Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ԵՎ՝ ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑԻ

Օգոստոս 18,2005 00:00

Երեւանի 3 համայնքներից մեկն էլ, ուր սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու թաղապետի ընտրություններ, Էրեբունին է: Ի տարբերություն Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների՝ Էրեբունիի գործող թաղապետ Մհեր Սեդրակյանն արդեն երրորդ անգամ միակ առաջադրվող թեկնածուն է:

– Պարոն Սեդրակյան, դեռ մեկ տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում էիք հայտարարել, որ առաջիկա ընտրություններում մրցակից թեկնածու չեք ունենալու: Ինչո՞ւ էիք այդքան վստահ եւ ինչո՞ւ հիմա մրցակից չունեք:

– Իմ՝ հակառակորդ չունենալը, կարծում եմ, պայմանավորված է իմ աշխատանքով եւ Էրեբունի համայնքի ազգաբնակչության հետ նորմալ հարաբերություններով: Եթե իմ ղեկավարած համայնքի բնակիչը որեւէ հարցով դիմել է ինձ, աշխատել եմ դրանց գոնե 70 տոկոսը բավարարել՝ իմ հնարավորությունների սահմանում ու, բնականաբար, վստահ եմ, որ իմ թիկունքին ժողովուրդ կա, եւ որ նման պարագայում որեւէ մեկը չի էլ փորձի ինձ հետ մրցակցության մեջ մտնել: Դա ուղղակի անհեթեթություն կլինի: Միակ թեկնածու լինելու «գաղտնիքը» սա է, նաեւ այն, որ համայնքում աշխատանքներ կատարվում են, իհարկե, այնքան, որքան թույլ է տալիս համայնքի սուղ բյուջեն:

– Այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ առաջադրման պահին այլ թեկնածու էլ հայտնվի, ասենք՝ ժողովրդավարության ձեւական կողմը պահելու համար:

– Չեմ կարծում, որ թեկուզ ձեւի համար որեւէ մեկը պատրաստ լինի առաջադրվել: Դա առնվազն տխմար մարդ պետք է լինի: Բայց անգամ միակ թեկնածուն լինելու դեպքում ժողովուրդը չպետք է խուսափի ընտրությունների գնալուց: Կոչ եմ անում իմ համայնքի ընտրողներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ընդհանրապես՝ սովորել ակտիվ մասնակցել բոլոր մակարդակների ընտրությունների: Ուզում եմ նաեւ շեշտել, որ մեր համայնքում 46 ընտրատեղամաս կա, եւ ընտրվելուց հետո ես նայելու եմ, թե որ տեղամասն է ավելի ակտիվ եղել, ու համայնքում կատարվելիք աշխատանքները սկսելու եմ այն թաղամասերից, որոնց ընտրատեղամասերում ընտրողներն ամենաակտիվն են եղել: Իսկ ամենապասիվ ընտրատեղամասի հերթը կարող է հասնել երեք տարի հետո: Դրա համար ես կոչ եմ անում եւ խնդրում եմ ընտրողներին ակտիվ լինել՝ կլինի դա թաղապետի, թե խորհրդարանական, նախագահական ընտրություններ: Դրանով նրանք կհարգեն նախ՝ իրենք իրենց, հետո՝ մեզ: Թե չէ, նստել-սպասելով գործն առաջ չի գնա:

– Դուք ժամանակին լքեցիք ՀՀԿ-ն: Ինչպիսի՞ն են այսօր ձեր հարաբերությունները այդ եւ գործող մյուս կուսակցությունների հետ: Հայտնի է, որ կուսակցությունները որոշակի ազդեցություն ունեն ընտրությունների ընթացքի եւ անգամ արդյունքի վրա:

– Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են: Ես երեւի կուսակցական չպետք է լինեի եւ իմ սխալն էր, որ ժամանակին անդամակցեցի ՀՀԿ-ին: Ընդհանրապես, կուսակցական պատկանելությունը կաշկանդող է: Իսկ նորմալ մարդու հետ ես ազատորեն կարող եմ ընկերություն անել, համագործակցել՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Ես լավ ընկերներ ունեմ եւ ՀՀԿ-ում, եւ ՀՅԴ-ում եւ ՕԵԿ-ում:

– Առաջիկայում քարոզարշավ է սկսվելու, թեեւ ձեր պարագայում՝ որպես միակ թեկնածուի, դա երեւի հարաբերական է ասված: Այդուհանդերձ, կա՞ն նոր ծրագրեր, նախագծեր, որոնք հրամցնելու եք համայնքի ընտրողներին:

– Ես գործող թաղապետ եմ եւ առանձնապես քարոզարշավ անելու կարիք չունեմ: Ես կարող եմ շփվել ցանկացած օր, թաղամասի ցանկացած բնակչի հետ: Ձեւական բաներ չեմ անի, որովհետեւ ինձ մարդիկ արդեն ճանաչում են: Եթե ես պետք է գնամ ու իմ գովքն անեմ, որ ինձ նորից հավանեն… Ես հարսնատեսի չեմ գնալու։

– Օրերս մամուլում հրապարակում եղավ, ուր ձեզ քննադատեցին մասնավորապես համայնքի աղբահանության վատ կազմակերպման մեջ:

– Աղբահանության խնդիրը բոլոր համայնքներն էլ ունեն, առավել եւս՝ ամռանը: Բայց աղբահանության խնդիրը պայմանավորված է համայնքի միջոցների սղությամբ եւ ոչ միայն դրանով: Փողոցում առկա աղբի կուտակման պատճառներից մեկն էլ այն է, որ ամբողջ քաղաքի աղբատար մեքենաները Սովետաշենի աղբանոց հասնելու համար անցնում են մեր համայնքի տարածքով ու առանց ծածկի երթեւեկելու արդյունքում ամբողջ աղբը շաղ են տալիս փողոցով մեկ: Ես մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել եմ քաղաքապետարանում: Քաղաքապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին, նաեւ՝ ոստիկանությանը, որ առանց ծածկի աղբատար ավտոմեքենա դուրս չբերվի, կամ դրանք կանգնեցվեն, բայց, ցավոք, մեր գործընկերների վրա ազդել չենք կարողանում: Մյուս կողմից, առանց արդարանալու եւ առանց նեղացնելու մեր ժողովրդին ուզում եմ ասել, որ բնակիչներն էլ սովորել են իրենց տան աղբը նետել փողոցի ցանկացած վայրում, եւ այդ դեպքում անգամ օրը երկու անգամ աղբը տանելը չի օգնում: Ես ուղղակի խնդրում եմ ժողովրդին ավելի ուշադիր եւ հոգատար լինել մեր համայնքի նկատմամբ: Վստահ եմ, որ մեր համայնքում առանձնապես մեծ հիմնախնդիրներ չկան եւ ժողովուրդն էլ շատ մեծ դժգոհություն պետք է որ չունենա, որովհետեւ հնարավորության սահմաններում համայնքի համար արվում է առավելագույնը: Մեր համայնքում տեղական տուրքերը հավաքվում են որոշ ոլորտներում գրեթե 100 տոկոսով, բայց դրանք բավարար չեն բոլոր խնդիրները լուծելու համար: Իսկ ընդհանուր առմամբ, իմ գործունեությունը գերազանց չէ, բայց գնահատում եմ «լավ»:

– Վերջին շաբաթների ընթացքում համայնքապետերը մի քանի անգամ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, առիթ են ունեցել քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը: Այդ փոփոխությունների նախագծում ՏԻՄ-ին առնչվող ավելի քան տասնյակ հոդվածներ կան, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետի ընտրության, նաեւ՝ նախագծի ընդունումից հետո թաղապետարանների լուծարման վերաբերյալ: Ո՞րն է ձեր դիրքորոշումն այդ հարցերի առնչությամբ:

– Ես կողմ եմ, որ Երեւանի քաղաքապետն ուղղակիորեն ընտրվի երեւանցիների կողմից եւ գտնում եմ, որ ավագանիների կողմից ընտրվելը ճիշտ չէ: Քաղաքապետ պետք է ընտրվի այն մարդը, ով վայելում է Երեւանի ազգաբնակչության վստահությունն ու աջակցությունը: Բայց եթե անգամ ավագանին պետք է ընտրի քաղաքապետին, ապա կարծում եմ՝ այդ դեպքում համայնքների ղեկավարները պետք է լինեն ավագանու անդամներ: Ինչ վերաբերում է համայնքների ընտրովի կառույցների լուծարմանը, ապա, իմ կարծիքով, ժողովրդի կողմից ընտրված թաղապետն, իհարկե, ավելի մեծ պատասխանատվություն է կրում, իսկ նշանակման դեպքում կախվածություն կառաջանա նշանակողից: Ցանկալի է, որ համայնքի ազգաբնակչությունն ընտրեր իր թաղապետին եւ հենց նրանից էլ պահանջեր:

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել