Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթը հրավերի չի սպասում

Օգոստոս 16,2005 00:00

2006-ի հունվարին Եվրոպայում ճանաչված բալերոն Դավիթ Գալստյանը հանդես կգա հայրենիքում

Արտերկրում ապրող ու ստեղծագործող արվեստագետների օրինակով հայրենիքում իր ամառային արձակուրդն է անցկացնում Թուլուզի օպերայի եւ բալետի թատրոնի առաջնակարգ բալերոն Դավիթ Գալստյանը։

Բալերոնի համար նման վերելքի առիթ է ծառայել 1995 թվականը, երբ Լոզանի բալետային ակադեմիան Մոսկվայում միջազգային մրցույթի մասնակցելու նպատակով «հավաքագրում» էր ԽՍՀՄ երկրներից բալերոնների։ Նախկին 15 պետություններից 14-ամյա Դավիթը միակն էր, որ ստացավ Լոզանում անցկացվող բալետի երիտասարդ արտիստների միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր։ «Հասնելով կիսաեզրափակիչ փուլ՝ դուրս մնացի պայքարից։ Հասկանալի պատճառով։ Մեզ մոտ՝ Երեւանի պարարվեստի ուսումնարանում չկա ժամանակակից բալետի հատուկ դասընթաց, ինչից էլ ես կաղում էի»,- խոստովանեց բալերոնը։ «Առավոտի» տարակույսին՝ դուք այն եզակի բալերոնն եք, որի հայրը՝ Վիլեն Գալստյանը, մայրը՝ Նադեժդա Դավթյանը, հայ բալետային արվեստի երախտավորներ, կարող էին օգնել, թե՞ ուզում եք միանգամից «ձիու քայլ» անել։ Իբր ձեր ծնողները ուսման եւ այլնի հարցով չեն խառնվել։ Դ. Գալստյանը նշեց, որ երկար տարիներ իր՝ որպես բալերոն ձեւավորվելու ընթացքում ծնողներն աշխատել են Կորեայում. «Ես որպես արտիստ արդյունքն եմ իմ ուսուցչի՝ հանրապետության բարձրակարգ բալերոն, մասնագետ՝ բառի իսկական իմաստով, Հովհաննես Դիվանյանի։ 14 տարեկանը դեռ այն տարիքը չէր, որ ես ցուցադրեի հասուն բալերոնի պար, իսկ մրցույթում մասնակցում էին 18 եւ ավելի տարեկան կայացած բալերոններ»։

Զրույցից պարզեցինք, որ թեեւ հայ բալերոնը չէր հասել կիսաեզրափակիչ, նրան նկատել են Անգլիայի Թագավորական՝ «Գովեն Գարդեն» օպերայի ու բալետի թատրոնի աշխարհահռչակ բալետի արտիստներ Կառլոսա Կոստան, Ալեքսանդրա Ֆերին, Սիլվի Գիլեմը, որոնք հրավիրել են հայ բալերոնին թատրոնին կից դպրոցում ուսանելու։ 2003-ին ավարտելով դպրոցը, Դավիթը հրավիրվում է Թուլուզի թատրոն։ Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ չմնացիք «Գովեն Գարդենում», բալերոնը պատասխանեց. «Անգլիայի Թագավորական բալետում պարում են արդեն աշխարհահռչակ արտիստներ։ Նույնն է թե, ասենք՝ լավ ֆուտբոլիստը խաղա «Ռեալ Մադրիդում», թեեւ այնտեղ ոչ թե լավերը, այլ աշխարհահռչակներն են խաղում։ Ես դեռ 20 տարեկան եմ, չի բացառվում, որ Անգլիայի Թագավորական բալետում էլ կպարեմ»։

Դիտարկմանը՝ դժվար չէ կռահել արտերկրում հազարավոր դոլարների ու եվրոների հասնող աշխատավարձի ու հոնորարի գայթակղությունը ու, բնականաբար, քո մասնագիտությամբ բավարարված լինելու զգացողությունը, այնուամենայնիվ, մեր բեմում ե՞րբ կտեսնենք եվրոպաներում այսօր աշխատող ձեր, մեր հայրենակիցների բարձրարվեստ պարը։ Դ. Գալստյանը հակադարձեց. «Ասեմ, որ ես միշտ անբավարարված եմ ինձնից։ Բալետը սպորտի նման է, ու անհրաժեշտ է միշտ լինել լավ մարզավիճակում։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ընդամենը նկատեմ, որ, օրինակ՝ Թուլուզի թատրոնում մենապարողի աշխատավարձը սկսվում է 3000 դոլարից։ Խաղացանկում կա մոտ 20 բալետային ներկայացում, տարեկան ցուցադրվում է 120 ներկայացում, իսկ ես պլանավորել եմ 2006-ի հունվարին հանդես գալ Երեւանի օպերայի ու բալետի թատրոնում։ Միանգամից ասեմ, որ ինձ հատուկ հրավեր պետք չէ։ Սա իմ հայրենիքն է, Երեւանի թատրոնն էլ՝ իմ ցանկալի բեմը»։

Հարցապնդմանը՝ այլեւս գաղտնիք չէ, որ բալերոնների եւ այլ արվեստագետների այսօրվա՝ արտերկրում գտնվելը, ուղիղ ասած՝ բանակից խուսափելու պատրվակներից մեկն է։ «Թեեւ լրիվ համամիտ չեմ ձեր խոսքին, սակայն ասեմ, որ այսօր Եվրոպայի թատրոններում հայ բալետային դպրոցի ավանդույթները առաջինը մենք ենք ներկայացնում՝ սկսած 90-ականների կեսերից, բարձր պահելով հայ խորեոգրաֆիայի անունը։ Եվ մենք այսօր եվրոպաներում ենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարի իմացությամբ ու թույլտվությամբ։ Այլ բան է, որ հարցնեիք՝ երեւի թե ամեն տարի մի հնգյակի կամ գուցե քիչ բալերոնների «բանակային ճակատագիրը» վերանայելու մասին»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԲԱԼԵՏԱՍԵՐ says:

    բալերոն բառը սարքովի է, Ս. Դանիելյան

Պատասխանել