Օգոստոսի 24-ին Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի «Էնտերտեյմենտ ցենտր» մարզասրահում կայանալու է պրոֆեսիոնալ բռնցամարտի մի հետաքրքիր շոու, որի գլխավոր իրադարձությունը լինելու է մինչեւ 50,802 կգ քաշային կարգում IBF-ի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մենամարտը կոլումբիացի Ջաիր Խիմենեսի հետ:
Բռնցքամարտի հայ սիրահարներին հիշեցնենք, որ վանաձորցի Վիկը (նրան այսպես են կոչում Ավստրալիայում) պրոֆեսիոնալ ռինգում կարիերան սկսել է 2000 թվականին՝ Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերից հետո: Այդ ընթացքում նա անցկացրել է 23 մենամարտ ու բոլորում էլ հաղթել է: Ընդ որում, Վախթանգը 18 անգամ նոկաուտի է ենթարկել մրցակիցներին եւ ոչ մի անգամ չի պարտվել:
Ըստ արտասահմանյան ինտերնետային մարզական կայքերի տարածած վերջին տեղեկատվությունների, այդ օրը կարող է ռինգ մտնել նաեւ ներկայումս նույնպես Ավստրալիայում բնակվող սանկտպետերբուրգցի մեր հայրենակից Վիկտոր Օգանովը: Նրա մենամարտը նշանակված էր ավելի վաղ, սակայն հավանական մրցակիցների դրամական խոշոր պահանջների պատճառով այն հետաձգվել է: Օգանովն իր պրոֆեսիոնալի կարիերան սկսել է դեռ 1998 թվականին եւ Ավստրալիայի պրոֆեսիոնալ ռինգերում հանդես եկել 2003/2004 թվականներին: Նա անցկացրել է 22 մենամարտ ու բոլորն էլ եզրափակել ժամկետից շուտ:
Օգոստոսի 24-ին պրոֆեսիոնալ մենամարտ էր նշանակված նաեւ Նովոսիբիրսկում: Այդ օրը վարկանիշային միջազգային 10 ռաունդանոց մենամարտ պետք է անցկացներ Ռուսաստանը ներկայացնող IBF եւ WBC վարկածներով միջմայրցամաքային նախկին չեմպիոն Սերգեյ Թադեւոսյանը: Սակայն նա մարզման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել ու շարքից դուրս եկել առնվազն երկու ամսով: Այնպես որ, նրա մենամարտը հետաձգվել է:
Մագնիտոգորսկում մեկնարկել է բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունը, որի մասնակիցների մեջ քիչ չեն հայազգի կաշվե ձեռնոցի վարպետները: Մասնավորապես, 54 եւ 60 կիլոգրամ քաշային կարգերում հանդես են գալիս Կրասնոդարի մարզը ներկայացնող Արթուր եւ Էդուարդ Համբարձումյանները, իսկ 69 կգ քաշային կարգում Մոսկվայից հայտավորվել են Դավիթ Առուստամյանը եւ Արմեն Հովսեփյանը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ