Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են տալիս ընտրությունները տնային տնտեսուհիներին

Օգոստոս 16,2005 00:00

Ի՞նչ են տալիս ընտրությունները տնային տնտեսուհիներին Հարցը կարելի է քննարկել մի քանի տեսանկյունից. ա) սոցիալ-կենցաղային, բ) քաղաքական եւ գ) բարոյահոգեբանական։ Սկսենք առաջինից։ Մութ ու ցուրտ տարիներին ընտրությունները տնային տնտեսուհիների համար նավթաալյուրախառն տեսք ունեին («Ով շատ կաշառք կտա՝ նրան էլ ձայն կտամ» սկզբունքով)։ Լինում էր՝ օգտվում էինք երեք թեկնածուների կաշառքներից, այն էլ՝ երկու անգամ, եւ ոչ մեկին էլ ձայն չէինք տալիս։ Անցան այդ տարիները։ Այժմ նախընտրական կամպանիայից տնային տնտեսուհիներին հիմնականում մնում են թեկնածուների ժպտացող դիմանկարներով բուկլետները, դրանք էլ, ի վերջո, հայտնվում են վառարաններում կամ աղբարկղերում։ Գաղտնիք չէ, որ հայ տնային տնտեսուհիները շատ քաղաքականացված են։ Դա էլ իր բացատրությունն ունի։ Հենց միայն այն փաստը, որ մեր երկրում այդքան կուսակցություններ կան եւ այդքան ընտրաթեկնածուներ (խոսքը ընտրությունների բոլոր տեսակներին է վերաբերում), ոնց էլ լինի՝ գործում է խնամի-հարեւան-բարեկամ-ամուսին-ընկեր գործոնը։ Գոյություն ունեն շահագրգռված եւ ոչ շահագրգռված տնային տնտեսուհիներ։ Շահագրգռվածները թեկնածուների կանայք են, քույրերը, մայրերը, սիրուհիները եւ ընկերուհիները։ Նրանք բավական բուռն ժամանակաշրջան են ապրում, որը հիմնականում արտահայտվում է հեռախոսային գովաբանություններով եւ փնովումներով։ Ոչ շահագրգռված տնային տնտեսուհիները ինչ-որ տեղ նախանձով, ինչ-որ տեղ չարախնդությամբ հետեւում են ընտրություններին՝ սպասելով իրենց ժամին, որպեսզի կեղծ ժպիտով շնորհավորեն կամ էլ ցավակցեն այդ կանանց՝ ընտրությունների արդյունքներից հետո։ Քիչ ավելի բարդ է հարցի հոգեբարոյական կողմը։ Այս դեպքում ինչքան շատ են թեկնածուները, այնքան մեծանում է համեմատելու գործակիցը։ Առաջնային է դառնում շատ մարդկային եւ բնական համակրանքի գործոնը (սեւ, թախծոտ աչքեր, բարի, հոգատար ժպիտ)։ Բուկլետները շարիր իրար կողքի, մի լավ տնտղիր, քննիր, զննիր հարեւանուհուդ հետ, իմացիր նրա կարծիքը քո ընտրության մասին, թեպետ իմ խորհուրդն է՝ երբեք մի կասկածիր քո ներքին ձայնին եւ ուրիշի ազդեցության տակ մի ընկիր։ Դու էլ ես կին, նա էլ, գուցե նա էլ մեկ ուրիշին է հավանում կամ «շահագրգռված» կին է։ Մի խորհրդակցիր հատկապես տանդ տղամարդու հետ, եթե, իհարկե, դու «շահագրգռված» կին չես։ Հենց հայտնեցիր քո ընտրած թեկնածուի մասին, ամուսինդ անկախ իրենից՝ բնազդորեն, նրան պոտենցիալ հակառակորդ կընդունի եւ տանը անառողջ «քաղաքական» մթնոլորտ կստեղծվի։ Մեկի համար կասի. «Չես տեսնո՞ւմ, դեմքից երեւում է, որ մաֆիոզ ա», մյուսի, թե՝ «էս ազգին բարի եւ կիրթ մարդ պետք չի» կամ «թող դեռ խոսել սովորի» եւ այլն։ Հազար ու մի պատճառ կբերվի քեզ ապակողմնորոշելու համար։ Ավելի լավ է որոշումդ գաղտնի պահես եւ ոչ մեկին չտեղեկացնես։ Դա էլ կլինի քո նախընտրական գաղտնիքը եւ որոշ ժամանակ կլցնի շուրջդ ստեղծված կենցաղային, քաղաքական, բարոյահոգեբանական վակուումը։ Իսկ ընդհանրապես՝ ես այն կարծիքին եմ, որ ընտրությունները տնային տնտեսուհիներին ոչինչ էլ չեն տալիս։ ՎԱՐԴԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ, Տնային տնտեսուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել