Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվել է կոալիցիոն Սահմանադրության «հայրը»

Օգոստոս 18,2005 00:00

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի բացահայտումները

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց, որ ժամանակին (երբ կոմկուսը խորհրդարանական կուսակցություն էր- Ն. Գ.) իրենք մշակել էին Սահմանադրության մի տարբերակ, որն «այդպես էլ ի հայտ չեկավ, մնաց ԱԺ գզրոցներում»: Այդ Սահմանադրության հեղինակը «լավագույն մասնագետներից մեկը՝ Ֆրունզե Խառատյանն էր»,- ասում է ընկեր Թովմասյանը եւ հավելում. «Այս նոր՝ կոալիցիոն տարբերակում թե ինչպիսի՜ գրագողությամբ զբաղվեցին՝ դրույթ առ դրույթ կարող ենք ասել: Զանազան մարդիկ դա իրենց են վերագրում, ասում են, որ իրենք են գրել, բայց մեզ հայտնի է, թե այդ տարբերակի որ հատվածներն ինչպես են գրվել»: Կոմկուսի կենտկոմը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերջնական կարծիք նույնպես կարտահայտի օգոստոսի 29-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստից հետո: Սակայն ընկեր Թովմասյանն իր կարծիքն ունի. «Հարկավոր է ժողովրդին ներկայացնել այդ նախագիծը եւ նրա կարծիքն իմանալ: Երկրի իշխանությունները այդ բարեփոխումներին մի տեսակ շիլ հայացքով են նայում՝ մի աչքը դեպի Վենետիկն է, մյուսը՝ հանրապետությունը: Դա երբեք չի բերի նորմալ Սահմանադրության ստեղծման: Եթե սահմանադրական բարեփոխումները դրվեն հանրաքվեի՝ հանրապետությունում կստեղծվի մի բուռն իրավիճակ, որը կարող է նաեւ անկառավարելի դառնալ: Բնակարաններից սկսած մինչեւ երկրի գլխավոր օրենքը եվրոռեմոնտ են անում, բայց եթե ռեմոնտը բռակ դուրս եկավ, ուրեմն հեղինակները՝ սկսած հանրապետության նախագահից, պետք է հետեւեն Եվրոպայի Սահմանադրության հեղինակների օրինակին, որոնք հեռացան իշխանությունից»:

Ինչեւէ, Կոմկուսն այս առիթը չի օգտագործի` մի հեղափոխություն էլ իր կողմից անելու համար. «Մենք միշտ եղել ենք սթափ, հավասարակշռված, երբեք ապրիորի հայտարարություններ չենք արել՝ լոկ նրա համար, որ ընդդիմություն կամ արմատական ընդդիմություն երեւանք: Հանրապետության համակարգի ամենաընդդիմադիրը եղել եւ մնում է ՀԿԿ-ն: Անկախ հայտարարություններից՝ այլ արմատական մոտեցում ինձ հայտնի չէ: Կուսակցության՝ ոչ այնքան բարենպաստ պայմաններում տեղի ունեցած 36-րդ համագումարից հետո մենք ունենք մեր ծրագիրը: Վերջերս տեղի է ունեցել նաեւ ՀԿԿ կենտկոմի պլենումը, այժմ մեր առաջնային խնդիրները կուսակցական կարգապահության եւ կազմակերպությունների ուժեղացման հարցերն են: Սեզոնային ընդդիմություն խաղալու կարիք մենք չունենք: Մենք հստակ պատկերացնում ենք մեր անելիքները, եւ դա՝ մարզային մեր հանդիպումների հետ միասին, կբերի նպատակներին, որոնք դրել ենք մեր առջեւ: Կոմկուսը չի գնա մի հեղափոխության, որը չի փոխելու համակարգը: Ի՞նչ նշանակություն ունի այսօր հեղափոխությունը, որ ժողովրդից խլվածը չի վերադարձնելու»,- ասում է Ռ. Թովմասյանը: Բացի համակարգային փոփոխությունների հիմնական առիթներից՝ հերթական ընտրություններից, մեր զրուցակիցը չի բացառում Կոմկուսի արտահերթ ակտիվացում, քանի որ շրջաններում հանդիպումներից իր ստացած տպավորություններով՝ «մարդիկ կարոտով են հիշում սովետական տարիները եւ սպասում են դրանց վերադարձին»: Ընկեր Թովմասյանը հույս ունի, որ այդ կարոտն ու սպասումը մի օր ժողովրդին կբերեն այն գիտակցության, որ միահամուռ կկանգնեն ՀԿԿ-ի կողքին: «Կոմկուսի ձայնը հնչելու է միայնակ, շիտակ ու մաքուր եւ պաշտպանություն է գտնելու ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից»,- լավատեսորեն հայտարարում է նա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել