Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՄԱՆՈՒՄ ՀԱՇԻՎՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Օգոստոս 16,2005 00:00

Երեկ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգեոներական ֆուտբոլիստները դեռ շարունակում էին ժամանել Երեւան:

Երեկոյան նշանակված մարզումից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը հանդիպեց լրագրողների հետ: «Հորդանանի հավաքականի հետ այս ընկերական հանդիպումը նշանակվել է իմ՝ Հայաստան ժամանելուց առաջ,- ասաց նա,- եւ ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ ես այն դիտարկում եմ Հոլանդիայի եւ Չեխիայի հետ հանդիպումներին նախապատրաստվելու կարեւոր փուլ: Ես լավ գիտեմ Հոլանդիայի խաղային ձեռագիրը: Նրանք խաղում են երեք հարձակվողով, իսկ մենք մինչեւ հիմա նախընտրել ենք 3+5+2 մարտավարությունը: Հոլանդացիների հետ, կարծում եմ, հարկավոր է խաղալ չորս պաշտպանով: Դրա համար էլ հիմա ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի Հորդանանի հետ կայանալիք հանդիպմանը ներկա լինեն մեր հավաքականի բոլոր թեկնածուները, որոնց ես ուզում եմ դաշտում փորձարկել, տեսնել, թե իրենց ինչպես կդրսեւորեն նոր տակտիկայի պայմաններում: Ճիշտ է, կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքների պատճառով չեն կարող մասնակցել առաջիկա խաղին: Ինչ վերաբերում է հավաքականի հիմնական կազմի խաղացողներից Էդգար Մանուչարյանին, ես նախապես նրան հրավիրել էի, սակայն «Այաքս» ակումբի ղեկավարության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրուցելուց հետո նպատակահարմար գտա, որպեսզի Էդգարը մնա ու խաղա «Այաքսում»: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է:

Ինչ ստանձնել եմ Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը, մեր ընտրանու խաղային բոլոր օղակների համար հավասարաչափորեն համապատասխանող ֆուտբոլիստների ընտրության հնարավորություն ինձ չի ընձեռվում: Դա է ինձ մտահոգող գլխավոր խնդիրներից մեկը: Դրա համար էլ հիմա, ներքին առաջնության խաղերն ուշադիր դիտելուց հետո, հրավիրել եմ մի քանի նոր ֆուտբոլիստների:

Կրկնում եմ՝ Հորդանանի հետ ընկերական հանդիպումը ես դիտում եմ մեր կարեւորագույն երկու հանդիպումների նախապատրաստության կարեւորագույն բաղադրիչ: Ամմանում գրանցվելիք արդյունքին ես առաջնային նշանակություն չեմ տալիս, սակայն խաղալու ենք նաեւ հաղթանակի համար»:

Հոլանդացի մասնագետը, անդրադառնալով Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին, մասնավորապես՝ Ալբերտ Սարգսյանին, Սերգեյ Մովսիսյանին, Ռոման Բերեզովսկուն, Կարեն Դոխոյանին չհրավիրելուն վերաբերող հարցին, նշեց, որ ինքն արդեն առիթ ունեցել է հայտարարել, որ Ա. Սարգսյանին այլեւս հավաքական չի հրավիրելու, իսկ Ս. Մովսիսյանի ներկայիս մարզավիճակի մասին բավականաչափ տեղեկություն չունի, Բերեզովսկին վնասվածք ունի, բայց նրանց թիմի բժշկից ֆաքս է ստացվել, որում նշված է, թե նա մեկ շաբաթից շարք կվերադառնա: «Դոխոյանն էլ վերջին խաղին չի մասնակցել ոտքի վնասվածքի պատճառով: Սակայն նա հիմա եկել է Երեւան, թեեւ թիմում չէ: Վնասվածքի աստիճանի մասին կիմանամ նրա հետ զրուցելուց հետո»,- պատասխանեց Հենկ Վիսմանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել