Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺՈՒՄ ԵՆ «ԱՊԱԶԳԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ»

Օգոստոս 17,2005 00:00

ՊԱՏԺՈՒՄ ԵՆ «ԱՊԱԶԳԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ» Ըստ Արտակ Զեյնալյանի, շարունակում են խանգարել «Հանրապետության» գործունեությանը Այս տարվա օգոստոսի 2-ին մեր թերթն անդրադարձել էր «Հանրապետություն» կուսակցության եւ ԱՄՆ «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» համատեղ դասընթացներին ԱԱԾ աշխատակիցների միջամտության եւ կոշտ վերաբերմունքի մասին: «Դռնեդուռ» ծրագրի իրականացման ընթացքում, որը տեղի էր ունենում Արմավիր քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում, ԱԱԾ աշխատակիցները պարտադրել էին ընդհատել դասընթացները, ԱՄՆ ներկայացուցիչների միջամտությունից հետո մի փոքր հանդարտվել էին, սակայն նրանց հեռանալուց հետո ավելի կոշտ ձեւերով խոչընդոտել էին ծրագրի իրականացմանը: Այս մասին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը համապատասխան գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն օրենքով սահմանված ժամկետն այլեւս սպառված է, եւ դատախազությունից չկա գրեթե ոչ մի արձագանք: Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ, ՀՀ դատախազությունը ընդամենը նամակ է ուղարկել կուսակցության կողմից գլխավոր դատախազություն ուղարկված հայտարարության մեջ արտացոլված երկու դեպքերի՝ Տափերականի եւ Արմավիրի դեպքերի կապակցությամբ. «Գլխավոր դատախազությունը մեր գրած հայտարարությունը պատճենահանել եւ ուղարկել է համապատասխանաբար Արարատի եւ Արմավիրի դատախազություններ: Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս տասնօրյա ժամկետում նյութեր կազմել եւ որոշում կայացնել. իհարկե, ինձ հանդիպած դեպքերում դեռ չի եղել, որ տասնօրյա ժամկետը պահպանվի»: Արմավիրի թիվ 4 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու իշխանությունների կողմից իրականացվող փորձերը գնահատեց որպես «քաղաքական հետապնդման բաղկացուցիչ, կարծում եմ, հասարակությունը, մամուլը, իրավապաշտպան կազմակերպությունները, միջազգային կառույցները համապատասխան վերաբերմունք կդրսեւորեն այս փաստի առնչությամբ: Մարդը, որ իրավունքի, օրենքի սահմաններում դպրոցի տարածքի մի մասը տրամադրել է դասընթացներ կազմակերպելուն, հիմա ենթարկվում է հետապնդման»: Արտակ Զեյնալյանին հիշեցրինք, որ Արմավիրում կատարվածի մասին «Հանրապետություն» կուսակցության տարածած տեղեկությունը ԱԱԾ մամուլի հարցերով պատասխանատուների կողմից հերքվեց. եւ մեզ ասացին, թե նման բան Արմավիրում տեղի չի ունեցել, եւ ասվածը հերյուրանք է: Այս կապակցությամբ պարոն Զեյնալյանը նկատեց. «Մեր տեղեկությունը մենք պնդում ենք, դա իրոք տեղի է ունեցել, եւ ասում ենք նաեւ, որ իրենք կազմակերպել են, եւ հասկանալի է, որ չեն կարող խոստովանել, թե նման բան է տեղի ունեցել: Ավելացնեմ, որ բոլոր այն վայրերում, որտեղ մենք դասընթացներ ենք իրականացրել, ԱԱԾ աշխատակիցները միջամտել են, այդ միջամտությունը ապօրինի է, նման միջամտություն օրենքով նախատեսված չէ. վայրեր կան, որտեղ ԱԱԾ աշխատակիցը արձակուրդից ետ է կանչվել՝ տվյալ դասընթացին ներկա գտնվելու եւ համապատասխան միջամտություն կատարելու նպատակով»: Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր վայրերում է դա տեղի ունեցել: Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ՝ «նման բան տեղի է ունեցել Վարդենիսում, բացի դրանից, մեր կուսակցության ցանկացած գործունեություն իրականացնելիս հանդիպում ենք այդ ծառայության անհարկի միջամտությանը: Վերջերս մեր կուսակցության ընդլայնված նիստի անցկացման վայրի մասին մենք դիտավորյալ նախապես չէինք հայտնել, քանի որ մինչ այդ արդեն պայմանավորված վայրում հնարավոր չեղավ հանդիպումը կազմակերպել: Խանգարել էին նույն անվտանգության ծառայության աշխատակիցները: Մենք փորձում ենք մեր գործունեությունը ծավալել Սահմանադրությամբ երաշխավորված ազատ գործունեության շրջանակներում, սակայն մեզ տարածքներ չեն տրամադրում: Փոխարենը՝ իշխանական «բազեների» ոչ մի միջոցառման համար օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու փորձ անգամ չի արվել, նրանք գործել են անարգել: Մասնավորապես, ուզում եմ շեշտել, որ Երեւանում ապրիլի 23-ի ջահերով երթի, ինչպես նաեւ Գյումրիում եւ Վանաձորում միջոցառումների համար չի ստացվել համապատասխան թույլտվություն: Այս մոտեցումը ես համարում եմ ընտրողական մոտեցում «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ»: Ըստ մեր զրուցակցի, իշխանությունները փորձում են ազդել նաեւ կուսակցության տարածքային կառույցների վրա. «Ամեն շրջանում զգում ենք այդ մարմինների միջամտությունը»: Որպես ասվածի ապացույց, Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից երեքն այսօր շարունակվում են հետապնդվել, մեկը՝ Ռոմիկ Մխիթարյանը, ազատազրկման մեջ է, իսկ Արամազդ Զաքարյանը եւ Հովիկ Ահարոնյանը հետապնդման պատճառով չեն կարողանում մասնակցել կուսակցության քաղխորհրդի նիստերին: Արտակ Զեյնալյանի կարծիքով, այս պայմաններում հնարավոր չէ խոսել ազատ եւ արդար ընտրությունների կամ հանրաքվեի մասին. «Բացառվում է, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել ազատ ընտրություններ կամ սահմանադրական արդար հանրաքվե, բացառվում է»: «Հանրապետություն» կուսակցությունը այս ամենը հաշվի առնելով՝ «շարունակելու է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին եւ հնարավոր բոլոր միջոցները օգտագործել՝ համաժողովրդական ուժերով իշխանություններին «ոչ» ասելու համար»,- ասաց պարոն Զեյնալյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել