Նվարդ Գեւորգյանի մահը հնարավոր էր կանխել։ Այդպես են կարծում բժիշկ-փորձագետները։ Սակայն ինչո՞ւ չի կանխվել, ինչո՞ւ բժշկական սխալի հեղինակները մինչեւ օրս չեն կրել իրավական պատասխանատվություն, ինչո՞ւ Գեւորգյանների ընտանիքին չի տրվել բարոյական, նյութական փոխհատուցում։ 1994 թ. հունիսի 3-ին Երեւանի «Սուրբ Ներսես Մեծ» հիվանդանոցում 24-ամյա Նվարդ Գեւորգյանին նախապատրաստել են աջ ոտքի ջլի պլաստիկ վիրահատության։ Նա հիվանդանոց էր ընդունվել «աքիլլեսյան ջիլի բնածին կարճացում եւ ոտնաթաթի առաջնային մասին դեֆորմացիա» ախտորոշմամբ։ Անեսթեզիոլոգ Կառլեն Ղարիբյանը կատարել է ընդհանուր անզգայացում։ Ն. Գեւորգյանը մահացել է հենց վիրահատական սեղանի վրա։
«Սուրբ Ներսես Մեծի» բժիշկները մինչեւ օրս հավաստիացնում են, թե ախտորոշված էին Նվարդի հիմնական հիվանդությունները։ Գեւորգյանի հարազատները տեղեկացնում են, որ իրենց աղջիկը պատրաստ է եղել վիրահատման, տվել էր անալիզներ։
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի նախկին օգնական Զորիկ Հովհաննիսյանի որոշմամբ՝ մերժվել էր քրեական գործ հարուցել։ Ըստ փորձագետների, Ն. Գեւորգյանի մահը վրա է հասել սուր թթվածնային քաղցի հետեւանքով։ Իսկ դատախազի օգնական Զ. Հովհաննիսյանի կարծիքով՝ «Ն. Գեւորգյանի մահը արդյունք է դժբախտ պատահարի»։
ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող` Եվա Դարբինյան) հանգել էր այն հետեւության, որ «չեն հրավիրվել եւ չեն հարցաքննվել հիվանդի հետ առնչվող նեղ մասնագետները, ինչպես նաեւ պատշաճ քննություն չի տարվել, այսպես կոչված, «դժբախտ պատահարի» պատճառների ուղղությամբ»։ Դատարանը գիտեր նաեւ, որ նախապատրաստված նյութերով պետք է հարուցվեր քրեական գործ։
Փորձաքննություններ են անցկացվել դեպքից տարիներ անց, 2004 թ. հուլիսի 27-ին եւ 2005 թ. հուլիսի 20-ին։ Ուշադրությունից, թերեւս, վրիպել է փորձագետների այն կարծիքը, թե «դեղերի նկատմամբ ալերգիա չի նշվում» եւ հատկապես այն հանգամանքը, որ Ն. Գեւորգյանը դիմային նյարդի վիրահատությունների է ենթարկվել 4 անգամ, իսկ կատարված ընդհանուր, տեղային անզգայացումներն էլ ավարտվել էին առանց բարդությունների։ Հետեւաբար, ծնողների չփարատված կասկածները, թե իրենց աղջիկը մահացել է բժշկական սխալի հետեւանքով՝ կարող են մոտ լինել իրականությանը։ Գուցե ճիշտ էին նաեւ այն փորձագետները, որոնց կարծիքով սխալ միջամտությունները Ն. Գեւորգյանի մահվան պատճառի հետ գտնվում են պատճառական կապի մեջ։ Եվ բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր էր կանխել մահը։
Գեւորգյանները դիմել են ՀՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով «բացել այս գործը»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ