Նաեւ զավթել է բնակիչներից մեկի հողը, փոխարենն առաջարկելով աշխատատեղ ընկերությունում։
«Հեռախոսը մեծ անհրաժեշտություն է, 17 տարի է՝ չունենք, պարզ չէ՞, որ մենք շատ ուրախ կլինենք, եթե այստեղ էլ «ԱրմենՏելը» նորմալ գործի, բջջայիններ կունենանք, ինտերնետ կմտնենք, բայց՝ ոչ այս պայմաններով»,- այս բողոքով Գյումրիի Գորկու փողոցի բնակիչ Մարիամ Մանուկյանը դիմել էր «Առավոտին»: Ըստ նրա, 2003-ին Գյումրի մտնելուն պես, «ԱրմենՏելը» իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար, քանի որ այն տարածքը, որը «արմենտելցիները» նախատեսել են իրենց նոր մասնաճյուղի շինարարության համար, չնայած քաղաքապետարանի թույլտվության առկայությանը, պատկանել է 3 ընտանիքի: «ԱրմենՏելի» Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հենրիկ Նալբանդյանն իրեն խանգարող բնակիչներին սկզբում փորձել է «փշի-փշի» անել, կանչել է բանակցությունների, որի արդյունքում ազատվել է միայն երկուսից: Ընտանիքներից մեկը քաղաքապետարանի կողմից արդեն պատրաստվում էր ստանալ նոր բնակարան, ուստի նրան 70 հազար դրամ են վճարել՝ 2 ամիս Գյումրիում վարձով բնակվելու համար: Երկրորդի 1 սենյականոցի համար վճարել են 1700 դոլար, մնացել է Մ. Մանուկյանի 3 սենյականոց բնակարանը, որի դիմաց առաջարկել են 6 հազար դոլար: Չունենալով սեփականության վկայական՝ նա փորձել է շուտափույթ օրինականացնել իր տունն ու տնամերձ հողամասը, բայց այդպես էլ չի կարողացել: Նրա դիմումներին ի պատասխան, քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը հայտնել է. «Ձեր շինությունը կարող է օրինականացվել, եթե քանդվի տան մի հատվածը, որը փաստացի տեղավորված է «ԱրմենՏելին» հատկացված հողամասում»: Քանդման ենթակա հատվածը տնամերձ հողամասն է, որը 4 հոգանոց ընտանիքի բյուջեի ամենամեծ մասն է ապահովել. «Ամեն ինչ ունեի՝ բալենի, տանձենի, թթենի, կեռասենի, ամեն տեսակի բանջարեղեն: Մենակ տարեկան 300-400 կգ տանձ էի հավաքում»,- ափսոսանքով պատմում է տիկին Մարիամը: Վերջինիս խոսքերով՝ «եթե ես կարողանայի այդ գնով համապատասխան բնակարան գտնել Գյումրիում, մեծ սիրով կհամաձայնեի, բայց փնտրել եմ, չեմ գտել»: Խոսքը ոչ թե բազմաբնակարան շենքերի մասին է, այլ՝ առանձնատան. «Ես երկրաշարժ տեսած մարդ եմ, կուզեմ մենակ գետնի վրա ապրեմ, ոչ թե՝ օդի մեջ: Սա իմ պահանջն է: 6000 դոլարով, իհարկե, կարող ես տուն գնել, բայց՝ միայն վթարային շենքերում, որտեղ կամ նկուղներում ջուր է լցվում, կամ ահավոր անհարմար պրոյեկտ է»: Ամեն դեպքում, բնակչի պահանջը բանակցությունների արդյունքում չեն բավարարել՝ հայտնելով, թե «մտափոխվել ենք, դուք էլ մեզ չեք խանգարում, մենք այլ տարածք ենք վերցնում»:
Բայց 6-7 ամիս անց՝ 2004-ի օգոստոսին, բանվորների խումբ է եկել ու շինարարություն սկսել տան դիմացի տարածքում: Փորելու ընթացքում էլ, ինչպես հետո է պարզվել, վնասել են թաղամասի ջրի խողովակը, ինչի հետեւանքով բնակիչները 7 ամիս ջուր չեն ունեցել, դույլերով բերել են մոտակա թաղամասերից: «ԱրմենՏելի» աշխղեկը բնակիչների մոտ նույնիսկ արդարացել էր, թե գիծը վնասելուն պես իրենք «Ջրմուղ-կոյուղուն» տեղյակ են պահել, այնտեղից էլ եկել են, տարածքն ուսումնասիրել ու հրահանգել՝ «երեւի ավելորդ երակ է, փակեք-գնա»: Բնակիչները ստիպված են եղել 20 հազարական դրամ տալ ու սեփական միջոցներով վերականգնել խողովակի վնասվածքը՝ «հըբը ի՞նչ էնեինք, ջուր չունեինք»: Խնդիրը հարթվելուց հետո սկսվել է բուռն շինարարությունը՝ տարածքի պարսպապատումը: Տիկին Մարիամի խոսքերով՝ «քանի կաշեինք, պարիսպը մեր վրա կուգար, կմոտենար մեր բնակարանին»: Մի օր էլ, երբ տանտերերը բացակայել են, վերադառնալուն պես հայտնաբերել են, որ իրենք այլեւս հողամաս չունեն. այն հայտնվել է «ԱրմենՏելի» պարսպից ներս: Օր օրի պարիսպն սկսել է բարձրանալ՝ «կտրելով» Մ. Մանուկյանի տան լույսը: Բացի այդ, վերջինիս պատմելով՝ եթե մի քիչ էլ գիրանա, այլեւս չի կարող մտնել տան հետնամասում գտվող «չուլանները», հիմա դեռ «կողքանց» մի կերպ անցնում է:
Այս պատմությունը խճճել է քաղաքապետի տեղակալը, քանի որ շարունակ բնակչին հույս է տվել, թե «սեփականաշնորհումը հա էլ կլինի, «ԱրմենՏելն» ո՞վ է, որ գա՝ քո տարածքն առնի», իսկ հիմա էլ ասում է, թե՝ «հարցերն «ԱրմենՏելի» հետ պարզեք»: Այնինչ տիկին Մարիամի «ամոթանքներին» ի պատասխան «ԱրմենՏելը» միշտ պնդել է, թե տարածքը քաղաքապետարանն է իրենց առաջարկել:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ