Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈ՞ՒՄ

Օգոստոս 18,2005 00:00

1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հռչակում է.

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:

Հոդված 50. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հոդված 54. Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ժողովրդին տված երդմամբ:

Մինչդեռ հայտնի է, որ ՀՀ երկու նախագահները 2-ական անգամ երդվել են ԱԺ հատուկ նիստում՝ աջ ձեռքը միաժամանակ դնելով Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա:

Այն, որ նախագահը պարտավոր է երդվել Սահմանադրությամբ, ամրագրված է նույն այդ Սահմանադրությամբ, քանի որ հոդված 49-ում ասվում է. ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Սակայն անհասկանալի է, թե ինչու պետք է նախագահը ձեռքը դնի Աստվածաշնչին: Իսկ եթե նա, ասենք, աթեիստ է……

Հիշում եմ, նախագահական առաջին ժամկետի ընթացքում, մի հեռուստահարցազրույցի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հաղորդավարի հարցին, ասաց, որ ինքը աթեիստ է: Ինձ՝ աթեիստիս համար, դա հաճելի նորություն էր: Սակայն մեծ եղավ զարմանքս, երբ 2-րդ անգամ ընտրվելուց հետո, նախագահը ԱԺ ամբիոնին կանգնած երդվեց՝ ձեռքը Սահմանադրությանը եւ Աստվածաշնչին դրած:

Կարծում եմ, որ մարդուն, այն էլ Հայաստանի Հանրապետության նախագահին, անտեսելով նրա կրոնական համոզմունքները, պարտադրել երդվել Աստվածաշնչի վրա՝ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում եւ գիտությունների դոկտոր է, ներկայիս նախագահը ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում եւ եղել ակտիվ կոմերիտական ու կուսակցական գործիչ: Չի բացառվում, որ հետագա նախագահներից մեկն էլ կարող է լինել երդվյալ աթեիստ, Աբխազիայում կամ Թուրքիայում ծնված մահմեդական համշենահայ: Ինչ է, նրա՞ն էլ պիտի պարտադրեն երդվել ձեռքը Ավետարանի վրա դրած…

Կարծում եմ, որ ՀՀ նախագահի երդման արարողակարգից պետք է հանել Ավետարանի առկայության անհրաժեշտությունը, եւ Աստվածաշնչի՝ 7-րդ դարի հայերեն ձեռագիր Վեհամոր Ավետարանի վրա երդվելը թողնել միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի մենաշնորհը:

Չէ որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է, որ մեր երկիրը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», այլ ոչ թե կրոնապետություն:…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հոգեբույժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել