Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթ՝ առանց Հայաստանի ու Արցախի

Օգոստոս 18,2005 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր այն մասին, որ Հոլիվուդում օգոստոսի 6-13-ը կայանալիք աշխարհի կատարողական արվեստների 9-րդ առաջնությանը այս տարի Հայաստանը չի մասնակցի, չեն մասնակցի նաեւ առաջին անգամ Ղարաբաղից առաջնությանը հրավեր ստացած արվեստագետները։

Ըստ www.azatutyun.am-ի երեկ տարածած լուրի, Հոլիվուդում ավարտվել է առաջնությունը եւ, որին չնայած չկարողացան մասնակցել հայաստանցիները՝ վիզաների եւ արցախցիները՝ իշխանությունների կողմից անտեսվելու պատճառով, այնուամենայնիվ, Հայաստանի եւ Արցախի դրոշների ներքո մասնակցեցին այլ երկրներում բնակվող հայեր։

Ջութակահարուհի Անի Վուխուջյանը Հայաստանին բերեց 3, դաշնակահարուհի Գայանե Մելիքյանը՝ 4 ոսկե մեդալ։ Պարարվեստի ոլորտում Հայաստանին ոսկե մեդալներ բերեցին Լոս Անջելեսի հայերը։ Արցախին պարգեւներ բերեց «Քարավան» դանս-ստուդիան։ Վոկալի բնագավառում Սոսի Մարտիրոսյանը (Կանադա) Արցախին բերեց 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալ։ Ըստ նույն աղբյուրի, ժյուրիի կազմում միակ հայը աշխարհահռչակ տենոր Վահան Միրաքյանն էր։ Ըստ երգչի, անգամ Հարավային Աֆրիկան ներկայացնում էր 150 կատարողներից բաղկացած թիմ՝ պետական հովանավորությամբ. «Ցանկալի է, որ Հայաստանը նույնպես հատուկ բյուջե ունենա նման մրցույթներին տաղանդավոր երիտասարդներ ուղարկելու համար»։

«Առավոտը» կապվեց առաջնության հայկական բաժնի տնօրենի հայաստանյան ներկայացուցիչ Վազգեն Բաղդասարյանի հետ։ Պարոն Բաղդասարյանը հաստատելով «Ազատություն» ռ/կ-ի լուրը, փոխանցեց հետեւյալը. «Անխոս՝ ուրախ ենք Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հաջողություններով։ ԱՄՆ-ում առաջնության հայկական բաժնի տնօրեն Արտակ Բաղդասարյանը նույնպես ոգեւորված է եւ ուրախ մեր հայրենակիցների հաջողություններով, բայց նա էլ գտնում է, որ «սա ձեւ չէ, մեր իշխանությունները պետք է համապատասխան եզրակացություններ անեն կատարվածի առիթով: Ի վերջո, պիտի կարգավորել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսարանի աշխատակիցների այն կարծիքը, թե հայաստանցի արվեստագետները անվստահելի են՝ եթե ստանան վիզա եւ մեկնեն, ապա ետ չեն վերադառնա»։

Մեր տարակույսին՝ իսկ մեդալները կբերվե՞ն Հայաստան, պրն Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել, հայտնելով միայն, որ ինքը այս հարցի առնչությամբ կխոսի ԱՄՆ-ում հայկական բաժնի տնօրենի հետ եւ «Առավոտին» կփոխանցի նրա խոսքը։

Ս. ԴԱՆԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել