Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՓՈՔՐ ՀՂԻ ԼԻՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ

Օգոստոս 17,2005 00:00

ՄԻ ՓՈՔՐ ՀՂԻ ԼԻՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ Գինեկոլոգիան եւ այդ ոլորտի մասին մարդկանց պատկերացումները Հայաստանի հեռավոր գյուղերում դեռեւս 19-րդ դարի մակարդակին են: Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում կանանցից մեկն իր անցանկալի հղիությունը փորձել է կանխել մետաղյա շյուղով: Փորձն անհաջող է անցել, եւ երեխան ծնվել է, սակայն շյուղից վնասված աչքով: Մեկ ուրիշը եւս, չկարողանալով ընդհատել ոչ ցանկալի հղիությունը, երեխա էր ունեցել, սակայն գտել է նրանից ազատվելու մեկ այլ միջոց. երեխային չի կերակրել, եւ նա քաղցից մահացել է: Այս եւ նման այլ դեպքեր բուժմատյաններում գրանցված չեն: Սակայն տեղաբնակները գիտեն նման սահմռկեցնող այլ պատմություններ եւս, որոնք թե8217 Գեղարքունիքի մարզի եւ թե8217 Հայաստանի այլ հեռավոր գյուղերի համար, կարելի է ասել, սովորական բան են: «Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի առաջնային բուժօգնության մատչելիության բարելավման ծրագրի բժիշկ Տիգրան Վարդերեսյանը վերոնշյալ դեպքերի մասին լսել է Ծովակի գյուղացիներից: Ըստ բժշկի՝ «Գեղարքունիքի մարզի գյուղերի ժողովուրդը մի քանի տարի է՝ բժշկի երես չի տեսել: Կանայք, կարելի է ասել՝ 100 տոկոսով, ծննդաբերում են տանը, մանկաբարձի օգնությամբ»: Այստեղից էլ, «Բժիշկներ՝ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Վարդենիսի շրջանում մանկական մահացության տոկոսն ամենաբարձրն է: Դրան գումարած՝ քանի որ ընտանիքի անդամներից բացի ոչ ոք չի ֆիքսում, հետեւաբար շատ-շատերը միայն դպրոց ընդունվելիս են ծննդյան վկայական ստանում: Ըստ Տիգրան Վարդերեսյանի՝ հեռավոր գյուղերում եւ, մասնավորապես, Ծովակում, կանայք շատ տարօրինակ պատկերացում ունեն մայրական կաթի նշանակության եւ բաղադրության մասին: «Հատկապես սկեսուրները եւ ծննդկանի մերձավոր ազգականները պարզապես համոզված են, որ մայրական կաթի յուղայնությունն ու սննդարարությունը զգալիորեն զիջում են կովի կաթին: Եվ այս՝ մեղմ ասած, խիստ վիճարկելի համոզմունքի պատճառով երեխաների զարգացումն ու աճը բավական տուժում են»: Ծովակում եւ հարակից գյուղերում թե8217 կանայք, թե8217 տղամարդիկ ընդհանրապես տեղյակ չեն, որ ցանկության դեպքում կարելի է նաեւ չհղիանալ: Որ կարելի է պահել կենսաբանական ինչ-ինչ ռիթմեր, օգտագործել պահպանակներ եւ, առհասարակ, միմյանց հանդեպ ավելի բանական մոտեցում ցուցաբերել: Հղիության արհեստական ընդհատումը հեռավոր գյուղերում կանանց առողջությանը սպառնացող ամենառեալ վտանգն է: «Եվ ցավալին այն է, որ գիտելիքների պակասով աչքի են ընկնում նաեւ բժիշկ-մանկաբարձները: Օրինակ՝ դեպքեր ունենք, երբ գինեկոլոգներն աբորտ են անում եւ նույն օրը սպիրալ են դնում: Խեղճ կանայք տառապում են ցավերից ու արյունահոսությունից: Էլ չեմ խոսում, թե բժիշկների նման գործողությունները հղի են կնոջ առողջության հետ կապված լուրջ բարդություններով»: «Մաքենիս գյուղում,-պատմում էր բժիշկը,- մի երիտասարդ կին էր ծննդաբերել եւ տառապում էր մաստիտից: Ահավոր ծանր վիճակում էր. ջերմություն ուներ, ցավից գալարվում էր, սակայն ընտանիքի մյուս անդամների մտքով էլ չէր անցնում, որ նման դեպքերում (եւ առհասարակ) կարելի է դիմել բժշկի: Եվ տնեցիներից ոչ մեկը հիվանդի վիճակով առանձնապես մտահոգված չէր՝ փիլիսոփայորեն կարծելով, որ կամ էս կողմ կլինի, կամ էն կողմ, իրե՞նք ինչ կարող են անել»: Հետաքրքիր է, որ Հայաստանի մարզերի հեռավոր գյուղերում մարդկանց անտեղյակությունն ու գիտելիքների պակասը հուզում է միայն արտասահմանյան կազմակերպություններին, որոնք էլ միջոցներ ու մասնագետներ են տրամադրում գյուղերին՝ լուծելու գյուղացիների տարրական առողջապահական խնդիրները: Եթե առողջապահության նախարարության ինչ-ինչ մասնագետներ զբաղվում էլ են նման խնդիրներով, ապա ընդամենը օտարերկրյա կազմակերպությունների ծրագրերի մեջ ընդգրկվելով: Ծրագրերն էլ ընդմիշտ չեն՝ չորս-հինգ տարով: Իսկ դրանից հետո ամբուլատորիաները փակվում են, ավելի՛ն՝ թալանվում: Այդպես է պատահել Միջազգային Կարմիր խաչի ֆինանսավորած ամբուլատորիայի հետ: Թեեւ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը վստահեցրեց, որ հեռավոր շրջանների առողջապահական խնդիրները նախարարության հոգածության օրակարգում են եւ որ մոտ 200 մասնագետներ են ուղարկվել՝ վերապատրաստելու հանրապետության մարզերի բժիշկներին, ուղեցույցներ ու գրքույկներ են բաժանել գյուղացիներին, իսկ Կրթության զարգացման ակադեմիայի փոխտնօրեն Աննա Ենգիբարյանը պատմում էր, թե ինչպես են ԱՄՆ զարգացման գործակալության տրամադրած ֆինանսական աջակցությամբ Հայաստանի համարյա բոլոր մարզերում իրականացնում «Նախածնության եւ նորածնության խնամքի դասընթացներ» ծրագիրը, միեւնույն է, հեռավոր գյուղի կանայք կարծում են, որ անցանկալի հղիությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն էլ որովայնին եռացրած ջրով կաթսա դնելն է: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել