Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է ԶԼՄ-ների տարեկան զեկույցը

Օգոստոս 17,2005 00:00

Հրապարակվել է ԶԼՄ-ների տարեկան զեկույցը Ըստ այդմ, Վրաստանում լրագրողների ինքնագրաքննությունն աճել է Վերջերս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Ուսումնասիրությունների եւ փոխանակման միջազգային խորհուրդը հրապարակել է Արեւելյան Եվրոպայում եւ Եվրասիայում ԶԼՄ-ների մոնիտորինգի 4-րդ տարեկան զեկույցը, ուր մանրամասնորեն վերլուծված են 2001-2004թթ. ընթացքում Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի 20 երկրներում ԶԼՄ-ների որակն ու քանակը: Զեկույցում մասնավորապես ասված է, որ «արեւելաեվրոպական երկրների մեծ մասում ԶԼՄ-ների ոլորտում առաջընթաց է նկատվում, այն դեպքում, երբ Եվրասիայի երկրների մեծ մասում դրանք մնացել են իրենց նախկին մակարդակի վրա կամ անգամ ետընթաց են ապրում»: Գնահատումը կատարվել է՝ նկատի ունենալով մի քանի հիմնական սկզբունքներ՝ խոսքի ազատություն, ԶԼՄ-ների բազմակարծություն, քաղաքացիներին հասանելիության մակարդակ, պրոֆեսիոնալ լրագրողներին առաջադրված չափանիշներ, ԶԼՄ-ների՝ որպես բիզնեսի կայունություն եւ այդ ինստիտուտի արդյունավետություն, որոնք նրանց անկախության երաշխիք են հանդիսանում: Զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում, ցավոք, ոչ մի նշում չկա Հայաստանում ԶԼՄ-ների վիճակի մասին: Փոխարենն անդրադարձ կա «Վարդերի» եւ «Նարնջագույն» հեղափոխություններ իրականացրած Վրաստանին եւ Ուկրաինային, մասամբ նաեւ՝ Ադրբեջանին: Մասնավորապես Վրաստանում ԶԼՄ-ների վիճակին անդրադառնալով՝ զեկույցում շեշտված է, թե վերջերս Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունը» հանգեցրել է «ԶԼՄ-ների վիճակի բարելավման», հատկապես՝ աղբյուրների հասանելիության եւ գովազդային շուկայի ձեւավորման իմաստով: Այդուհանդերձ, զեկույցում Վրաստանի մասով երեք ընդգծված բացասական երեւույթներ են առանձնացված, որոնք վերաբերում են օրենսդրության կիրառման անբավարարությանը, որն էլ իր հերթին շաղկապված է խոսքի ազատության պաշտպանության ու ԶԼՄ-ների անկողմնակալ եւ թափանցիկ կառավարման հետ: «Վրացական ԶԼՄ-ները իրենց վարկանիշը բարձրացրեցին բոլոր ասպեկտներում՝ բացառությամբ ԶԼՄ-ների պաշտպանության ինստիտուտի ձեւավորման: Ընդունվեց համապատասխան օրենսդրություն, որը երաշխավորում էր խոսքի ազատությունը, նոր հարկային օրենսգիրք ընդունվեց, որը տպագիր ԶԼՄ-ներին գործնականում ազատում էր հարկերից, իջավ լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների մակարդակը եւ քաղաքացիների ավելի մեծ հատված հնարավորություն ստացավ տեղեկություններ ստանալ ԶԼՄ-ներից, աճեցին արտասահմանյան ուղղակի ներդրումները ԶԼՄ-ների ոլորտում, որոնք գլխավորապես կատարվում էին առանց քաղաքական միջամտության»,- ասված է զեկույցում, ուր ընդգծված է նաեւ, որ Վրաստանում դեռեւս բավականին բարձր է լրագրողների ինքնագրաքննության մակարդակը: Անդրադառնալով Արեւելյան Եվրոպայում եւ Եվրասիայում ԶԼՄ-ների բազմակարծության խնդրին՝ զեկույցում ասված է, որ մասնավորապես Կովկասում տեղեկատվությունը նախկինի պես այնքան էլ հասանելի չէ այդ երկրների հեռավոր բնակավայրերում, ինչը լուրջ հիմնախնդիր է եւ դժվար թե այն հնարավոր լինի հաղթահարել մոտակա ապագայում: Ինչ վերաբերում է մասնավորապես ադրբեջանական ԶԼՄ-ներին, ապա՝ զեկույցի համաձայն, թեեւ այդ երկրում համապատասխան օրենսդրությունը չորս բալանոց համակարգի դեպքում կարելի է գնահատել 3,5 բալ, սակայն դրա կիրառումը հավասար է զրոյի: Պատրաստեց՝ Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել