Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՆԴԵՆԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոս 18,2005 00:00

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը, որն այսօր այցելելու է Երեւան, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա սահմանադրական հանրաքվեն Հայաստանում «բացառիկ կարեւորություն» ունի ԵԽԽՎ-ի համար:

Հարավային Կովկասի երկրներ կատարելիք իր այցի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում ԵԽԽՎ նախագահը նշել է, որ նոյեմբերին կայանալիք հանրաքվեն «իսկական փորձաքար կլինի երկրի դեմոկրատացման հարցում ցուցաբերվելիք հետեւողականության հարցում»:

«Հայաստանի իշխանությունները պետք է ցույց տան, որ երկիրը Եվրախորհրդի լիարժեք անդամ է,- ասաց Ռենե վան դեր Լինդենը:- Նրանք պետք է ցույց տան միջազգային հանրությանն ու ԵԽ-ին, որ իրենք ի վիճակի են ընդունել եւ կյանքի կոչել ազատ եւ արդար հանրաքվե իրականացնելու գաղափարը: Սա Հայաստանի ու ԵԽԽՎ-ի միջեւ ընթացող քննարկումների առանցքային տարրերից մեկն է, եւ ես հույս ունեմ, որ մենք կունենանք արդյունք, որը համահունչ կլինի Եվրախորհրդի պահանջներին»:

Ռենե վան դեր Լինդենի խոսքերով, իր այցի նպատակներից մեկը ընդդիմադիր կուսակցությունների հետ քննարկումներ անցկացնելն է: «Ինձ համար շատ կարեւոր է լսել բոլորի փաստարկները՝ ե՛ւ կառավարության, ե՛ւ թե ընդդիմության: Մենք իսկապես մեծ կարեւորություն ենք տալիս ազատ եւ արդար ընտրություններին, ընտրական օրենսդրության եւ Սահմանադրության կատարմանը: Իմ կարծիքով, իսկապես շատ կարեւոր է, որ իմ այցի ընթացքում լինեն բաց եւ անկեղծ, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ կոշտ քննարկումներ»,- նշեց ԵԽԽՎ նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ո՞րն է այն կոնկրետ ասելիքը, որ ինքը պատրաստվում է հաղորդել Հայաստանի իշխանություններին եւ քաղաքական վերնախավին, ԵԽԽՎ նախագահը պատասխանեց. «Ղարաբաղի խնդիրը պետք է խաղաղ կարգավորում ունենա, Հայաստանում ապագայում պետք է այլեւս լինեն միայն ազատ եւ արդար ընտրություններ, երկրում պետք է լինի լավ կազմակերպված ընդդիմություն, եւ վերջապես՝ անհրաժեշտ է, որ Եվրախորհրդի բոլոր առաջարկներն ու պահանջները ընդունվեն ու կատարվեն»:

«Այդպիսով, Հայաստանը ցույց կտա միջազգային հանրությանը, որ պատկանում է ժամանակակից Եվրոպային»,- ասաց Ռենե վան դեր Լինդենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել