Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդիկները պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից

Օգոստոս 18,2005 00:00

Հնդիկները պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից «Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերությունը, որը 2002-ից ամբողջությամբ ստանձնել է Մեղրաձորի ու Սոտքի հանքավայրերի շահագործումը, աշխատակիցների համոզմամբ, պատրաստվում է դադարեցնել այն: Հանքավայրի աշխատակիցներն այդ հետեւության են հանգել այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ ընկերությունն սկսել է ամենահարուստ՝ 1-ին հանքամարմինը շահագործել, որը, նրանց ասելով, գերհարուստ հանքամարմին է, էքսկավատորի ամեն շերեփի մեջ 2-3կգ-ից ավելի ոսկի կլինի: Շուտափույթ հեռանալու մասին համոզմունքն առավել ամրապնդվել է՝ տեսնելով, որ հարուստ հանքանյութը հանելուց հետո բացված հանքամարմինը ծածկում են հողով՝ տեղում թողնելով ավելի փոքր տոկոսայնության ոսկին: «Աշխարհում այդպիսի բան չկա, որ հանքամարմնի վրա հող լցնեն ու առաջ գնան, դա նշանակում է, որ ոսկու փակ հանքը հնդիկները չեն շահագործելու»,- ասում են նրանք: Ընկերությունն այդ աշխատաոճին անցավ այն բանից հետո, երբ վերջերս հանրությունը մերժեց հասարակական քննարկման ներկայացված Սեւանում ոսկու նոր հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու նրանց նախագիծը: «Սթերլայթ գոլդ լիմիթեդը» հայտարարեց, որ պատրաստ է 80 մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարել Վարդենիսում ոսկու մշակման նոր ձեռնարկություն կառուցելու համար: Նրանց ասելով, ավելի ցածր տոկոսով հանքաքարն Արարատ տեղափոխելը շահավետ չէ, իսկ եթե Սոտքում գործարան կառուցվի, ապա հանքը կշահագործվի 10 եւ գուցե ավելի տարիներ, եւ, նախնական հաշվարկով, 9 տարում կարդյունահանվի 40 տոննա ոսկի։ Իր առաջարկն ընկերությունը հիմնավորեց նրանով, որ դառնալով 100%-ի սեփականատեր, 2004-ին Սոտքում պաշարների վերահաշվարկ է կատարել, փորձնական հանքահանում է արել, որից հետո հայտարարել, թե երկրաբանների ներկայացրած պաշարները չեն հաստատվում: Ըստ ընկերության ղեկավարության՝ Մեղրաձորում ոսկու պաշարներ չկան, մի փոքր հանք է աշխատում, իսկ Սոտքի ոսկու բարձր տոկոս ունեցող հանքաքարը երկու տարուց կսպառվի։ Ձեռնարկության ներկայացրած պաշարների քանակի հետ համամիտ չեն տեղի երկրաբանները: Նրանք պնդում են, որ ընկերությունը Մեղրաձորում հետազոտելուց հետո ոչ թե 40, այլ մոտ 80 տ հետախուզված պաշար հաստատեց, որից ցնծության մեջ են: Բայց որպեսզի ավելի մեծ շահույթ ստանան, ներկայացրին, որ 40 տ ոսկու հաշվարկված ծավալ կա եւ Հայաստանի կառավարությանը փորձում են համոզել, որ ֆաբրիկան տեղափոխեն Սոտք: Վարդենիսում հաստատակամորեն պնդում են, որ այս մեկը ոչ մի պայմանով թույլ չեն տա՝ «այստեղ տոննաներով ցիան են գործածում, իսկ 1 կգ ցիանը 6 մլն մարդ է սպանում»: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ www. hetq.am-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել