Հովհ. Հովհաննիսյանը Ադրբեջանի խորհրդարանական եւ Հայաստանի ՏԻՄ ընտրությունների մասին
Օրերս Ադրբեջանի ԿԸՀ քարտուղար Վիդադի Մահմուդլուն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են մասնակցել նոյեմբերին կայանալիք ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին: Նա նշել էր, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն ձեւավորել է «Խանքենդիի թիվ 122 ընտրատարածք, որտեղ կարող են քվեարկել բոլոր ղարաբաղցիները»: Ըստ նրա, ԼՂՀ բնակիչների համար կստեղծվի նաեւ էլեկտրոնային փոստով քվեարկելու հնարավորություն: Բացի այդ՝ «Ղարաբաղի հայերը նույնպես կարող են ընտրվել Ադրբեջանի խորհրդարանում»,- հավաստիացրել է Վ. Մահմուդլուն: Ադրբեջանական իշխանությունների՝ «բարի կամքի» այս դրսեւորումը երեկ «Առավոտի» հետ զրույցում Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց. «Բաքուն փորձում է աշխարհին ցույց տալ, որ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններն իրենք փորձելու են անցկացնել ժողովրդավարական հիմքերով: Բնականաբար, իրենք էլ են հասկանում, որ Ադրբեջանի խորհրդարանում այսօր չի կարող հայ պատգամավոր լինել, որ Ղարաբաղը չի գնա այդ ընտրություններին, որ այդ ընտրատարածքը ընդամենը վիրտուալ բնույթ կունենա, բայց նման որոշումը բավականին հաճելի տեղեկատվություն է եվրոպական կառույցների համար»: Ըստ այդմ, պարոն Հովհաննիսյանը համոզված է, որ այն իր արձագանքը կգտնի տարբեր փաստաթղթերում՝ իբրեւ ադրբեջանական իշխանությունների կամ ժողովրդի կողմից մեծ քայլ՝ դեպի ժողովրդավարություն, ղարաբաղյան խնդրի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում: «Այլ՝ ավելի լուրջ հատիկ այն իր մեջ չի պարունակում»,- ասում է մեր զրուցակիցը:
Նկատենք, որ ոչ Ղարաբաղի, ոչ Հայաստանի իշխանությունները, երեկվա դրությամբ, որեւէ կերպ չէին արձագանքել պաշտոնական Բաքվի այս որոշմանը: Պատճառը, հավանաբար, արձակուրդային շրջանն է:
Պարոն Հովհաննիսյանի տպավորությամբ, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք 2003-ից առայսօր այդպես էլ չհասկացան, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար նորմալ ընտրություններ են պետք, որ՝ «խուժան խորհրդարան հավաքելով երկիրը ուղղակի քանդում են», ադրբեջանցիներն այդ հասկացել են եւ նոյեմբերի 6-ին փորձելու են չկրկնել մեր սխալները: Սահուն անցում կատարելով Հայաստանում աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Հովհաննես Հովհաննիսյանն այստեղ ամեն ինչ պարզ է համարում այն օրից՝ «երբ վարչապետի տղան «առանց ալտերնատիվ» սկզբունքով դարձավ Ավանի թաղապետ: Նույն տրամաբանությունը շարունակվում է»: Նախկին իշխանավորը համոզված է, որ Հայաստանի տարածքում ՏԻՄ ընտրությունները վերածվելու են ֆարսի. «Ում կռիշան ավելի հզոր է, ով, որտեղից եւ ինչ աջակցություն կունենա, ում պապան է ավելի լավը եւ ում քսակն է ավելի հաստ, կոալիցիոն որ ուժն ինչ ազդեցություն ունի՝ սա է ՏԻՄ ընտրությունների ողջ տրամաբանությունը: Հայաստանը մտնում է մի փակուղի, որից իշխանությունները դուրս գալու ելք չեն ունենա, իրենք իրենց ետեւից եւ առջեւից փակում են բոլոր դռները, այրում են բոլոր կամուրջները»: Ուստի պարոն Հովհաննիսյանն ընդդիմությանը եւ հասարակությանն առաջարկում է բոյկոտել այդ ընտրությունները. «Եթե պիտի հավաքվենք ու կռիվ տանք՝ ուրեմն հավաքվենք կռիվ տանք կամ աշխարհին ասենք, որ այս երկրում շարունակվում են գործընթացները, որոնք կոչվում են ժողովրդավարության սպանդ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ