ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Առավոտին» տված հարցազրույցում ասաց, որ ինքը գոհ է իր դաշնակցական նախարարների աշխատանքից. «Եթե մենք իրենց աշխատանքից գոհ չլինենք, իրենք այդ պաշտոնում չեն աշխատի»,- ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:
Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչները սովորաբար հայտարարում են, թե այդ նախագիծը կոալիցիայինն է, եւ հեղինակն ու պատասխանատուն կոալիցիան է: Սակայն սա խիստ անորոշ պատասխան է. ի վերջո, երբ հարկ կլինի վատ կատարված փոփոխությունների համար ինչ-որ մեկին կամ մի քանիսին պատասխանատվության ենթարկել, կոալիցիա ասվածը շատ ընդհանուր հասկացություն կլինի: Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ Դաշնակցության մասով սահմանադրական փոփոխությունների պատասխանատուն ովքե՞ր են եւ ումի՞ց է պետք պահանջել նորմալ Սահմանադրություն: Հրանտ Մարգարյանն ասաց, որ Դաշնակցությունից սահմանադրական փոփոխություններով զբաղվում են Արմեն Ռուստամյանը եւ Ոստանիկ Մարուխյանը։ Իսկ գո՞հ է կուսակցության ղեկավարը նրանց սահմանադրական աշխատանքից, ի վերջո, կոալիցիայի երկնած Սահմանադրությունը բավարարո՞ւմ է Դաշնակցությանը եւ արդյոք այդ փաթեթը չի՞ հակասում Դաշնակցության
սահմանադրական պատկերացումներին. «Այո, հետեւում եմ, գոհ եմ, իսկ այդ նախագիծը հիմնականում համընկնում է մեր՝ դեռ նախընտրական ծրագրում արտահայտած հիմնական սկզբունքներին»:
Մենք չէինք կարող նաեւ չհարցնել՝ ինչպե՞ս է վերաբերվում Հրանտ Մարգարյանը Սահմանադրության մեջ ամրագրվող այն սկզբունքին, ըստ որի` ՀՀ նախագահը անձեռնմխելի է լինելու նաեւ պաշտոնավարումից հետո: Պարոն Մարգարյանն ասաց, որ այդ կետը պարզապես անհրաժեշտություն է, «որովհետեւ ցանկացած նախագահ պետք է չունենա այն մտավախությունը, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո կարող է հալածանքի ենթարկվել»:
Որպես երբեմնի ընդդիմություն՝ ի՞նչ կարծիքի է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը այսօր Հայաստանում գործող ընդդիմության մասին: Պարոն Մարգարյանն ասաց, որ ընդդիմությունը պարզապես անհրաժեշտություն է. «Բայց դա պետք է լինի գաղափարական անհրաժեշտություն, նույնիսկ եթե չլինի, պետք է ստեղծել, ես այդպես եմ հավատացած, սակայն կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է կարողանա գիտակցել ազգային այն շահերը, որոնց շուրջ բոլորը՝ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը միշտ պետք է լինեն միասնական, մասնավորապես դա վերաբերում է արտաքին ճակատի ազգային խնդիրներին»: Իսկ «արտաքին ճակատի» խնդիրների մասով Դաշնակցությունը ունի հետեւյալ տեսակետը. «Մենք վերջապես ստեղծված ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար եւ պարտավոր ենք մեր խնդիրը դարձնել հայկական իրականության մեջ առկա բոլոր հարցերը. դա առաջին հերթին եւ հիմնականում Հայաստանի պետականությունն է, որի կայացումը եւ անվտանգությունը բարձր է ամեն ինչից եւ ապա՝ մեր ժողովրդի համար զարգացման եւ բարգավաճման իրական կայունություն ստեղծելու հարցը: Մենք պարտավոր ենք զբաղվել Ղարաբաղով, պարտավոր ենք զբաղվել Ջավախքով, պարտավոր ենք զբաղվել նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ծվարած հայ ժողովրդի բեկորներով, պարտավոր ենք զբաղվել Սփյուռքով, պարտավոր ենք զբաղվել Արեւմտահայաստանի մեջ ապրող հայ ժողովրդով»:
ՀՅԴ-ն այն քիչ կուսակցություններից է, որը «Կուսակցությունների մասին» օրենքում վերջին փոփոխություններից հետո արդարադատության նախարարությունում վերագրանցվելով՝ չէր հրապարակել իր կուսակցության անդամների թիվը: Մենք հետաքրքրվեցինք Հրանտ Մարգարյանից, թե, ի վերջո, քանի՞ անդամ ունի Դաշնակցությունը Հայաստանում: Պարզվեց՝ «մոտ 7-8 հազար»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ