, եւ երկու օր առաջ արդեն իսկ հայտնի էր, թե ովքեր են հանձնաժողովի նախագահը, տեղակալն ու քարտուղարը: Իշխանություններին հարող կուսակցությունները նախնական սցենարի մեջ ոչ մի «խախտում» չեն կատարել՝ ժամանակավոր պաշտոնները բաշխելով կոալիցիոն անդամների միջեւ: Ի դեպ, «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների համաձայն՝ Շիրակի մարզում նախկին 5 ընտրատարածքների փոխարեն կազմավորվել է 4-ը, որից 3-ը՝ Գյումրիում, մեկը՝ Արթիկում: Իսկ Գյումրիում ընտրատարածքները ավելի շատ հայտնի են Ազգային ժողովի պատգամավորների անուններով, քան թվերով, օրինակ, ասենք Բուռնաշի (Աշոտ Աղաբաբյանի) կամ Սամվել Բալասանյանի ընտրատարածք: Գյումրիի թիվ 33 եւ 34 ընտրատարածքներում նախագահի ներկայացուցիչներն են, 35-ը՝ «Օրինաց երկրինն է», 36-ը՝ Դաշնակցությանը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2 տեղակալներ ընտրվել են ՄԱԿ-ից:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել