Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՆԱԼ ԵՎ ՈՉ ԱՍԵԼ»

Օգոստոս 16,2005 00:00

«ԳՆԱԼ ԵՎ ՈՉ ԱՍԵԼ» «Արդարությունը» դաշինքի մի շարք կուսակցություններ գտնում են, որ օգոստոսի 29-ին պետք է գնալ խորհրդարան եւ քննադատել իշխանություններին: Օգոստոսի 18-ին տեղի կունենա «Արդարություն» խմբակցության հերթական նիստը, որի ժամանակ, ըստ էության, կպարզվի՝ գնա՞լ, թե՞ չգնալ օգոստոսի 29-ի արտահերթին: Սովորաբար, դաշինք ասելով հիմնականում հասկացվում է ՀԺԿ եւ «Հանրապետություն», սակայն նույն այդ դաշինքի անդամ են այլ կուսակցություններ եւս, որոնց տեսակետը սահմանադրական փոփոխությունների մասով գրեթե չի ներկայացվել: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքը սահմանադրական փոփոխություններին դաշինքի մասնակցության վերաբերյալ հետեւյալն է. «Մեր վերջնական տեսակետը դաշինքային տեսակետ է լինելու, բայց իմ անձնական կարծիքը սա է՝ ժամանակին դաշինքը որոշ առաջարկություններ էր արել, եւ արդյունքում դրանց մի մասը տեղ է գտել փոփոխություններում, բայց ոչ թե դաշինքի ճնշման տակ, այլ քանի որ դրանք նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկներն էին: Կարծում եմ՝ ժամանակին այդ առաջարկները կամ պիտի չարվեին եւ շարունակվեր նույն գիծը, այսինքն՝ ոչ լեգիտիմ նախագահը իրավունք չունի Սահմանադրություն փոփոխել, կամ՝ քանի որ առաջարկություններն արդեն արված են, ուրեմն դաշինքը պիտի շարունակի մասնակցել քննարկումներին»: Դաշինքի անդամ մյուս կուսակցությունների տեսակետները առանձնապես իրարից չէին տարբերվում: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի դիրքորոշումը հետեւյալն է. «Մենք պետք է մինչեւ վերջ հասնենք մեր պահանջների կատարմանը, նկատի ունեմ ընտրությունների ժամանակ կեղծիքներ եւ ապօրինություններ կատարածներին պատասխանատվության ենթարկելը, իսկ սա այն է, ինչ պահանջում է նաեւ ԵԽ-ն իր համապատասխան բանաձեւում, նույնպիսի հետեւողականություն պետք է դրսեւորենք նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցում»: Փորձեցինք հստակեցնել՝ դեմոկրատական կուսակցությունը կո՞ղմ է, որ «Արդարություն» խմբակցությունը մասնակցի օգոստոսի 29-ի արտահերթին եւ իր տեսակետը հայտնի. «Մենք գտնում ենք, որ այդ օրը պետք է գնալ եւ ժողովրդին եւս մեկ անգամ ներկայացնել դաշինքի դիրքորոշումը: Եվ եթե մեր պահանջները չկատարվեն, ապա, իհարկե, մենք «Ոչ» ենք ասելու այդ սահմանադրական փոփոխություններին: Մեզ հարկավոր չեն այնպիսի բարեփոխումներ, որոնք ավելի են ամրացնելու այսօրվա օլիգարխիկ իշխանությունը»,- ասաց ՀԴԿ նախագահը: Նկատեցինք, որ արդեն փորձ կա՝ երբ ընդդիմության ներկայացուցիչներն են խոսում, ԱԺ խոսափողներն անջատվում են՝ այն պատճառաբանությամբ, թե տվյալ ելույթը օրվա թեմայով չէ, այդ դեպքում, եթե սա կրկնվի, ի՞նչ են անելու ընդդիմադիրները: Ըստ Արամ Սարգսյանի, իրենք այս քաղաքական պայքարում ամեն ինչ տեսել են. «Ամեն տեսակի բովով անցել ենք, դա եւս չի բացառվում, բայց, կարծում եմ, հնարավորություն կգտնենք մեր խոսքը մեր ժողովրդին հասցնելու»: Արամ Սարգսյանը իր մյուս գործընկերների պես կարծում է, որ. «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումը չի տարբերվում ամբողջ դաշինքի դիրքորոշումից, ընդամենը տակտիկական տարբերություններ կան: Մենք չենք պատրաստվում, գնալու դեպքում, գովերգել այդ սահմանադրական փոփոխությունները, ընդհակառակը»,- ասաց ՀԴԿ նախագահը: Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Մարտիրոսյանը գնահատելով դաշինքում առկա տրամադրությունները, նկատեց, որ ՀԺԿ-«Հանրապետություն» հարաբերությունները՝ իրականում այնքան լարված չեն, որքան փորձում են ներկայացնել «որոշ լրատվամիջոցներ»: Ըստ պարոն Մարտիրոսյանի. «Այսօր չգործող օրենքի համակարգ է, եւ հիմնական խնդիրը օկուպացված իշխանությունից ազատվելն է: Սահմանադրությունը երկրի զարգացման փիլիսոփայությունն է. նախ՝ մենք պետք է որոշենք այդ փիլիսոփայությունը, հետո նոր Սահմանադրություն գրենք: Սահմանադրությունը իրավական փաստաթուղթ չէ, ինչպես փորձում են մեզ ներկայացնել»: Արամ Մարտիրոսյանը եւս այն կարծիքին է, որ դաշինքի ներսում ՀԺԿ-«Հանրապետություն» հարաբերությունները նորմալ-գործընկերային հարաբերություններ են, սակայն նա իր հատուկ բացատրությունն ունի այս կապակցությամբ. «1999-ի հոկտեմբերի 27-ին երրորդ հանրապետությունը գնդակահարվեց, եւ մինչեւ այսօր մեր հանրապետությունը օդից կախված վիճակում է: Երրորդը գնդակահարվել է, իսկ չորրորդը դեռ չկա: Եվ ՀԺԿ-ն, եւ «Հանրապետությունը» ասում են, որ պետք է կառուցել չորրորդ հանրապետությունը, սակայն մեկն ասում է՝ դա պետք է անել հեղափոխական ճանապարհով, մյուսը՝ սահմանադրական կարգի հաստատմամբ: Սա է տարբերությունը, եւ դա չեմ համարում մեծ տարբերություն»: «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանի համար պարզ է, որ սահմանադրական քննարկումներին չմասնակցելն ավելի ճիշտ է. «Պետք չէ մասնակցել մինչեւ երկրորդ ընթերցման ավարտը, իսկ դրանից հետո հնարավոր է ստեղծվի մի նոր իրավիճակ, որը ենթակա կլինի նոր քննարկման»: Հրանտ Խաչատրյանը միաժամանակ ասաց, որ իր համար շատ ավելի կարեւոր է դաշինքի միասնական տեսակետը. «Ինձ համար դաշինքի միասնական տեսակետը շատ ավելի կարեւոր է, քան մարտավարական տարբերությունները, ես հակված եմ միանալ մեծամասնության կարծիքին, ինչպիսին էլ այն լինի»: Մեծամասնության կարծիքին միանալու մասին իրենց որոշումը չթաքցրին նաեւ մեր մյուս զրուցակիցները: ՍԻՄ նախագահի կարծիքով եւս ՀԺԿ-«Հանրապետություն» էական տարաձայնություններ չկան, դրանք լոկ մարտավարական են. «Այդ տարբերությունները հնարավոր է ի վերջո բերվեն ընդհանուր հայտարարի»,- կարծում է Հրանտ Խաչատրյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել