Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՊԱՐՈՂԻՆ ՓՈՂԸ ՉԻ՞ ԽԱՆԳԱՐԻ

Օգոստոս 17,2005 00:00

ԼԱՎ ՊԱՐՈՂԻՆ ՓՈՂԸ ՉԻ՞ ԽԱՆԳԱՐԻ Ուսումը Երեւանի պարարվեստի ուսումնարանում դառնում է վճարովի «Առավոտին» դիմած Երեւանի պետական պարարվեստի ուսումնարանի այս տարվա 8-րդ ավարտական դասարանի դասական բալետի բաժնի սովորողների ծնողները անհանգստացած են իրենց երեխաների ճակատագրով։ Նրանք հավաստիացնում են, որ այս տարի պետպատվերով տեղեր դասական բալետի բաժնում գրեթե չկան, այն դեպքում, երբ 80 տարին բոլորած ուսումնարանը նույնիսկ շուկայական հարաբերությունների անցած հետխորհրդային երկրում 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընտրված երեխաները անվճար շարունակել են սովորել ուսումնարանում։ Ծնողները անհանգստացած են, որ վճարովիի անցնելու հանգամանքը կարող է շատ շնորհալիների պարզապես դուրս թողնել ուսումնարանից։ Այդուհանդերձ, մեզ դիմած ծնողների խոսքերով՝ սա միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ իսկապես մտահոգված են մասնագետ պատրաստելու, հայկական բալետային արվեստը բարձր պահելու մասին: «Ոչ մի ծնող չի կարող ասել, որ իր երեխայի փոխադրական քննությունների կամ ուսումնարան ընդունվելու համար դեր են խաղացել մեզանում հայտնի ու տարածված մեթոդները՝ կաշառք, ծանոթություն եւ այլն»,- նշեցին աշակերտների ծնողները։ Ուսումնառության տարիներին դասական բալետի բաժնում սովորողները «բալետային աքսեսուարների» հարցը լուծում են իրենք, ավելի ճիշտ՝ իրենց ծնողները։ Բերենք միայն մեկ օրինակ՝ Երեւանում գործող «Գրիշկո» մասնագիտացված խանութում պուանտները (բալետի կոշիկ) արժեն 20 դոլար։ Սովորողին մեկ զույգ պուանտը բավականացնում է մեկ ամսից ոչ ավելի։ Էլ չխոսենք այլ անհրաժեշտ իրերի մասին։ Ծնողների դժգոհությունը փոխանցեցինք ուսումնարանի ղեկավարությանը։ Տնօրեն Վիլեն Գալստյանը հավաստիացրեց, որ ուսումնարանը միակ կրթօջախն է հանրապետությունում, որ պատրաստում է բալետի արտիստներ. «Բնականաբար, դասական բալետը կարեւորագույնն է մյուս բաժիններից եւ մեր լավագույն մասնագետների ուժերը կենտրոնացված են հենց այդ բաժնին։ Ասեմ նաեւ, որ իսկապես ընդունակ երեխաներ են մեզ հարկավոր»։ Պրն Գալստյանը խնդրեց «Առավոտի» միջոցով հանգստացնել ծնողներին, նշելով, որ որեւէ շնորհալի սան, բացառվում է, որ չընդունվի ուսումնարան։ Փոխտնօրեն Հասմիկ Մարկոսյանը հաստատելով տնօրենի խոսքը, ավելացրեց. «Մեզ մոտ անցած տարիներին էլ իջեցվել է 15 պետպատվերի տեղ, բայց քանի որ հիմա ունենք նոր մասնագիտացումներ՝ երաժշտական թատրոնի պարող եւ մանկավարժ, մեր երեխաների ծնողները կարծում են, որ նոր մասնագիտացումները կազդեն դասական բալետի պետպատվերի տեղերի վրա։ Այս տարի ունեցել ենք դասական բալետի գծով 17 շրջանավարտ, եւ ընդամենը 3՝ երաժշտական թատրոնի պարող։ Տեղեկացնեմ, որ ուսումնարանում նոր մասնագիտացված կուրսերը հավաքվելու են երեք տարին մեկ։ Այս տարի առաջին կուրս կընդունվեն միայն երաժշտական թատրոնի պարողները։ Շրջանառվող լուրերը, թե վճարովի համակարգում ուսման վարձը կազմում է 350 դոլար, ապատեղեկատվություն է: Ուսման վարձն իրականում 140 հազար դրամ է»։ Տիկին Մարկոսյանը իրենց հաստատությունը անվանելով «արդարության օջախ», նշեց, որ այստեղ աշխատում են ուսուցիչներ, որոնք ունեն մասնագիտական խիղճ։ Մեր խնդրանքով նա հայտնեց ընդունող հանձնաժողովի նախագահի եւ անդամների անունները՝ նախագահն է Հովհաննես Դիվանյանը, փոխնախագահը՝ Վ. Գալստյանը, անդամները՝ Ա. Մարիկյանը, Ա. Պետրոսյանը եւ հավաքող կուրսի ապագա ուսուցիչներ Գ. Խունյանը եւ Մ. Դիվանյանը։ Ըստ ուսումնարանի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանի. «Օգոստոսի 20-ին ուսումնարան ընդունվողները մեր սաներն են։ Բնականաբար, մենք անգիր գիտենք՝ ով ով է։ Ով ով է՝ գիտեն եւ իրենք՝ շրջանավարտներն ու իրենց ծնողները։ Բացառվում է, որ շնորհալի երեխան ընդգրկվի վճարովի համակարգում, իսկ նրանց հաշվելու համար մեկ ձեռքի մատներն էլ բավական են»։ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանը խոստացավ վերը շարադրվածի առիթով ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել առաջիկայում։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել