Լրահոս
Օրվա լրահոսը

Մահապարտները գալիս են

Օգոստոս 16,2005 00:00

Մահապարտները գալիս են Հայաստանում, փաստորեն, տղամարդու պակաս չկա, եւ այդ տղամարդիկ գիտեն՝ ինչ անել, երբ անել, ումով անել: «Հայաստանում պետություն եւ պետականություն հասկացությունները անդամալուծված են: Անցումային շրջանի անվան տակ երկիրը թալանվում է: Գերիշխողը խմբակային շահերն են: Այս ամենին դիմակայելն արդեն կյանքով հատուցելն է»,- սրանք իրեն մահապարտ հայտարարած, նախկին զինծառայող Գեղարդ Դավթյանի խոսքերն են: Նա, ըստ իր ներկայացրածի, 1001-ից ավելի համախոհներով մտադիր է հիմնել մահապարտների միություն՝ «իշխանությունների բռնությունների, կամայականությունների, Սահմանադրությունը խախտողների, օրենքները ոտնահարողների, երկրի անվտանգությունը քայքայողների դեմ պատերազմելու» համար: Համոզված լինելով, որ միակ ելքն այլեւս սա է, եւ որ այն համաժողովրդական պահանջ է, մեր զրուցակիցը հայտարարում է. «Այն, ինչը չեն կարողանում անել իշխանություններն ու քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները՝ կանեն մահապարտները՝ ժողովրդի խորհուրդներով ու առաջարկություններով»: Մերօրյա մահապարտը վստահ է, որ այս ձեռնարկը ահաբեկչության նոր որակ չի ծնում. «Մենք առաջինը կպայքարենք ահաբեկչության դեմ: Պատժողը պետք է լինի օրենքը: Մեր նպատակն է՝ թեկուզ կյանքի գնով ապահովել օրենքի գերիշխանություն»: Նպատակի հասնելու ճանապարհը առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են, որոնք, ըստ մեր զրուցակցի, պետք է եզակի լինեն իրենց օրինականությամբ: Իսկ մինչ ընտրությունները, հիմնադրվելիք մահապարտների միության առաջնային խնդիրը դատաիրավական համակարգի դեմ պայքարն է լինելու: Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ չենք անդրադառնում մեր զրուցակցի վկայակոչած դեպքերին եւ չենք հրապարակում նրա թվարկած եւ նրա կարծիքով իրավախախտ դատավորների անունները: Բայց փաստը, որ հայրենի դատարանները «հանուն Հայաստանի Հանրապետության, իբր, պետական կարիքների, իրականում մի փողատիրոջ բիզնեսը ծաղկեցնելու համար տասնյակ ընտանիքների փողոց են շպրտում», մեր զրուցակցին ստիպում են գործի անցնել: Իսկ դրա մեխանիզմը հետեւյալն է՝ դատավճիռները ենթարկվելու են տասնյակ այլ դատավորների եւ դատապաշտպանների փորձաքննությանը: Եթե պարզվի, որ վճիռը չինովնիկի հրամանի կամ կաշառքի արդյունք է, մահապարտների խորհուրդը կհոգա, որ տվյալ դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցվի: «Դա մենք կապահովենք բազմաձեւ միջոցներով»,- սպառնում է մեր զրուցակիցը՝ առանց մանրամասների։ Պարոն Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ինքը կապ ունի՞ ղարաբաղյան պատերազմի մասնակից մահապարտների հետ: «Այն ժամանակ ես դիմել եմ Վազգեն Սարգսյանին եւ խնդրել, որ ինձ էլ վերցնեն: Ասաց՝ ավելի ջահելների ենք վերցնում, մի շտապի, քո հերթն էլ կհասնի: Ղարաբաղյան պատերազմն ավարտված չէ, բայց մեր ներքին թշնամին ավելի վտանգավոր է»,- ասում է Գ. Դավթյանը՝ հավատացած, որ իր ժամանակը եկել է: Իբրեւ եզրափակում. «Մահապարտների միությունը կհիմնադրվի, քանի որ հայ ազգի մեջ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չէ, Հայաստանում էլ տղամարդու պակաս չկա»,- համոզված է պարոն Դավթյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել