Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՇԵՆԵՐ

Օգոստոս 18,2005 00:00

Դրանք ադրբեջանական մամուլում համաձայնեցված (գուցե պետական) քաղաքականություն են, իսկ մեր թերթերում՝ տվյալ լրատվամիջոցի տեսակետը:

Երեւանի մամուլի ակումբը, իր վրացական եւ ադրբեջանական գործընկերների հետ մեկտեղ, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Հարավային Կովկասի երկրների մամուլի այս տարվա հունվարից մարտ ամիսների հրապարակումների վերլուծություն: Ուսումնասիրությունն անցկացվել է «Հարավային Կովկասի հասարակությունն ու ԶԼՄ-ները. տարածաշրջանային խնդիրների փոխընդունելի լուծումների փնտրտուք» ծրագրի շրջանակներում:

Հետազոտությունը կատարվել է հետեւյալ սկզբունքով՝ ադրբեջանցի մեկնաբանը կատարել է հայկական եւ վրացական թերթերի ամենշաբաթյա տեսություն, հայ մեկնաբանը՝ վրացական եւ ադրբեջանական, իսկ վրացին՝ ադրբեջանական եւ հայկական: Որպես հետազոտության առարկա՝ ընտրվել են «Զերկալո», «Էխո», «525» (Ադրբեջան), «Ազգ», «Առավոտ», «Գոլոս Արմենիի» (Հայաստան) եւ «Ախալի Թաոբա», «24 սաատի», «Սվոբոդնայա Գրուզիա» (Վրաստան) պարբերականները: Հիշյալ թերթերում հետազոտողները ուսումնասիրել են հարեւան երկրներին վերաբերող նյութերը:

Ըստ մեկնաբանների, հետազոտվող թերթերում հարեւան երկրների իրավիճակների լուսաբանումը բնութագրվում է մի ընդհանուր թերությամբ. դրանք ժամանակին եւ համարժեք չեն արտահայտում տեղի ունեցած իրադարձությունները: Լրագրողների ուշադրությունից վրիպել են փաստեր, որոնք հասարակությանը կօգնեին լավ պատկերացնել հարեւան երկրների քաղաքացիներին հուզող խնդիրները: Այսպես, օրինակ, փետրվարին ադրբեջանական երեք ուսումնասիրվող թերթերից եւ ոչ մեկն ուշադրության չի արժանացրել հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու ձերբակալության փաստը: Իսկ նրանցից երկուսը որեւէ ձեւով չեն արձագանքել իրենց գործընկերուհի Էյնուլա Ֆաթուլաեւայի այցին՝ Լեռնային Ղարաբաղ: Իր հերթին եւ ոչ մի հայկական թերթ չի հաղորդել այն մասին, որ մարտի վերջին Ադրբեջանում ներման է արժանացել 114 բանտարկյալ, այդ թվում՝ 53 քաղբանտարկյալ: Մարտի վերջին վրացական երեք թերթերից 2-ը չեն հաղորդել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից «Ալ-Քայիդայի» հետ կապված մի խմբի ձերբակալման մասին: Վրացական եւ հայկական թերթերը արհամարհել են Ադրբեջանի ազգային տարադրամի դենոմինացիայի փաստը փետրվարի կեսերին, եւ այլն:

Ընդհանուր առմամբ, հետազոտողների կարծիքով, ամենաշատը ադրբեջանական մամուլն է հետաքրքրված իր երկու հարեւանների կյանքի լուսաբանությամբ, իհարկե՝ մի կողմ թողնելով նրանց լուսաբանումների ուղղվածությունն ու շեշտադրումները:

Փորձագետները բերել են հարեւանների նկատմամբ թերթերում բերվող անընդունելի կլիշեների ցանկը, որոնք ձեւավորում են հարեւան երկրների եւ նրանց բնակիչների հանդեպ բացասական էմոցիաներ եւ առաջացնում են պատասխան նեգատիվ ռեակցիա: «Կլիշեի» տակ ընդունվել են բացասական ենթատեքստով բառերն ու կապակցությունները, օրինակ՝ հայկական մամուլում հանդիպող «ազերիները»՝ ադրբեջանցիների փոխարեն: Անընդունելի կլիշեներից ամենաշատ օգտագործվողը, որ ֆիքսել են հայ հետազոտողները ադրբեջանական թերթերում, հետեւյալն է՝ «հայ սեպարատիստները», «ղարաբաղցի սեպարատիստները», «սեպարատիստական ռեժիմ», «սեպարատիզմի օջախ»: Սրանք երեք թերթերում տեղ են գտել 89 անգամ: Ըստ հայ էքսպերտի, «սեպարատիստ» բառը գրեթե նույն ազդեցությունն է թողնում հետխորհրդային տարածաշրջանի ժողովուրդների վրա, ինչ «էքստրեմիստ» կամ «ահաբեկիչ» բառերը: Ադրբեջանցիների կողմից օգտագործվող կլիշեներից երկրորդ եւ չորրորդ տեղերում են «օկուպացված տարածքներ», «Ղարաբաղի օկուպացիա»՝ 72 անգամ, եւ «ՀՀ ագրեսիա», «հայ ագրեսորներ», «Ադրբեջանը՝ ագրեսիայի զոհ»՝ 58 անգամ: Երրորդ տեղում է «Խոջալուի ցեղասպանությունը» կլիշեն, որ օգտագործել են 64 անգամ: Ըստ հայ փորձագետի, Խոջալուում կատարվածը չի համապատասխանում «ցեղասպանություն» բառի միջազգային մեկնաբանությանը: Մյուս անընդունելի կլիշեներից է, օրինակ, 1915թ. դեպքերի մասին չակերտներում վերցված «հայերի ցեղասպանությունը» բառակապակցությունը, որը երեք ամսում 41 անգամ օգտագործվել է: Չակերտներում են վերցվում նաեւ ԼՂՀ-ն՝ 46 անգամ, ԼՂ պաշտոնյաներն ու պաշտոնական հաստատությունները: 31 անգամ Ստեփանակերտի փոխարեն գրվել է «Խանքենդի», ինչը նույնպես անընդունելի է, քանի որ բնակավայրի անունը փոխելը այդ տեղանքի բնակիչների գործն է: Պետք է նկատել, որ նշված բառերն ու կապակցությունները չակերտների մեջ վերցնելը համատարած բնույթ ունի, եւ կարելի է խոսել տարվող քաղաքականության մասին:

Ադրբեջանցիները անընդունելի են համարում «հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում» կլիշեն, ինչը հանդիպել է 14 անգամ: Հաջորդ անընդունելի կլիշեներն են, ըստ ադրբեջանցիների՝ «ադրբեջանական վանդալները/ բարբարոսները», «ազերիները», «ադրբեջանական խաժամուժը», որոնցից յուրաքանչյուրն օգտագործվել է 3 անգամ:

Ըստ ադրբեջանցիների, անընդունելի է նաեւ ադրբեջանական տեղանունների հայացումը. Լաչինի փոխարեն՝ Քաշաթաղ, Քելբաջարի փոխարեն՝ Քարվաճառ եւ այլն: Սակայն պետք է նկատել, որ այս պարագայում հայերի մոտ չկա ընդհանուր քաղաքականություն, քանի որ մեր մամուլում երկու ձեւերն էլ կիրառվում են:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել