Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՄԵՂ Է, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՂԱՎՈՐ

Օգոստոս 19,2005 00:00

Կարծում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– Արդյոք «Հանրապետություն» կուսակցությունը, չմասնակցելով օգոստոսի 29-ի ԱԺ նիստին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների խոսքով ասած՝ իրեն խաղից դո՞ւրս է դնում կամ հարվածո՞ւմ է սեփական դարպասին:

– Խաղից դուրս լինում են նրանք, ովքեր գործընթացներին չեն մասնակցում կամ տեսակետ չունեն: Մենք հստակ տեսակետ ունենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, եւ այն՝ խաղին մասնակցելու իմաստով, հարձակվողի տեսակետ է: Մենք կարծում ենք, որ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների պատասխանատուն ամենեւին էլ անկատար Սահմանադրությունը չէ: Մենք կողմնակից ենք սահմանադրական փոփոխություններին եւ չենք համարում, որ գործող Սահմանադրությունը կատարյալ է: Մյուս կողմից, ընդգծում ենք, որ գործող Սահմանադրության մեջ էլ գրված չէ, որ ընտրությունները կարելի է կեղծել, որ երթեր, հանրահավաքներ անել չի կարելի, կամ մարդն ազատ տեղաշարժի իրավունք չունի: Այսինքն՝ խնդիրը ոչ թե օրենքի, այլ այդ օրենքը կատարելու կամքի մեջ է: Երբ երկրում ամեն օր օրենք է ոտնահարվում, իսկ այս իշխանություններին կարելի է «Գինեսի» գրքում գրանցել՝ որպես Սահմանադրության գրեթե բոլոր դրույթները խախտողի, խոսել Սահմանադրության փոփոխությունների մասին՝ ուղղակի անհեթեթ եմ համարում:

– Եթե այս նույն նախագիծը ներկայացրած լիներ երկրի Սահմանադրությունը չոտնահարած եւ լեգիտիմ իշխանությունը, Դուք այս փոփոխություններին կողմ կլինեի՞ք:

– Դուք ինձ հիմա ներքաշում եք փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ, ինչը ներկա պահին անիմաստ եմ համարում: Բայց, իհարկե, եթե լիներ նորմալ իշխանություն եւ երկրում լիներ այնպիսի մթնոլորտ, երբ հնարավոր կլիներ արդար ընտրություններ, հանրաքվե անցկացնել, իսկ այսօր որեւէ բան չի փոխվել 2003-ի համեմատությամբ, մենք կքննարկեինք բարեփոխումների նախագիծը եւ առաջարկներ էլ կանեինք: Այսօր որեւէ մեկը չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք հնարավոր է արդար ընտրություններ անցկացնել:

– Միջազգային կառույցները ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումները կարեւորում են նաեւ այն պատճառով, որ դա Հայաստանի՝ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններից մեկն է: Հիմա եթե, մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցությունը կոչ անի ժողովրդին «ոչ» ասել այդ փոփոխություններին, եւ հանրաքվեով իրոք դրանք չընդունվեն, կստացվի, որ Հայաստանն իր պարտավորությունը չի կատարել: Ինչպե՞ս է այս դեպքում մատուցվելու կուսակցության քայլերը:

– Հայաստանը, բացի Սահմանադրությունը բարեփոխելու պարտավորությունից, շատ այլ պարտավորություններ էլ է ստանձնել, որոնք, ըստ իս, շատ ավելի կարեւոր են: Դրանց մի մասը վերաբերում է անկախ դատական համակարգ, ազատ շուկայական դաշտ ապահովելուն, ազատ մամուլ ունենալուն եւ ամենակարեւորը՝ արդար ընտրություններ անցկացնելուն: Ժողովրդավարություն հնարավոր է կառուցել առաջին հերթին հենց այս հիմնական սկզբունքների ապահովման դեպքում: Եթե սրանք չկան, միջազգային կառույցի, ԵԽ որեւէ ներկայացուցիչ չի կարող երաշխավորել, որ որեւէ ընտրություն, հանրաքվե կանցնեն արդար ու թափանցիկ:

– Այդ դեպքում ինչո՞ւ է միջազգային հանրությունը շեշտադրումն անում հատկապես սահմանադրական փոփոխությունների ընդունման վրա, երբ նույն ԵԽԽՎ-ի ընդունած կոշտ բանաձեւերը Հայաստանի մասով տակավին կատարված չեն:

– Թերեւս ճիշտ կլիներ այդ հարցն իրենց ուղղել, որովհետեւ երեք տարի շարունակ միջազգային կառույցների ներկայացուցիչներն անընդհատ այցելում են Հայաստան ու իրենց թղթերում նշում, որ «Ա1+»-ը պիտի բացվի, եւ համոզված եմ՝ չորրորդ տարին էլ են գալու նույն բանը գրեն ու գնան: Այդ խնդիրն իրենք պետք է քննարկեն իրենց աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Եվրոպական երկրները պետք է հասկանան, որ Հայաստանում գործող իշխանությունները տոտալիտար իշխանություններ են եւ ժողովրդավարության որեւէ ռեսուրս չունեն: Եթե իրենք այս իշխանությունների մեջ այդ ռեսուրսը տեսնում են, ապա Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսը դա չի տեսնում: Դրա համար իրենց ներկայացրած սկզբունքներն ու մոտեցումները Հայաստանում չեն գործում եւ չեն գործելու: Նաեւ դրա պատճառով է, որ սահմանադրական փոփոխությունները մեր երկրում մեծ աջակցություն չեն ստանա, իսկ Սահմանադրության «ոչ»-ը միանշանակորեն ապահովված է: Խնդիրն այստեղ ոչ այնքան սահմանադրական փոփոխությունների դեմ առարկություններն են, որքան այս իշխանությունների նկատմամբ խոր անվստահությունը: Հենց այդ պատճառով է, որ հասարակությանը ընդունվող օրենքները բացարձակապես չեն հետաքրքրում: Հասարակությունը գիտի, որ այս իշխանությունների համար կարեւոր չէ, թե որ օրենքն են իրենք խախտում՝ լա՞վը, թե՞ վատը: Ի վերջո, հիշեք, որ ԵԽ-ի պահանջով էր, որ բարեփոխվեց ԶԼՄ-ների մասին օրենքը, ստեղծվեց ՀՌԱՀ, որից հետո «Ա1+»-ն ու «Նոյյան տապանը» փակվեցին: Հիմա օրե՞նքն էր վատը, թե՞ կատարողը: Եթե միջազգային կառույցներն այդ հարցին կպատասխանեն՝ ես էլ կպատասխանեմ ձեր հարցին:

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել