Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագիր փոխելը գլխացավանք է

Օգոստոս 17,2005 00:00

Անձնագիր փոխելը գլխացավանք է Անձնագրային բաժինների հետ գործ ունենալը ամուր նյարդեր է պահանջում «Անձնագրիս 10 տարվա ժամկետը լրացել է այս տարի հունիսի 14-ին: Ամսի 21-ին ժամկետը 5 տարով երկարացնելու համար դիմելով Մալաթիա-Սեբաստիայի համապատասխան անձնագային բաժին՝ օրեր անց նորացված անձնագիր վերցնելու փոխարեն ինձնից գանձել են 500 դրամ՝ անձնագիրը դիտավորությամբ փչացնելու համար»,- այս բողոքով Սեբաստիայի փողոցի 16 շենքի բնակիչ Մարտունիկ Ղահրամանյանը դիմել էր «Առավոտի» խմբագրություն: Իհարկե, ՀՀ վարչական օրենսգրքի 196 հոդվածի համաձայն, «Անձնագիրը դիտավորությամբ փչացնելու կամ այն անփութորեն կորցնելու համար» իսկապես նախատեսված է պատիժ, բայց այն ընդամենը 100 դրամ է, ինչը նշված է նաեւ Մալաթիայի ոստիկանության բաժնի վարչա-տուգանային հանձնաժողովի համապատասխան որոշման մեջ: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, քաղաքացուց անձնագրային բաժնում գանձել են 500 դրամ: Մ. Ղահրամանյանի բողոքն այս դեպքում ոչ միայն ավելորդ 400 դրամ վճարելու մասին է, այլ՝ որ իր նկատմամբ պատիժը կիրառել են անհիմն: Նախ, գումարը գանձվել է անձնագրի նկարի թուլացման համար, մի բան, որ, ըստ բողոքողի, սոսնձի անորակության պատճառով կարող էր լինել: Բացի այդ, անձնագրի տիրոջը տուգանել են այն ժամանակ, երբ անձագիրը կորցրել էր իր իրավական հիմքը, այսինքն՝ ժամկետն անց է եղել: Մ. Ղահրամանյանն «Առավոտին» ուղղված իր նամակում նաեւ նշել էր, որ անձնագրային բաժիններում չկան համապատասխան ցուցափեղկեր, թե քաղաքացին որ դեպքում ինչքան մուծումներ պիտի անի, ուստի վճարի չափը տեղում որոշում է անձնագրավարուհին: Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիների կողմից բողոքներ են հնչում անձնագրային բաժնում առաջացած այս կամ այն խնդրի վերաբերյալ: Հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի անձնագրային բաժնում փաստաթղթի հետ ծագած ամենափոքր խնդիրը վերածվում է մեծ քաշքշուկի՝ սկսած ամենօրյա հերթերից մինչեւ անհասկանալի հետաձգումները: Նախ, անձնագրային բաժին ասվածը Հարավ-արեւմտյան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի կիսաքանդ մի բնակարան է, ավելի ճիշտ՝ բնակարանի բաղնիքի եւ զուգարանի տարածքը, որը փոքրիկ խուց է հիշեցնում: Այնտեղ աշխատում է 2 անձնագրավարուհի եւ սպասարկում են բազմաբնակարան շենքերով 4-5 թաղամասեր: Անձնագրավարուհիներից մեկը «չեղածի հաշիվ» է, քանի որ կա՛մ արձակուրդում է, կա՛մ էլ «պերերիվի մեջ»: Բացի այդ, սենյակներում տիրող փնթիության ու խառնաշփոթի մեջ շատ հաճախ քաղաքացիների անձագիրը, լուսանկարը կամ այլ փաստաթուղթ կորչում է եւ գտնվում միայն այն ժամանակ, երբ արդեն անվավեր է: Հերթում կանգնած մի կին պատմեց, որ ինքն արդեն 3 ամիս՝ գնում-գալիս է. տղան բանակի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ ունի ու կանգնել է փաստի առջեւ, քանի որ անձնագրավարուհի Բելլա Միրզոյանը կորցրել է իրեն հանձնած անձնագիրը: Եվ հետո, անձնագրային բաժնում հերթ կանգնելը այնքան էլ հեշտ գործ չէ, պահանջվում են ամուր նյարդեր ու ամուր ոտքեր, որովհետեւ նեղ ու մութ միջանցքում կարող ես գտնել ամեն ինչ, բացի աթոռից: Ներս մտնելուն պես դուրս «թռած» ձթոտ մանրահատակներն ու բետոնի մնացորդներն ընկնում են ոտքերիդ տակ, իսկ միջանցքի այն հատվածում, որտեղ տրամաբանորեն պետք է լինեին աթոռներ, դրված է մի մեծ երկաթե պահարան, մի «խուրձ» ժանգոտած խողովակ, հին ու կեղտոտ «ժեշտի» լվացարան եւ այլն: Իսկ առանձնահատուկ ամուր նյարդերի անհրաժեշտությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հերթից առաջ ընկնելու համար քաղաքացիները մեջ են գցում ծանոթներ: Նման դեպքերում, երբ քաղաքացիներից ոչ մեկը չի ուզում տիկին Բելլայի ծանոթին զիջել իր հերթը, խնդիրները լուծվում են անձնագրավարուհու սենյակի պատուհանից: Նշենք, որ նման իրավիճակ տիրում է ոչ միայն Մալաթիա-Սեբաստիայի, այլեւ մյուս համայնքների անձնագրային բաժիններում: ԷԼԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել